Ի՞նչ են կարծում հայաստանցիները ՀՀ-ԵՄ հարաբերությունների, տնտեսական վիճակի և շատ այլ հարցերի շուրջ

Հայերի մեծամասնությունը գտնում է, որ Եվրոպական Միությունը Հայաստանի համար կարևոր գործընկեր է, և ցանկություն է արտահայտել, որ այն ավելի մեծ դերակատարություն ունենա երկրի մի շարք ոլորտներում: Այս մասին են վկայում վերջերս հրապարակված ԵՄ կողմից ֆինանսավորվող Տարածաշրջանային տեղեկատվական ծրագրի շրջանակներում իրականացված ԵՄ Հարևանության քաղաքականության Աշուն 2012 բարոմետրի՝ Հայաստանում անցակցրած հարցման արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ԵՀՔԳ տեղեկատվական կենտրոնը:

Նշենք, որ ԵՄ կողմից ֆինանսավորվող Տարածաշրջանային տեղեկատվական ծրագրի շրջանակներում իրականացվող Եվրոպական հարևանության բարոմետրը ԵՄ գործընկեր 16 երկրներում և ԵՀՔ տարածաշրջանում ընդգրկված տարածքներում ու Ռուսաստանում հասարակական կարծիքի ուսումնասիրություն է իրականացնում երկու, այսպես կոչված, «էտալոնային բարոմետրերի» (գարնանը և աշնանը) և մեկ՝ ամենամյա «հատուկ բարոմետրի» միջոցով։ Հարցումը նպատակ է հետապնդում գնահատել Եվրամիության, Եվրոպական հարևանության քաղաքականության, ինչպես նաև իրականացվող միջոցառումների և համագործակցության ծրագրերի վերաբերյալ բնակչության տեղեկացվածությունը և ընկալումը։

Նշված հարցումն իրականացվել է 2012 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ 1,003 մարդկանց շրջանում: Նրանց 86 տոկոսը գտել է, որ ԵՄ-ն կարևոր գործընկեր է, 73 տոկոսը հավատացած է, որ ԵՄ-ն և Հայաստանը բավականաչափ ընդհանուր արժեքներ են կիսում, որպեսզի կարողանան համագործակցել ԵՀՔԳ Արևելյան շրջանում առկա համագործակցության միջինից շատ ավելի բարձր մակարդակով:

Հարցվածների 85 տոկոսը ցանկացել է, որ ԵՄ-ն ավելի մեծ ներգրավվածություն ունենա ՀՀ տնտեսական զարգացման գործում, առևտրային ոլորտի ներգրավվածությանը կողմ են արտահայտվել մարդկանց 87 տոկոսը, մարդու իրավունքների ոլորտում` 84 տոկոսը, ժողովրդավարության գործում` 74 տոկոսը, իսկ տարածաշրջանային համագործակցության գործում ԵՄ ներգրավվածությանը կողմ են արտահայտվել 78 տոկոսը:

Միջազգային և տեղական կառույցների հետ համեմատական պատկերը հետևյալն է. հարցվածների 63 տոկոսը ԵՄ-ին ՄԱԿ-ից ավելի քիչ է վստահել: 48 տոկոսը Եվրամիությանն ավելի մեծ վստահություն է հայտնել քան ՆԱՏՕ-ին, 52 տոկոսը այն ավելի վստհաելի է համարել երկրի կառավարությունից, 38 տոկոսը` խորհրդարանից, իսկ 37 տոկոսը` քաղաքական կուսակցություններից:

Այն, որ ԵՄ և Հայաստանի միջև առկա են լավ հարաբերություններ, նշել են հարցվածների 81 տոկոսը, իսկ 13 տոկոսը հակառակ կարծիքին են եղել:

Հարցման ենթարկված հայերն (67 տոկոսը) ընդհանուր առմամբ ավելի լավատեսական են տրամադրված եղել իրենց կյանքի նկատմամբ քան տարածաշրջանի այլ երկրների բնակիչները: Ընդ որում` լավատեսության տոկոսը բարձրացել է երիտասարդ և առավել կրթված մասնակիցների շրջանում:

Հատկանշական է, որ լավատեսության այլ պատկեր է ստացվել երկրի ընթացող ուղու հարցմանն ի պատասխան: Մարդկանց միայն 23 տոկոսն է համարել, որ Հայաստանը “ճիշտ ուղու վրա է”, հակառակ կարծիքի է եղել նրանց 61 տոկոսը: Տնտեսական վիճակի վատ լինելուն համաձայնվել են 72 տոկոսը, իսկ այն, որ այդ վիճակը կվատանա գալիք տարում համակարծիք են եղել 31 տոկոսը: Իսկ ժողովրդավարության իրականացմամբ գոհ հայերի թիվը կազմել է 38 տոկոս:

ԵՄ մասին տեղեկության մատչելի լինելու առումով 68 տոկոսը բավարարված պատասխան է տվել, մինչդեռ 60 տոկոսն է համաձայնվել, որ այն դյուրըմբռնելի է:

Նշենք, որ այս հարցման արդյուքների ամփոփիչ արձանագրությունները հրապարակվել են անցյալ ամիս լույս տեսած ԵՀՔ երկրների առաջընթացի մասին 2012 թվականի զեկույցին համահունչ:

Աղբյուրը` “Արմեդիա” ՏՎԳ