Los Indignados` «Զայրացածները», կրկին զայրացած

Իսպանիայում հազարավոր մարդիկ Los Indignados բողոքական շարժման երկրորդ ամյակի կապակցությամբ տարբեր քաղաքներում կազմակերպել են ակցիաներ: Կրկին մարդկանցով է լցվել մադրիդյան Պուերտա դել Սոլ հրապարակը:

Արդեն երկու տարվա գործունեությունը շարժման մասնակիցներին ցույց է տվել, որ իսպանական ղեկավարությունն ամբողջովին անտեսում է այդ սոցիալական շարժումը: Այս հանգամանքը հանդիսացել է շարժումը “փողոցներում նշելու” դրդապատճառներից մեկը:

“Ես այստեղ եմ, քանի որ երկու տարի անց կյանքն ավելի վատն է դարձել. Մենք իրավունքներ ենք պահանջել, որոնք միայն կորցնում ենք”,-նշում է շարժման մասնակիցներից մեկը:

Շարժմանը պետք է միանան բոլոր նրանք, «ովքեր մտահոգված են մարդկանցով, այլ ոչ միայն սեփական հետաքրքրություններով»,-նշում են մասնակից այլ անձինք:

Հիշեցնենք, որ 2011թ. Մայիսին Իպսանիայում մեկնարկեց պետական կրճատումների քաղաքականության դեմ ուղղված բողոքի ակցիաների շարք, որը շատ արագ տարածում գտավ ողջ Եվրոպայով մեկ:

Չնայած այդ երկու տարիների ընթացքում եղած փոփոխություններին, այդ թվում` իշխանափոխությանը, Իսպանիան շարունակում է մնալ Եվրոպայի «ամենապրոբլեմային» երկրներից մեկը: Եվրամիությունում այդ երկիրը գործազրկության մակարդակով զբաղեցնում է երկրորդ տեղը: Վերջին տվյալների համաձայն հինգ միլիոն իսպանացի համարվում են գործազուրկ:

Չնայած Եվրամիության ղեկավար կառույցների կողմից պարբերաբար հնչող հայտարարություններին, համաձայն որոնց իրավիճակը թևակոխել է նոր` բարելավման փուլ, նմանատիպ ցույցերն ու բողոքի այլ միջոցառումները վկայում են լրիվ հակառակ իրողության մասին:

Աղբյուրը՝ «Արմեդիա» ՏՎԳ