Ադրբեջան-ԵՄ. վիզայի ռեժիմի դյուրացում

Ադրբեջանը և ԵՄ-ն նոյեմբերին համաձայնագիր կստորագրեն մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման մասին: Ինչպես հայտնում է SalamNews-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Բաքվում ԵՄ գրասենյակի ղեկավար Ռոլան Կոբիան:

Նրա խոսքերով, նոյեմբերին Վիլնյուսում տեղի կունենա ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների հանդիպումը: Գագաթաժողովին կմասնակցի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իսկ վիզայի ռեժիմի դյուրացման վերաբերյալ վերոնշյալ համաձայնագիրը կստորագրվի հենց այդ գագաթաժողովի շրջանակներում:

Վիզայի ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը հանդիսանում է Եվրամիության հետ վեց հետխորհրդային երկրների (Հայաստան, Վրաստնան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս) մերձեցման Արևելյան գործընկերության նախաձեռնության ծրագրի մի մաս: Մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի դյուրացումը նախատեսում է անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակի կրճատում, քաղաքացիների առանձին խմբերի համար վիզայի գնի իջեցում, վիզայի կազմման համար ժամկետների հաստատում, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար ԵՄ երկրներ առանց վիզա մուտք գործելու հնարավորություն: Վիզայի արժեքը 60 եվրոյից կիջեցվի մինչև 30-35 եվրո: Քաղաքացիների առանձին խմբերին (ուսանողներ, գործարարներ) վիզան կտրվի անվճար: Վիզայի մասին բանակցություններին զուգահեռ կողմերի միջև բանակցություններ են տարվում նաև ռեադմիսիայի վերաբերյալ. ԵՄ երկրների կամ Ադրբեջանի տարածքում ապօրինի բնակվող միգրատների վերադարձի հեշտացված գործընթացի միասնական չափանիշների սահմանում:

Նշենք, որ չնայած վիզայի ռեժիմի մասին համաձայնության, Եվրոպայի դիրքորոշումն Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ չի փոխվում: Նախօրեին մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնակատար Նիլս Մուժնիեքսը նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի արդյուքնում հայտարարել է, որ Ադրբեջանում լրագրողները, բլոգերները, ակտիվիստները և անկախ մտածողները շարունակում են լուրջ սահամանափակումների բախվել իրենց կարծիքն արտահայտելու ազատության հարցում:

Նշելով արդեն իսկ ներկայացված կատեգորիաների անձանց ձերբակալությունների փաստը՝ հանձնակատարը հայտարարել է. “Միանգամայն ակնհայտ է, որ նրանք չպետք է բանտում լինեն”:

Անդրադառնալով հավաքների ազատության սահմանափակմանը, հանձնակատարը նշել է, որ սկսած 2006 թվականից իշխանություններն արգելել են Բաքվի կենտրոնում խաղաղ ցույցերը, իսկ այժմ սաստկացրել են չթույլատրված ակցիաներին մասնակցելու համար նախատեսվող ադմինիստրատիվ պատիժը:

Իշխանությունները հրապարակել են հատուկ վայրերի ցուցակ, որտեղ թույլատրվում է ցույցեր անցկացնել, սակայն այդ ցուցակում անհրաժեշտ է ներառել նաև Բաքվի կենտրոնում գտնվող վայրեր՝ որպես հավաքների ազատության իրավունքի իրականացման առաջին քայլ:

Ինչ վերաբերում է միավորումների ազատությանը, հանձանակատարը հատկապես անհանգստացած է ՀԿ-ների գրանցման հետ կապված խնդիրներով:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ