ՀՀ նախագահությունը Եվրոպայի Խորհրդում

Մայիսի 3-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել են լսումներ Հայաստանի՝ Եվրոպայի Խորհրդի նախագահությունը ստանձնելու վերաբերյալ: Լսումներին ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։

Ներկայացվել են ԵԽ-ում Հայաստանի նախագահության վեց ամիսների ընթացքում նախատսվող միջոցառումներն ու գերակայությունները, Նալբանդյանը և Հարությունյանը պատասխանել են պատգամավորների և ՀԿ-ների ներկայացուցիչների հարցերին։

“Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար իր ներդրումն ու մասնակցությունն ունենալ ԵԽ անդամ երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության համամարդկային արժեքների տարածմանն ուղղված ԵԽ ծրագրերի ձևավորման գործում”,- նշել է ԱԺ նախագահը։ Նա նաև ընդգծել է ներկայիս աշխարհում ռասիզմի, անհանդուրժողականության դրսևորումների անընդունելիությունը, ընդգծել է Եվրոպայի մաս կազմող, սակայն միջազգայնորեն չճանաչված, տարածքներում մարդու հիմնարար իրավունքների երաշխավորման խնդիրների կարևորությունը։

Է.Նալբանդյանն ու Գ.Հարությունյանը ներկայացրել են ԵԽ նախագահության համար ծրագրած միջոցառումներն ու այն խնդիրները, որոնց լուծման համար ջանքեր են գործադրվելու։ ԱԳ նախարարը նշել է, որ օրակարգը ներկայացնելու է ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ ԵԽ-ի մոտեցումները, քանի որ ծրագրվում են ԵԽ գերակայությունների ու մեր ազգային օրակարգի համադրմամբ, կազմակերպվում են քննարկումներ։

Ըստ ԵԽ երեք գերակայությունների Է.Նալբանդյանը ներկայացրել է նախատեսվող միջոցառւումները, այդ թվում մի շարք համաժողովներ, այցեր, ակնկալվում է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ՀՀ նախագահի, իսկ ամառային նստաշրջանին՝ ԱԺ նախագահի այցերը։

Մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ հատուկ ուշադրություն է դարձվելու ռասիզմի, ահադուրժողականության և ատելության սերմանման կանխարգելմանը։ Օրենքի գերակայության ապահովման հարցում կուսումնասիրվի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառման արդյունավետությունը ԵԽ անդամ-երկրներում, իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչների պահպանումը։ Ժողովրդավարության ապահովման ուղղությամբ ուշադրություն է հատկացվելու տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության խորացմանը։ Նաև ուշադրության կենտրոնում են լինելու երիտասարդության, մշակույթի, կրթության հարցերը։

Լսումների բոլոր մասնակիցները շեշտել են պատմութան մեջ առաջին անգամ մեզ ընձեռված հնարավորության արդյունավետ օգտագործման կարևորությունը։ Հարցադրումներ են կատարվել ղարաբաղյան հակամարտության հարցում հայկական մոտեցումների բարձրաձայնման, հայատյացության սերմանման Ադրբեջանի քաղաքականության դեմ պայքարի, ՀՀ-ում ժողովրդավարության խորացման, եվրոպական օրակարգում մեր ներդրման վերաբերյալ։ Մի շարք հարցերին ի պատասխան Նալբանդյանը նաև ընգծել է, որ Եվրոպայի Խորհուրդն այն հարթակը չէ, որտեղ պետք է քննարկվեն ղարաբաղյան կարգավորմանն առնչվող խնդիրներ, և դա արդեն իսկ ապացուցվել է նախկինում գործող ենթահանձնաժողովի անարդյունավետությամբ, նա ընդգծել է որ կարգավորան գործընթացի համար գոյություն ունի ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափը։

Հիշեցնենք, որ Հայաստանը ստանձնում է նախագահությունը ԵԽ Նախարարների խորհրդում 2013թ. մայիսի 16-ին վեց ամիս ժամկետով՝ մինչև նոյեմբերի 9-ը։ ՀՀ նախագահության գերակայությունները հստակ կհրապարակվեն մայիսի 16-ին Ստրասբուրգում։

Աղբյուրը` “Արմեդիա” ՏՎԳ