Շնորհավոր մայիսի 1

Այսօր Աշխատավորների միջազգային օրն է: Այս տոնը ծագել է 19-րդ դարի վերջին՝ շնորհիվ աշխատանքային շարժման: 1886 թվականի մայիսի 1-ին Կանադայում և ԱՄՆ-ում աշխատավորների կողմից կազմակերպված ցույցեր տեղի ունեցան: Նրանք պահանջում էին աշխատանքային օրը դարձնել ութ ժամ: Աշխատավորների գործադուլը և դրան ուղեկցող ցույցն ավարտվեցին ոստիկանության հետ արյունահեղ բախումներով: Այդ ժամանակից ի վեր մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատավորների միջազգային օր:

1889 թվականի հուլիսին Փարիզի կոնգրեսը, ի նշան աջակցության ԱՄՆ և Կանադայի աշխատավորների ցույցերին, որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել: Աշխատավորների միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1890 թվականին Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում և որոշ այլ երկրներում:

Երկար ժամանակ մայիսի 1-ը մնում էր հեղափոխության, դասային անհաշտ պայքարի խորհրդանիշ: Այսօր Աշխատավորների օրը նշվում է աշխարհի 142 երկրներում մայիսի 1-ին կամ մայիսի առաջին երկուշաբթի օրը: Որոշ երկրներում, օրինակ, ԱՄՆ և Ճապոնիա, Աշխատանքի օրն այլ օր է նշվում: Իսկ ավելի քան 80 պետություններում, այդ թվում՝ Հնդկաստանում, այս տոնն ընդհանրապես չի նշվում:

Նշենք, որ մայիսի 1-ն Արևմտյան Եվրոպայում և Բրիտանական կղզիներում հեթանոսական շրջանում նշվում էր որպես գարնան գալուստի օր: Տոնն սկսվում էր մայրամուտից՝ ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը: Եվրոպայում քրիստոնության տարածմանը զուգընթաց եկեղեցին առավել ակտիվ էր պայքարում այդ հեթանոսական ավանդույթի դեմ, որն ամբողջությամբ վերացվեց 18-րդ դարի վերջին:

Թերևս զուր չեն ասում՝ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն: Մարդն աշխատանքով է հարուստ: Դե ինչ, շնորհավոր մայիսի 1, շնորհավոր Աշխատավորների միջազգային օր:

 Արմինե Հարությունյան