Պարի’ր՝ մեկ ակնթարթում որսա’ կյանքի արժեքները

Այսօր պարի միջազգային օրն է: Ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերրի՝ այս տոնը նշվում է1982 թվականից ի վեր: Թատրոնի միջազգային ինստիտուտի (ԹՄԻ) և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո անցկացվող այս հրաշալի տոնը Հայաստանում նշվում է 2004 թվականից: Տոնը օրացույցում հատկանշական տեղ զբաղեցնելուց բացի առանձնանում է ևս մեկ ավանդույթով: Այն մեկ տարվա ընթացքում յուրօրինակ շունչ ու գույն է հաղորդում պրոսֆեսիոնալ, սիրողական մակարդակով զբաղվողների, մոլի երկրպագուների կյանքին:

Յուրաքանչյուր տարի ԹՄԻ Միջազգային պարերի Հանձնաժողովը ընտրում է պրոֆեսիոնալ պարային աշխարհի մեկ ներկայացուցչի, որի ուղերձը շրջանառվում է ամբողջ տարվա ընթացքում: Այս տարի նման պատվի է արժանացել Թայվանի Ամպե դարպասներ պարային թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Լին Հուայ-մինը: Այս տարվա «ընտրյալը» պարի այնպիսի նկարագրում է տվել, որ ոտքերդ ակամա ուղղվում են մոտակա պարային դպրոց: Հուայ-մինը զգացմունքներն արտահայտելու յուրօրինակ բանաձև է առաջարկում աշխարհին: Դեռևս Քրիստոսից առաջ 10-ից 7-րդ դարերն ընկած շրջանի չինական պոեմների «Երգերի Մեծ գրքի» Մեծ նախաբանն աղաղակում էր. «Զգացմունքերը խճճվում են ու վերածվում բառերի: Եթե բառերը բավարար չեն, մենք խոսում ենք հառաչանքով: Եթե հառաչանքն է անբավարար, մենք երգում ենք այդ բառերով: Երբ երգելն էլ է քիչ, այդժամ մեր ձեռքերն անգիտակցաբար պարում են դրանցով և մեր ոտքերը երաժշտություն են հաղորդում դրանց»:

Իրավացի է Մաեստրոն, երբ ասում է, որ պարը հզոր արտահայտչաձև է: Այն խոսում է երկրի ու երկնքի հետ: Այն խոսում է մեր ուրախության, վախերի ու ցանկությունների մասին: Պարը խոսում է աննյութականի մասին, մինչդեռ բացահայտում է անձի գիտակցական վիճակը, մարդկանց խառնվածքն ու բնավորությունը: Այո, պարն ինքնին կայանում է անհետացման եզրին հայտնված կետում: Շարժումներն անհետանում են հենց նույն պահին: Պարն առկա է միայն հոսող ակնթարթում և այն թանկ է: Այն ինքնին կյանքի փոխաբերությունն է:

Համամարդկային արժեքի վերածված այս արտահայտչամիջոցը բնականորեն պետք է կրեր տարբեր ազգերին ու ժողովուրդներին բնորոշ հատկանիշներ: Մեր մշակույթն ու ազգային ավանդույթներն էլ զերծ չեն մնացել այս առաքելությունից: Խոսելով հայկական ավանդական-ազգայինի և ժամանակից պարերի մասին՝ «Կարին» ավանդական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն իրավացիորեն մեջբերում է Կոմիտասի խոսքերը. «Պարն է արտահայտում յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը»: Անշուշտ, բոլորիս իրավունքն է համաձայնել, կամ` ոչ, մեր ազգի Հանճարներից մեկի հետ: Մի բան աներկբա է. պարն էլ այն քչաթիվ համամարդկային արտահայտչամիջոցներից մեկն է, որ ձևավորել է մարդկությունը: Ու որքան էլ այն կրի ազգային առանձնահատկությունների ազդեցությունը, միևնույն է գերբնական ուժով համակում է մարդկանց հոգիները, վարակիչ դառնում ու իրականություն դարձնում մարդու անկեղծության յուրահատուկ պոռթկումը: Ինքնամոռաց պարի մասին իզուր չեն ասում՝ «պարի’ր այնպես, կարծես քեզ ոչ ոք չի տեսնում»:

Քրիստինե Հովսեփյան