Կ. Բեքարյան. Ասոցացման համաձայնագրում չկա կյանքի ոլորտ, որին անդրադարձ չլինի

Ներկայացնում ենք «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանի` Panorama.am-ին տված ՀՀ-ԵՄ միջև կնքված ռեադմիսիային համաձայնագրի և մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության հերթական զեկույցի շուրջ հարցազրույցից հատված:

-Պարոն Բեքարյան, օրերս Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիր: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում և ո՞րն է այդ համաձայնագրի նշանակությունը Հայաստան-ԵՄ հարաբերություններում:

-Սպասվում է, որ մինչև Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովը Եվրամիության և Հայաստանի միջև կնախաստորագրվի Ասոցացման համաձայնագիր, ինչպես նաև՝ դրա մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր: Համաձայնագրի ստորագրման փուլերի մեջ նաև մտնում է վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի պայմանագրերը: Ինչո՞ւ են եվրոպական կողմի համար սրանք դրվում բալանսի մեջ: Կոպիտ ձևակերպմամբ՝ նպատակը կամ իմաստը հետևյալն է՝ եթե մենք գնում ենք մուտքի վիզայի ազատականացման, պետք է ունենանք մեր երաշխիքները, որպեսզի անլեգալ միգրացիայի խնդիրը միայն մեր ուսերին չմնա: Այսինքն՝ մոտեցումն այն է, որ ազատականացնում եմ, մյուս կողմից՝ աշխատում է ռեադմիսիայի պայմանագիրը, որտեղ անլեգալության խնդիրների հետ կապված քաղաքացիների մասով կա համաձայնությունների իրավապայմանագրային դաշտ: Վիզային ռեժիմի ազատականացումն ու ռեադմիսիայի համաձայնագիրը մենք պետք է դիտարկենք կապակցված զույգի մեջ՝ մի կողմում տեղի է ունենում հնարավորությունների բացում, մյուս կողմում՝ վերահսկողություն, իրավապայմանագրային դաշտի ամրագրում: Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրին, ապա այն մեր կյանքի բոլոր ոլորտներին անդրադառնում է: Դրանք այն չափանիշներն են, չափորոշիչները, այն ամենը, ինչ մենք դրական ենք տեսել Եվրամիությունում, որը իրականություն է դարձել իրենց մոտ մինչև վերջին ստորակետը կարգավորված նորմերի և դրանց կիրառման շնորհիվ: Այսինքն՝ մենք ստանում ենք գործիք, հնարավորություն փուլ առ փուլ դրանք ներմուծելու: Չկա կյանքի ոլորտ, որին անդրադարձ չլինի: Ասոցացման համաձայնագրով ինստիտուցիոնալ մեխանիզմներն ամրագրվում են, և դու, վերցնելով իրենց լավագույն փորձը, ստանում ես այդ ինստիտուտները ներմուծելու և աշխատացնելու հնարավորություն:

-Մի քանի օր առաջ հրապարակվել է նաև մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության հերթական զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանին: Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի վերաբերյալ զեկույցը:

-ԱՄՆ պետքարտուղարության զեկույցին պետք է վերաբերել որպես հետագա բարեփոխումների հուժկու ազդակի: Առավել քան վստահ եմ, որ մեզանում կգտնվեն մարդիկ, որ դա կհամարեն իրականությունը կամ բարեփոխումների ընթացքը լրիվ չարտացոլող զեկույց, կլինեն մարդիկ, որ կհամարեն դա շատ փափուկ զեկույց, թերությունները շատ քիչ մատնանշող, քան կարելի էր: Բայց իրականում զեկույցներն ունեն իրենց չափորոշիչները և զեկույցի հեղինակները փորձում են այդ չափորոշիչների ներքո լինել օբյեկտիվ: Պետքարտուղարության զեկույցը՝ արևմտյան միջազգային տարբեր զեկույցների համեմատությամբ, միշտ ու բոլորի, ոչ միայն Հայաստանի հանդեպ, առավել կոշտերից է, որը և՛ զգոնության, և՛ բարեփոխումների ընթացքի շարունակման բավականին հուժկու ազդակ է: Իրեն հենց այդպես էլ պետք է վերաբերվել: Այսինքն՝ ոչ թե մտնել բանավեճի մեջ, թե սա է ճիշտ կամ այն մեկը ոչ ճիշտ, այլ պետք է ընդամենը ֆիքսել այն, ինչը դրսի աչքերով տեսանելի է որպես հնարավոր զարգացման էլեմենտ, և այդ ուղղությամբ աշխատել, ինչպես և միշտ արվել է: Հիմա եթե փորձենք հայաստանյան տեսանկյունից դուրս գալ և համեմատության մեջ դիտել, մենք վաղուց ունենք շատ լավ համեմատության դաշտ՝ Արևելյան գործընկերության երկրները: Ադրբեջանն ու Բելառուսը, բնականաբար, չդիտարկենք: Նույն զեկույցը լույս է տեսել և՛ Մոլդովայի, և՛ Ուկրանիայի, և՛ Վրաստանի մասով: Եթե մենք համեմատության մեջ ենք դնում, մեզ համար շատ հստակ է դառնում, որ զեկույցում առկա բավական մեծ պարամետրերով այս չորս երկրները շատ մոտ դաշտում են գտնվում: Հետևաբար, այդ համեմատության հնարավորինս օբյեկտիվ դաշտում մենք չունենք որևէ իրավիճակ, որ ասենք, թե մնացած մեր գործընկերներից հետ ենք ընկել և այլն: Պետք է ուշադիր ուսումնասիրել և հետագա բարեփոխումների իրականացման առումով ինչ-որ բաներ վերցնել զինանոցում:

-Պետքարտուղարության զեկույցում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, ի տարբերություն նախորդ տարիների զեկույցների, որոշակի փոփոխություններ են գրանցվել: Մասնավորապես՝ «էթնիկ հայ անջատողականներ» բառակապակցության փոխարեն նշված է պարզապես «անջատողականներ», «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունից հանվել է Ադրբեջան բառը, և նշվում է, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդական ջանքերի առարկա», ինչը նախորդ զեկույցներում չի եղել: Ինչպե՞ս կմեկնաբանեք զեկույցում առկա այդ փոփոխությունները: Արդյո՞ք դրանք ԱՄՆ մոտեցման փոփոխություններ են ենթադրում:

-Պետք է աչքի առաջ ունենալ մի քանի գործոն: Առաջինն այն է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականությունը դարձել է բավականին հստակ: Փաստն այն է, որ այդ քաղաքականությունը հասկանալի է ու հետևողական: Սա պե՞տք է բերեր որոշակի հետևանքների: Իհարկե՝ այո: Երկրորդ էական գործոնը ընդհանրապես միջազգային քաղաքական ասպարեզում տիրող որոշակի փոփոխություններն են, նույն Եվրոպայի տարածքում ինքնորոշման իրավունքին առնչվող խնդիրները: Օրինակ, ականատես ենք լինում կոսովարների և սերբերի միջև ինչ-որ համաձայնությունների, ունենք Շոտլանդիայի սպասվող հանրաքվեի օրինակը, Իսպանիայի տարածքում բասկերի և Կատալոնիայի հետ կապված խնդիրները: Այսինքն՝ նկատելի է ինքնորոշման իրավունքի սկզբունքի նկատմամբ վերաբերմունքի որոշակի տրասնֆորմացիա, որն իր ազդեցությունը չի կարող չթողնել: Երրորդ էական գործոնը Ադրբեջանի պահվածքն ու վերաբերմունքն է: Նույն Սաֆարովի դեպքը, Ալիևյան կլանի ամենօրյա ռազմական հռետորաբանությունը, սպառնալիքներն ուղղակի չէին կարող իրենց անդրադարձը չունենալ և հետևանք չթողնել: Այսինքն՝ իրենց ընկալման մեջ աստիճանաբար ամրապնդվում է այն մոտեցումը, որ Ղարաբաղի հարցը զուտ տարածքը չէ, դա մարդիկ են՝ իրենց անվտանգության և կյանքի իրավունքով, որին մեծ հարված հասցրեց Ադրբեջանը Սաֆարովի ամբողջ էպոպեայով, բայց արդյունքում բերեց ճշմարտությունների ընկալմանը միջազգային հանրության, այդ թվում՝ Միացյալ Նահանգների մոտ: Այս երեք գործոններից յուրաքանչյուրն իր տակ բովանդակություն ունի: «Էթնիկ հայեր» արտահայտությունը դուրս է եկել և սա ունի իր ներքին բովանդակությունը, այսինքն՝ սա ոչ թե էթնոսի խնդիր է, այլ բնիկ իր տարածքում ապրող մարդու և քաղաքացու: Սա մեծ տարբերություն է: Երկրորդ կարևոր հանգամանքը նախորդ զեկույցներում նշվող «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ», չկա այդ Ադրբեջանը, իսկ սա ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ որոշման կարիք ունի, չի կարելի կանխորոշել կարգավիճակը, սա հստակ ֆիքսվում է: Եվ երրորդ հանգամանքը, որն ուժեղացնում է երկրորդ հանգամանքը, դա նախորդ տարիների զեկույցներում չնշված, բայց այս զեկույցում նշված, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի առարկա է: Տարբերությունը շոշափելի է: Առաջին հայացքից այդ տարբերությունը մեր երազածը չէ, իդեալականը չէ, այո, բայց իր նախորդների հետ համեմատության մեջ տարբերությունը հստակ է:

Աղբյուրը` Panorama.am