«ԴԻՊԼՈՄԱՏ» ԱՄՍԱԳԻՐ. ԿԱՐԻՆԵ ՂԱԶԻՆՅԱՆԸ` ՏԱՐՎԱ ԴԻՎԱՆԱԳԵՏ

Օրերս Լոնդոնում կայացավ հանրահայտ «Դիպլոմատ» ամսագրի «Տարվա դիվանագետ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին մասնակցեցին Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ավելի քան 150 երկրների դեսպաններ ու դիվանագետներ, ինչպես նաև բրիտանական արտաքին գերատեսչության ու գործարար համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Տարվա դիվանագետ-2013 մրցանակը ներկայացվեց 10 անվանակարգում: Մրցանակաբաշխությունը վարեց հայտնի բրիտանացի դիվանագետ, նախկին դեսպան սըր Քրիսթոֆեր Մեյերը:

Եվրասիա տարածաշրջանի համար նախատեսված մրցանակը, իր գործընկեր դեսպանների միաձայն քվեարկության արդյունքում, հետմահու շնորհվեց ՄԹ-ում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանին՝ բացառիկ ձեռքբերումների ու իր երկրի շահերն արդյունավետ կերպով ՄԹ-ում ներկայացնելու համար:

Մրցանակը ընդունեց ՄԹ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը:

Կարինե Ղազինյանը մահացել է 2012 թվականի դեկտեմբերի 6-ին ԱՄՆ-ում պաշտոնական տվյալներով` հետվիրահատական բարդացումներից:

03.05.2013