Մեծ Բրիտանիան հնարավոր է համարում Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին

Եվրամիության Արևելյան գործընկերության մաս կազմող հետխորհրդային վեց երկիրները, ներառյալ` Հայաստանը, պետք է ի վերջո դառնան Եվրամիության լիիրավ անդամներ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ապրիլի 26-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Քոլին Ռոբերթսը:

Տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում գտնվող Ռոբերթսը Բաքվից ու Թբիլիսիից հետո ապրիլի 25-ին է ժամանել Երևան ու այստեղ հանդիպումներ է ունենալու կառավարության, քաղաքական կուսակցությունների և գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ:

«Տեսականորեն և գործնականում որևէ սահմանափակում չկա Եվրամիության Արևելյան գործընկերության հետագա ընթացքի համար: Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի դիրքորոշմանը, ապա մենք միանգամայն ճիշտ ենք համարում, որ հետխորհրդային վեց երկրները վայելեն Եվրամության լիիրավ անդամ դառնալու հեռանկարը: Մենք կարծում ենք, որ Արևելյան գործընկերության երկրները պատկանում են եվրոպական մեծ ընտանիքին: Բայց այսօրվա վիճակից մինչև լիիրավ անդամություն երկար ճանապարհ կա անցնելու, որը կարելի է քայլ առ քայլ անցնել, և առաջին քայլերից մեկը հենց Ազատ առևտրի և Ասոցիացման մասին համաձայնագրերն են: Կարևոր է, որ և Եվրամիության անդամ երկրները, և Արևելյան գործընկերության մեջ ընդգրկված պետությունները, նաև` Հայաստանը, այդ ընթացքում իրենք որոշեն, թե որքա՞ն են ցանկանում այդ ուղղությամբ առաջ գնալ», – ասաց Ռոբերթսը:

Եվրամիությունում այս հարցի քննարկման ժամանակ մենք միշտ կողմ ենք արտահայտվում հարցի հենց այսպիսի դրվածքին, և մեր դիրքորոշումը քաջ հայտնի է, շեշտեց բրիտանացի դիվանագետը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ կարող է ասել այն կապակացությամբ, որ Ռուսաստանի կողմից հետխորհրդային երկրներին առաջարկվող Եվրասիական միությունը մի փորձ է վերստեղծելու խորհրդային կայսրությունը և ներկայումս հետխորհրդայաին երկրները, փաստորեն, կանգնած են երկընտրանքի առջև` եվրոպական ինտեգրացիա կամ Եվրասիական միություն, Ռոբերթսը պատասխանեց. – «Առաջին և ամենակարևոր ասելիքն այն է, որ յուրաքանչյուր ինքնիշխան երկիր ինքը պետք է որոշի, թե որ ուղղությամբ է տեսնում իր ապագան: Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան չեն ասում Հայաստանին կամ Արևելյան գործընկերության մաս կազմող հետխորհրդային որևէ այլ երկրի, թե դուք պետք է անդամակցեք Եվրամիությանը կամ այլ միության: Մենք ասում ենք հետևյալը` Եվրամիուրթյունն առաջարկում է մի գործընկերություն, որը խիստ արժեքավոր և շատ պիտանի կլինի, քանի որ եվրոպական համայնքները հզոր են տնտեսապես և շատ առաջարկելու բան ունեն, իսկ եթե այդպիսի ուղի ընտրվի, ապա անհրաժեշտ է իրականացնել նաև քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ: Բայց մենք նաև հասկանում ենք, որ Հայաստանը և այլ երկրներ խիստ կարևոր հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ»:

Ռոբերտթիս խոսքով` միանգամայն հնարավոր է, որ որևէ երկիր կամ երկրներ միաժամանակ զարգացնեն բազմակողմանի հարաբերություններ:

«Միակ տեխնիկական նրբությունն այստեղ կայանում է նրանում, որ հնարավոր չէ, որ մի երկիր մուտք գործի Եվրամիության խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ու միաժամանակ լիիրավ անդամ դառնա Եվրասիական միության առաջարկած Մաքսային միությանը. դրանք երկու` միանգամայն տարբեր կառույցներ են», – ասաց նա:

Խոսելով հայ-բրիտանական հարաբերությունների մասին` Միացյալ Թագավորության բարձրաստիճան դիվանագետը նշեց, թե Լոնդոնում մտադիր են ընդլայնել տնտեսական կապերը Երևանի հետ:

«Երևանյան հանդիպումների ժամանակ ես խրախուսում էի իմ զրուցակիցներին միասին աշխատել` հաղթահարելու բոլոր այն խոչընդոտները, որոնք առայժմ սահմանափակում են Մեծ Բրիտանիայի հետ Հայաստանի հարաբերությունները: Եվ այդ հարցերից են, օրինակ, օդային ուղևորափոխադրումների ազատականացումը, մաքսային համակարգի պարզեցումը և, ընդհանուր առմամբ, գործարար միջավայրի բարելավումը, որպեսզի գործարարները Մեծ Բրիտանիայից ու եվրոպական այլ երկրներից ավելի վստահ լինեն այստեղ գալու ու բիզնես սկսելու համար: Եվ պիտի ասեմ, որ իմ այս մտքերի արձագանքները այստեղ բավականին խրախուսական էին», – ասաց Ռոբերթսը:

Աղբյուրը՝ Azatutyun.am