Բոսնիայի ձերբակալված նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ

Բոսնիա և Հերցեգովինայի նախագահ Ժիվկո Բուդիմիրը, ով ձերբակալվել է ապրիլի վերջին կաշառակերության մեղադրանքով, չի հեռանա պաշտոնից՝ չնայած պառլամենտի կոչերին, հայտարարել է նրա փաստաբան Ռագիբ Խադիչը:

Նման կերպ քաղաքական գործչի փաստաբանն արձագանքել է ֆեդերալ պառլամենտի Ազգերի Պալատի հատուկ նիստին, որի շրջանակներում պատվիրակների մեծ մասը կողմ են արտահայտվել նախագահի ինքնակամ հրաժարականին՝ կապված այն հանգամանքի հետ, որ նա ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները: Բուդիմիրի ձերբակալությունը տեղի ունեցավ ֆեդերացիայում քաղաքական ճգնաժամի ֆոնի վրա, որի պատճառը պառլամենտական մեծամասնության ձևավորումն ու իշխանության հիմնական մարմինների աշխատանքների դադարեցումն է:

Ինչպես նշել է Խադիչը СРНА գործակալությանը տված հարցազրույցում, Բուդիմիրի հրաժարականը «վատ նախադեպ կարող է դառանլ, որի հիման վրա հետագայում հնարավոր կլինի համանման կերպով հեռացնել քաղաքական ընդդիմախոսներին և այլախոհներին»: Բացի այդ, Բուդիմիրն իրեն մեղավոր չի համարում, և նախքան դատարանի վերջնական վճիռը գտնվում է անմեղության սկզբունքի պաշտպանության ներքո, մեկնաբանել է փաստաբանը՝ հավելելով, որ հրաժարականի մասին խոսք անգամ լինել չի կարող: «Դա հնարավոր կլինի միայն դատարանի կողմից մեղադրական վճիռ կայացնելու դեպքում», – նշել է փաստաբանը:

Ապրիլի 28-ին դատարանի որոշմամբ հետաքննություն անցկացնելու նպատակով Բուդիմիրը և նրա շրջապատից ևս 4 հոգի 30 օրով ձերբակալվեցին:

Բուդիմիրին կասկածում են իր պաշտոնական դիրքը չարաշահելու, մասնավորապես, բանտարկյալներին համաներում շնորհելու հարցում անօրեն որոշումներ կայացնելու և կաշառակերության մեջ: Հետաքննության հաղորդմամբ, ազատազրկման մեկ տարին չեղյալ հայտարարելու արժեքը կազմել է 15 հազար եվրո: Վերջին մեկ տարվա ընթացքում ինքնավարության ղեկավարը ներում է շնորհել 96 մարդու, նախագահի կողմից ընդունված ևս 85 որոշումներ վերանայվել են դատարաններում և ինքնավարության այլ պետական մարմիններում: Համաներում շնորհվածների մեջ եղել են 35 մարդասպաններ, ինչպես նաև թմրանյութերի արտադրության և անօրեն շրջանառության մեղադրանքով հինգ դատապարտվածներ:

Արմինե Հարությունյան