FREEDOM OF THE PRESS. ինչպիսի՞ բաշխում ունեն ԱլԳ երկրների արձանագրած ցուցանիշները՝ ըստ համապատասխան ոլորտների

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այս տարի ևս հրապարակել է աշխարհում մամուլի ազատության մակարդակը: Այս կազմակերպությունը երկրների մամուլի ազատությունը գնահատող ամենամյա զեկույցներ հրապարակում է 1980 թ.-ից ի վեր: Կազմակերպության՝ մայիսի 1-ին հրապարակած զեկույցից տեղեկանում ենք, որ Հայաստանը, ինչպես վերջին տասնամյակում, դասվել է ոչ ազատ երկրների շարքում:

Հատկանշական է, որ մամուլի ազատության միտումները հիմնականում բացասական են եղել, կարգավիճակի փոփոխություն ունեցել է 8 երկիր, և բոլոր այդ երկրներում էլ փոփոխությունները բացասական են եղել, իսկ մամուլի ազատության ընդհանուր միջին ցուցանիշը ողջ աշխարհում անկում է ապրել` հասնելով վերջին տասնամյակի ամենացածր կետին:

Ի տարբերություն անցյալ տարվա 65 միավորի՝ Հայաստանը աղյուսակում 61 միավոր է հավաքել: Այսպիսով՝ Հայաստանը մոտեցել է մասամբ ազատ մամուլ ունեցող երկրների շարքին, որտեղ ընդգրկված պետությունների նվազագույն ցուցանիշը 60 միավորն է: Նշենք, որ զեկույցը գնահատում է մամուլի ազատության մակարդակի վրա ներազդող երեք գործոններ՝ իրավական, քաղաքական և տնտեսական: Համապատասխանաբար, որքան քիչ միավոր է հավաքում երկիրը, այդքան բարձր է տվյալ պետությունում մամուլի ազատության մակարդակը: Freedom House-ը Հայաստանում իրավական միջավայրը գնահատել է 19 միավորով, քաղաքականը՝ 22 միավորով, տնտեսականը՝ 20: Այսինքն՝ Հայաստանի աճը պայմանավորել են իրավական և քաղաքական միջավայրերի արձանագրած բարելավումները:

Զեկույցի հեղինակ-ղեկավար Քարին Քարլիքարի համոզմամբ Հայաստանի աճը պայմանավորված է 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում մամուլի կողմից իրադարձությունների «առավել ազատ և հավասարակշռված լուսաբանմամբ»:

Եվրամիության Արևելյան գործընկերության ձևաչափում ընդգրկված երկրներից մասամբ ազատ երկրների ցուցանիշներ արձանագրել են Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան: Վրաստանն առաջընթաց է գրանցել 3 միավորով և 49 ցուցանիշով շարունակել համալրել մասամբ ազատ երկրների շարքերը: Իրավական, քաղաքական և տնտեսական ենթաբաժանմամբ ստացվում է հետևյալ պատկերը՝ համապատասխանաբար 12, 20, 17: Մոլդովան նախորդ 2012 թ.-ի 54 միավորի փոխարեն ստացել է 53-ը և համարվում է մասամբ ազատ: Ըստ ոլորտների՝ վերջինիս հավաքած ցուցանիշներն են՝ 16, 18, 19: Ուկրաինայի ցուցանիշը, անցյալ տարվա համեմատությամբ նվազելով 1 միավորով, կանգ է առել ոչ ազատ և մասամբ ազատ երկրների սահմանագծին, թեև 60 միավորով դեռևս գտնվում է մասամբ ազատ երկրների շարքում: Ուկրաինայի իրավական, քաղաքական և տնտեսական միջավայրերի գնահատականներն են համապատասխանաբար 19, 21, 20: Ուշագրավ է, սակայն, որ եթե ԱլԳ ձևաչափով ստացվող գնահատականներում Մոլդովան հիմնականում առաջատար դիրքեր է զբաղեցնում, ապա այս պարագայում դիրքերը որոշակիորեն զիջում է Վրաստանին: Մինչդեռ կարևոր է նշել, որ եթե տնտեսական ցուցանիշով Մոլդովան մեր հարևանին զիջում է ընդամենը 2 միավորով, ապա պայմանական առաջատարը դարձած Վրաստանի վերջնարդյունքի վրա մեծապես ազդել է հենց իրավական միջավայրի ցուցանիշը: Եթե Մոլդովայի դեպքում դա 16 է, ապա Վրաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում իր համեմատաբար լավ ցուցանիշներն ապահովում է հենց իրավական դաշտի գրանցած առաջընթացի շնորհիվ:

Տրամաբանորեն, բավականին մեծ տարբերությամբ ոչ ազատ երկրների շարքում են հայտնվել Բելառուսն ու Ադրբեջանը: Արդեն երրորդ տարին է, ինչ նույնն է մնում Բելառուսի ցուցանիշը՝ 93 միավոր (29, 36, 28): Ընդ որում ընդհանրական մամլո հաղորդագրությունում Բելառուսի անունը նշվում է նաև աշխարհում վատթարագույն մակարդակում գտնվող Թուրքմենստանի և Հյուսիսային Կորեայի կողքին: Մինչդեռ բավական վատ վիճակում է գտնվում նաև Ադրբեջանը (27, 33, 22): Այն, հետընթաց գրանցելով 2 միավորով, սահմանում է 82 ցուցանիշն ու կրկին դասվում ոչ ազատ երկրների թվին: Ստացվում է՝ Հայաստանն ու Ուկրաինան իրավական և տնտեսական ցուցանիշներով նույն՝ 19 միավորն են վաստակել: Նույնական՝ 20 միավոր է արձանագրում նաև մեր երկու երկրների տնտեսական միջավայրի գնահատումը: Մեկ միավորի տարբերությամբ՝ Ուկրաինան 21 միավորով առաջ է գտնվում Հայաստանից մամուլի քաղաքական ազատության ցուցանիշով:

Մյուս կողմից, Freedom House-ի ամենամյա զեկույցների դինամիկան ու ստացված համեմատական պատկերն առնվազն երկու բան են հուշում. տևական ժամանակ է, ինչ հնամաշ և անմիտ է դարձել հարավկովկասյան տարածաշրջանում երկրների միջև համեմատական եզրերի անցկացման փորձը: Ասվածը, թերևս, լավագույնս արտացոլում են միջազգային կառույցների ու կազմակերպությունների համապատասխան զեկույցները:

Freedom House-ի ներկայացրած գնահատականները, սակայն, ևս մի կարևոր հանգամանք են ընդգծում: Այս տարվա հունվարին էլ Freedom House-ը հրապարակել էր իր մեկ այլ ամենամյա զեկույցներից Freedom in the world-ը: Աշխարհում ազատության մակարդակն ուսումնասիրող զեկույցներն էլ իրենց հերթին արձանագրեցին մեկ այլ անհերքելի ճշմարտություն: «Ժողովրդավարական բեկումներ հավասարակշռության մեջ» վերտառությամբ զեկույցը դիտարկում էր աշխարհի 195 երկիր և 14 «տարածք», որոնց շարքում, որպես «վիճելի տարածք»՝ նշված էր նաև «Լեռնային Ղարաբաղը»: Ու եթե քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների սանդղակում ձևակերպած ցուցանիշներով Ադրբեջանը դասվում էր ոչ ազատ երկրների թվին, ապա «վիճելի տարածք» համարվող «Լեռնային Ղարաբաղը» տեղ էր զբաղեցնում «մասամբ ազատ»-ների շարքում:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում յուրաքանչյուր դատողություն ի չիք է դարձնում Ադրբեջանի՝ իրականում իրեն սպառած միտումը՝ իր սահմաններում տեսնել «վիճելի տարածք», որտեղ Freedom House-ի ձևակերպմամբ նախագահական ընտրություններում իրական ընդդիմության մասնակցություն է գրանցվում: Եզրակացություններ անելու համար բավական են ցուցանիշային համեմատականներն ու որակումներ տվող բազմաթիվ ձևակերպումներ:

Քրիստինե Հովսեփյան