Եվրոպան արդեն հանձնվե՞լ է

Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան հույս է հայտնել, որ իր երկիրը ԵՄ հետ համագործակցության մասին համաձայնագիր կստորագրի այս տարվա ավարտին՝ չնայած ԵՄ դժգոհությանը՝ կապված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ազատազրկման հետ:

Associated Press-ին տված հարցազրույցում Կոժարան խոստովանել է, որ Տիմոշենկոյի գործը Ուկրաինա-ԵՄ հարաբերություններում խնդրահարույց կետ է հանդիսանում:

“Առանձին քրեական գործը չպետք է խոչընդոտ դառնա ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման համար”, – հավելել է նա:

Կոժարայի խոսքերով, Կիևն սպասում է, որ Եվրոպական հանձնաժողովը՝ ԵՄ գործադիր մարմինը, մայիսի 15-ին սպասվող նիստում դրական եզրակացություն կտա ԵՄ-Ուկրաինա ասոցացման համաձայնագրի ստորագրմանը:

Ապա այդ եզրակացությունը կուղարկվի Եվրոպական խորհուրդ, որը կազմված է ԵՄ անդամ 27 պետությունների և այդ պետությունների կառավարությունների ղեկավարներից, որը վերջնական որոշում կկայացնի տվյալ հարցի շուրջ:

Նշենք, որ “Ուկրաինական ընտրություն” հասարակական շարժման առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկը կարծում է, որ Եվրոպան արդեն հանձնվել է և Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրելու պատրաստակամություն է դրսևորում նույնիսկ այն պարագայում, եթե Ուկրաինայի առջև դրված քաղաքական պահանջները չկատարվեն: Սակայն սա դեռևս չի նշանակում, որ Ուկրաինան և նրա վերնախավը կարող են տոնել իրենց հաղթանակը:

Մեդվեդչուկի կարծիքով, Ուկրաինայի շահերի տեսանկյունից ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագիրն ի սկզբանե ձեռնտու չի եղել: “Չէ՞ որ մենք ապրում ենք առևտրային հավասարակշռության բացասական շրջան (երբ երկիրն ավելի շատ գնում է, քան վաճառում, տեղի է ունենում փողերի լվացում և մեծանում է դեֆոլտի հավանականությունը): Նման պայմաններում ազատ առևտրի գոտի կարելի է ստեղծել միայն այն երկրների հետ, որոնց հետ հնարավոր կլինի կառուցել գոնե չեզոք հավասարակշռություն: Մեր դեպքում դա Մաքսային միության երկրներն են”, – նշել է քաղաքական գործիչը:

Արմինե Հարությունյան