ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Այսօր՝ հունիսի 1-ին, Հայաստանում, ինչպես ողջ աշխարհում, տոնում ենք Երեխաների միջազգային օրը:

Երեխաների միջազգային օրը միջազգային ամենահին տոներից է: Այն անցկացնելու որոշումը կայացվել էր 1925թ. Ժնեւում՝ երեխաների բարօրությանը նվիրված համաշխարհային կոնֆերանսում:

Վարկածներից մեկի համաձայն՝ 1925թ. Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը չինացի որբ երեխաների համար Դուան-ու ցզե (Վիշապ-նավակների փառատոն) է կազմակերպել հունիսի 1-ին: Երջանիկ պատահականությամբ օրը համընկել է Ժնեւյան կոնֆերանսի հետ:

1949թ.՝ Երկրորդ աշխարհամարտից հետո, Փարիզում կայացավ կանանց կոնգրես, որի ժամանակ ամուր խաղաղության՝ որպես երեխաների երջանկության միակ գրավականի ապահովման համար անխոնջ պայքարի երդում հնչեց: Մեկ տարի անց՝ 1950թ. հունիսի 1-ին, անցկացվեց Երեխաների պաշտպանության առաջին միջազգային օրը՝ ստանալով ամենամյա բնույթ:

Տոնը Հայաստանում կոչվում է Երեխաների պաշտպանության միջազգային օր:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին մայրաքաղաքի Կենդանաբանական այգու մուտքը երեխաների համար ամբողջ օրն անվճար կլինի: Այստեղ փոքրիկներին տոնական զվարճալի ծրագիր ու տարաբնույթ ուրախ միջոցառումներ են սպասվում, խաղերում ու վիկտորինաներում հաղթողներին էլ՝ հատուկ մրցանակներ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

“Հաղթանակ” զբոսայգում այդ օրը առավոտյան ժամը 10:00-13:00-ն մինչև 15 տարեկան երեխաները կարող են անվճար օգտվել 20 կարուսելներից ու ատրակցիոններից: Ժամը 11:00-19:00-ն այգու բեմահարթակում ելույթ կունենան մանկական համույթները, այնուհետև նրանց կփոխարինեն հայկական էստրադայի հայտնի կատարողները: Մինչ ժամը 23:00-ն նախատեսվող համերգային ծրագիրը ժամը 22:00-ին կընդմիջվի տոնական հրավառությամբ:

Ազատության հրապարակն այդ օրը ժամը 14:00-20:00-ն կվերածվի արդեն ավանդական դարձած կավճանկարի մրցահարթակի:

Ի դեպ, երեխաների սիրած քաղցրավենիք ու ըմպելիք արտադրող ընկերություններն այդ օրը Կենդանաբանական այգում, “Հաղթանակ” զբոսայգում, Ազատության հրապարակում և մայրաքաղաքի տարբեր այլ հատվածներում հատուկ անակնկալներ են պատրաստել փոքրիկների համար:

01.06.2013