ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԳՈՒՄԱՐՎԻ ԵԽԽՎ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովի նիստը կկայանա Երևանում 2013թ. մայիսի 31-ին, Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակից:

Այս կապակցությամբ ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

ԵԽԽՎ նախագահի կողմից նիստի բացումից հետո, ՀՀ Ազգային ժողովի նախագահը խոսքով կդիմի մասնակիցներին: Խորհրդարանականներն այնուհետև տեսակետներ կփոխանակեն ՀՀ Արտաքին գործերի նախարարի հետ, որը վեց ամսով նախագահում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն սկսած մայիսի 16-ից: Քննարկումները կկենտրոնանան նախագահության ընթացքում Հայաստանի առաջնահերթությունների և Նախարարների կոմիտեի հետ վեհաժողովի ընթացիկ քաղաքական երկխոսությանն առնչվող այլ խնդիրների վրա:

Օրակարգային հարցերն ընդգրկում են ազատազրկման այլընտրանքների խթանումը, ծնողական արձակուրդը որպես գենդերային հավասարության խրախուսման միջոց, և 2014 – 2015 երկամյակի ընթացքում Եվրոպայի խորհրդի բյուջեներն ու առաջնահերթությունները թեմաները:

Բացի այդ, ԵԽԽՎ Միացյալ եվրոպական ձախերի խմբի (United European Left (UEL) Group) կողմից եղել է խնդրանք կազմակերպելու բանավեճ “Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը 25 տարի անց. Եվրոպայի խորհրդի հնարավորությունները աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցմանը” խորագրով: Այդ բանավեճի, կամ պահանջված վերջնաժամկետներում ցանկացած այլ բանավեճերի դիմումների իրականացումը կհաստատվի միայն հանդիպման բացմանը` օրակարգի ընդունման ժամանակ:

24.05.2013