ՀԵՀ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԿԱՄԱՎՈՐԻ ԱՆՁՆԱԳԻՐ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որը կլուծի երիտասարդության շրջանում առկա կարևորագույն հարցերից մեկը՝ աշխատանքային փորձի խնդիրը, ինչն անհրաժեշտ է աշխատանք գտնելու համար։ Այս մասին հայտնում է ՀԵՀ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

2013թ. ապրիլից մեկնարկել է ՀԵՀ-ի նոր ծրագիրը։ Հիմնադրամը հրավիրում է ուսանողներին և երիտասարդներին որպես կամավոր մասնակից դառնալ իր ծրագրերին։ Այս նախաձեռնությունը նոր մշակույթ է ներմուծում երիտասարդական կամավորական աշխատանքում։

ՀԵՀ-ի կողմից տրամադրվում է կամավորի անձնագիր, որտեղ գրանցվում է կամավոր աշխատանքի ամբողջ կենսագրությունը։ Անձնագիրը հետագայում կօգնի երիտասարդներին աշխատանք գտնելու հարցում։ Գործատուն այսօր Հայաստանում, որպես կանոն, պահանջում է աշխատանքային փորձ, իսկ երիտասարդի համար կամավորի անձնագիրը հենց այդ փորձի վկայությունն է։

Հիմնադրամի կողմից մշակվել է կամավորական աշխատանքի, կամավոր դառնալու կարգը, և բոլոր հարաբերությունները երիտասարդների հետ կարգավորվում են համաձայն այդ փաստաթղթի։

Կամավորական աշխատանքն ընդունված է ամբողջ աշխարհում. այն տալիս է հսկայական փորձ, ծրագրեր նախաձեռնելու, կազմակերպելու և իրականացնելու հմտություններ։ Բացի այդ, օգնում է բացահայտել և իրացնել սեփական ունակությունները, բարձրացնել ինքնագնահատականը, ձեռք բերել համախոհներ ու գործընկերներ։ Կամավորությունը թույլ է տալիս երիտասարդին զգալ հասարակության լիիրավ անդամ ու մասնակիցը դառնալ հասարակական գործընթացներին։

Արդեն իսկ բազմաթիվ երիտասարդներ են միացել ՀԵՀ-ի նախաձեռնությանն ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերում։

Նշենք, որ մեր երկրում չկա ՙԿամավոր աշխատանքի մասին՚ օրենք։ ՀԵՀ-ն իր այս ծրագրով նպատակ ունի Հայաստանում զարգացնել կամավորական աշխատանքն ու նպաստել ոլորտի կանոնակարգմանը։

07.05.2013