ԱԳ նախարարը ելույթ ունեցավ Եվրոպայի օրվան նվիրված համերգին

Մայիսի 23-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կազմակերպած Եվրոպայի օրվան նվիրված համերգ, որին ներկա են գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, նախարարներ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Համերգին ողջույնի խոսքով հանդես է եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով մասնավորապես ասել է.

«Աշխարհում բացառիկ են այն տոները, որոնք միավորում են մի քանի տասնյակ ժողովուրդների` խորհրդանշելով նրանց խաղաղ, անվտանգ, ազատ և բարեկեցիկ ապրելու, համատեղ արժեքների վրա կառուցված ապագա կերտելու երազանքը, կամքը և վճռականությունը:

Երկու դաժան աշխարհամարտերից հետո, անիրական երազանք թվացող խաղաղ և միասնական Եվրոպայի ստեղծումն այսօր դարձել է անշրջելի իրականություն: Դրանում մեծ է եվրոպական ժողովուրդների և առաջնորդների ավանդը, նրանց հավատն ու համարձակ տեսլականը:

Ինչպես Հայաստանի Նախագահն է նշել. «Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է իր անցյալով, մշակույթով, ի վերջո՝ իր ներկա նպատակադրումներով և իղձերով»:

Մենք մեծապես կարևորում ենք Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումը: Այս առումով Արևելյան գործընկերությունը լավ հնարավորություններ է ընձեռում քաղաքական երկխոսությունը և առևտրատնտեսական կապերը զարգացնելու համար:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Հայաստանը ստանձնեց Եվրոպայի ամենահին կառույցի՝ Եվրոպայի խորհրդի նախագահությունը, որի առաջնահերթություններն ուղղված են եվրոպական մայրցամաքում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը:

Հայաստանը պատվով է ստանձնել այդ կարևոր առաքելությունը և վճռական է նպաստելու այն արժեքների ամրապնդմանը, որոնք կազմում են եվրոպական քաղաքակրթության և եվրոպական միասնության հիմքը:

Վերստին շնորհավորում եմ Եվրոպայի օրվա տոնի կապակցությամբ»։

Աղբյուրը՝ ՀՀ ԱԳՆ