ԵՄ-ն դեմ չէ, որ ՀՀ-ն մասնակցի այլ ինտեգրացիոն նախագծերի

Եվրոպական Միությունը դեմ չէ, որ Հայաստանը մասնակցի այլ ինտեգրացիոն նախագծերի: Այս մասին մայիսի 21-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան։

Նրա խոսքերով Արևելյան գործընկերության յուրաքանչյուր մասնակից երկիր, սեփական շահերից ելնելով, ինքն է ընտրում իր ինտեգրացիոն քաղաքականությունը, և ԵՄ-ն ոչ մի կերպ չի ցանկանում դադարեցնել հարաբերություններն այլ ինտեգրացիոն դաշտերի, տվյալ դեպքում՝ Մաքսային Միության և ԱՊՀ հետ։ Այս մասին փոխանցում է “Արմենպրեսը”:

Հրիստեան ընդգծել է, որ Եվրամիությունը երրորդ երկրների հետ պետության հարաբերությունները որպես տվյալ երկրի հետ իր հարաբերությունների նախապայման երբեք չի ընկալի, և որ Հայաստանը ինքը պետք է որոշի` կարող է իր տնտեսությունը միաժամանակ մասնակցել տարբեր ինտեգրացիոն նախագծերին։

Նա նշեց, որ Հայաստանը և ԵՄ-ն այժմ բանակցություններ են վարում Ասոցացման համաձայնագրի շուրջ, որի բաղադրիչը Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու  համաձայնագիրն է, որն այնուհետև հիմք կծառայի Հայաստանի և Եվրոպայի հետագա քաղաքական և տնտեսական ինտեգրման համար։

ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավարը նաև նշել է, որ Հայաստանը և ԵՄ-ն բանակցություններ են վարում սխեմաների շուրջ, որոնք առավել սերտ ինտեգրում են նախատեսում և կարող են խթան դառնալ առավել ծավալուն փոխակերպումների համար՝ աջակցելով երկրի բարեփոխումներին:

22.05.2013