ԵՐԵՎԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵԽԽՎ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

Երևանն այսօր հյուրընկալել է Եվրոպայի ամենահին կառույցի՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստը՝ ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում: Տեղեկացնում է “Արմեդիա” ՏՎԳ-ն:

Նիստին ներկա էին ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Միջոցառման բացմանը Հայաստանի արտգործնախարարը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով եվրոպական այս կառույցում Հայաստանի նախագահության գերակայությունները և գործունեության ծրագիրը: Նշենք, որ Հայաստանը կառույցում իր նախագահության ընթացքում հետամուտ է լինում և լինելու Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ժողովրդավարական հասարակությունների խթանմանը և եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի Խորհրդի դերի ամրապնդմանը:

Իր խոսքում Է.Նալբանդյանը մասնավորապես նշել է, որ “ԵԽ-ում Հայաստանի նախագահությունը ցանկանում է և պատրաստակամ է բարի կամքով և համագործակցաբար աշխատել ԵԽԽՎ հետ՝ նպաստելու կազմակերպության նպատակների իրականացմանը և ամրապնդելու քաղաքական երկխոսությանը Նախարարների կոմիտեի և Վեհաժողովի միջև»:

Հատկանշական է, որ այսօրվա նիստին ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովը Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: Ինչպես փոխանցում է panorama.am-ը, հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը վեր է Եվրոպայի խորհրդի լիազորությունների շրջանակներից: «Այս համատեքստում մենք արտահայտում ենք մեր մեծ աջակցությունը հիմնախնդրի լուծման մանդատն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը` հակամարտությունը մադրիդյան սկզբունքների հիման վրա լուծելու համար», -նշվում է հռչակագրում:

Ինչպես իր ելույթում նշել է ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը, “Մենք կարծում ենք, որ Հայաստանը կարող է նախարարների կոմիտեում իր նախագահությունն օգտագործել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները վերականգնելու համար”: Այս մասին տեղեկացնում է Armenpress-ը:

Իր խոսքում Մինյոնը նաև նշել է, որ նախագահության ստանձնումը մեր պետության համար պատմական իրադարձություն է, որն ավելի ուշ կարող է պատմական դառնալ նաև Ադրբեջանի համար, քանի որ սպասվում է, որ վերջինս կառույցի նախագահությունը կստանձնի 2014 թվականի մայիսին:

Հիշեցնենք, որ Հայաստանը օրեր առաջ՝ մայիսի 16-ին ստանձնել է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագաությունը Ստրասբուրգում կայացած ԵԽ երկրների արտգործնախարարների 123-րդ նիստում:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ

31.05.2013