Դժվար չէ քննադատություն ընդունելը, դժվար է ճիշտ քննադատելը

«Ես բավական խնդիրներ ունեմ սեփական թերությունների հետ, որոպեսզի անհանգստանամ այն մասին, որ Աստված մարդկանց մտային կարողությունները հավասարաչափ չի բաշխել»

Դեյլ Կարնեգի

20-րդ դարի ամերիկացի գրող, օպտիմիստ Կարնեգիի խոսքերը վերաբերում են քննադատությանը: Նախքան որևէ մեկին քննադատելն, ըստ Կարնեգիի, յուրաքանչյուր ոք պետք է հաշվի նստի սեփական թերությունների հետ՝ մտածելով այն մասին, թե ինչպես կզգար ինքը, եթե ենթարկվեր նմանատիպ քննադատության ազդեցությանը: Կարնեգիի գաղափարը մեզանում տարածված ճշմարտություններից է, նրանցից, սակայն, որոնց մասին անվերջ կարելի է խոսել միայն: Այլ է դրությունը այդ ճշմարտության գործնական կիրառության հետ:

Ինչո՞ւ: Ինչո՞ւ մեզանից շատերը տեսականորեն համաձայն են Կարնեգիի առաջ քաշած կատարյալ մտածողության հետ, մինչդեռ քննադատելու պահին հազվադեպ են հանդիպում մարդիկ, ովքեր կիրառեն նմանատիպ մոտեցում: Անշուշտ, գործնականի ու տեսականի նմանատիպ բախման համար կա պատճառ: Ոչ թե մարդկային հնարավորությունների սահմանափակումն է խնդիրը, այլ՝ հենց քննադատությունը:

Բացատրեմ միտքս: Ցանկացած երևույթին ճիշտ մոտեցում ցուցաբերելու համար անհրաժեշտ է լիովին տիրապետել այդ երևույթի «էությանը»: Ծիծաղելի կթվա, բայց շատերս ենք անտեղյակ՝ ինչ ասել է քննադատություն իրականում:

Քննադատություն բառն ունի հունական ծագում, բառացիորեն նշանակում է «դատելու, հասկանալու արվեստ»: Այն ունի որոշակի նշանակություններ՝

1. գնահատական տալու նպատակով արված քննարկման,

2. թերությունները ցույց տալու նպատակով արված բացասական դատման,

3. ինչ-որ երևույթի հավաստիության ստուգման:

Ինչպես տեսնում ենք, վերոնշյալ նշանակություններից միայն մեկն ունի բասացական բնույթ: Հենց այս պատճառով քննադատությունը տարբերակվում է «հաջողի» և «անհաջողի»:

«Անհաջող» կամ որ նույնն է՝ բացասական քննադատության պատճառներից կարող է լինել քննադատվողի մոտ դատապարտվածության զգացողության առկայությունը: Քննադատություն անելիս պետք չէ քննադատության ենթարկվողի մոտ առաջացնել անվերադարձ կորստի, չշտկվող սխալի զգացողություն: Այդպիսով այդ անձը, հայտնվելով փակուղու մեջ, սկսում է առարկել:

Քննդատությունը ստանում է “անհաջող” բնույթ, երբ քննադատողն արտահայտվելիս իր խոսքին հաղորդում է բացասական հնչերանգներ: Այդ դեպքում ևս քննադատվող անձն սկսում է պաշտպանվել: Բացի այդ քննադատելիս պետք չէ ազատություն տալ էմոցիաներին՝ քննադատության ենթարկվողին անձնական վիրավորանք չհասցնելու համար:

Եթե փորձենք մեր նշածը պրոյեկտել քննադատության շրջանակից դուրս, ապա կնկատենք, որ մեր կողմի վերոթվարկյալ սխալների բացթղումը կարող է «փչացնել» ցանկացած երևույթ, ուստի ամեն քայլ կատարելիս, ինչպես և քննադատելիս, հարկավոր է պարզապես մի փոքր զգոնություն ցուցաբերել արված արտահայտությունների ու խոսելաոճի նկատմամբ: Այս առումով դժվար չէ քննադատությունը ընդունելը, դժվարը ճիշտ քննադատելն է:

Մյուս կողմից, հաշվի առնելով, որ վերոնշյալը որքան ցանկալի, նույքան էլ դժվարկառավարելի, առաջարկում ենք պարզապես առողջ հայացքով նայել քննադատությանը՝ հաղթահարելով դրա նկատմամբ ունեցած վախերը: Չէ-որ քննադատությունն, ի վերջո, կյանքի այն առանցքային շարժիչ ուժերից է, որն ստիպում է անընդհատ աշխատել, ձգտել ավելիին:

Այնպես որ, կարելի է սեփական անձի շուրջ արված ցանկացած քննադատություն ընդունել ու կիրառել ի շահ կատարելագործման: Միաժամանակ, հայտնվելով քննադատողի դերում, պետք չէ մոռանալ որոշակի նրբությունների մասին՝ չսահմանափակելով դիմացինին քննադատությանը առողջ հայացք նետելու հնարավորությունն ու ցանկությունը:

Լիլիա Ամիրխանյան