ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՉԵՌՆՈԳՈՐԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Մայիսի 7-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Երևան ժամանած Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչի հանդիպումը:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ երկկողմ հարաբերությունների հաստատումից ի վեր Իգոր Լուկշիչը Չեռնոգորիայի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Հայաստան և այցելությունը լավ սկիզբ և հիմք կարող է հանդիսանալ տարբեր ոլորտներում մեր համագործակցության զարգացման համար։ Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ Հայաստանի և Չեռնոգորիայի ժողովուրդները շատ պատմական ընդհանրություններ ունեն, ինչը լավ հիմք կարող է ծառայել միջպետական հարաբերությունների զարգացման համար։

«Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից շատ անելիքներ կան՝ իրավապայմանագրային դաշտի ստեղծում, առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացում, մշակութային փոխանակումների խթանում և այլն։ Այս առումով Ձեր այցը լավ հնարավորություն է տալիս ձևավորելու հայ-չեռնոգորյան հարաբերությունների օրակարգը, ուրվագծելու համագործակցության հիմնական ուղղությունները, մտքեր փոխանակելու տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ»:

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու և ջերմ ընդունելության համար` Իգոր Լուկշիչն ընդգծեց, որ Չեռնոգորիան կարևորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումն ու իր այցելության հիմնական նպատակն է երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով պայմանավորվածությունների ձեռք բերումը։

Բանակցությունների ընթացքում նախարարները պայմանավորվեցին քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ստեղծման, ԱԳՆ-ների միջև պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության սերտացման, առևտրատնտեսական հարաբերությունների խթանման, մշակութային փոխանակումների խրախուսման ուղղությամբ։

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում մտքեր փոխանակվեցին ԵԽ օրակարգային հարցերի շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձան Չեռնոգորիայի ԵՄ անդամակցության բանակցություններին, Հայաստան – ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին:

Նախարարներ Նալբանդյանն ու Լուկշիչն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցերի: Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։ Նախարար Լուկշիչն իր հերթին պատմեց Բալկաններում ընթացող զարգացումների վերաբերյալ:

Հանդիպումից հետո նախարարներն հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:

08.05.2013