Չճանաչված պետություններ. Կոսովո: Տեղեկանք

Չճանաչված պետություններն այսօր իրողություն են, որոնք իրենց ազդեցությունն ունեն գլոբալ քաղաքական գործընթացներում՝ հանդիսանալով չկարգավորված հակամարտությունների արդյունք: Վերջիններիս առկայության անտեսումն ու “սև խոռոչների” գոյությունն այլևս անհնար է դառնում, և մեծ կարևորություն է ստանում չճանաչված պետությունների, դրանց առանձնահատկությունների և դերի ուսումնասիրությունը:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ տեղեկատվական գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ-ն ներկայացնում է տեղեկանքների շարք՝ նվիրված չճանաչված պետություններին: Որպես չճանաչված պետություններ՝ դիտարկվում են ՄԱԿ անդամ չհանդիսացող, կայացած պետական ինստիտուտներ ունեցող և սեփական տարածքի նկատմամբ լիարժեք կամ մասնակի վերահսկողություն ունեցող իրենց անկախ հռչակած միավորները։

Ստորև ներկայացվում է Կոսովոյի մասին տեղեկանք:

Կոսովոն մասնակիորեն ճանաչված պետություն է։ Կոսովոյի անկախությունը հռչակվել է 2008թ. փետրվարի 17-ին(1), այն ճանաչվել է 101 երկրների կողմից (այդ թվում՝ 99 ՄԱԿ անդամ երկրների)(2)։ Մինչ այժմ Կոսովոյի անկախությունը ճանաչել են ԵՄ 22 երկրներ՝ բացառությամբ Իսպանիայի, Ռումինիայի, Հունաստանի, Կիպրոսի և Սլովակիայի: Եվրախորհրդարանը ընդունել է մի շարք բանաձևեր, որոնք կոչ են անում այս երկրներին ճանաչել Կոսովոյի անկախությունը: Կոսովոն անդամակցել է Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին։ Այն իր դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսություններն ունի շուրջ երկու տասնյակ երկրներում, Կոսովոյում իրենց ներկայացուցչություններն ունեն 27 երկրներ, մի շարք միջազգային կազմակերպություններ և կառույցներ(3)։

2011թ. տվյալներով՝ Կոսովոյի բնակչությունը 1,798,645 է(4), որի 92,9%-ը ալբանացիներ են, 1,5%-ը՝ սերբեր, 1,1%-ը՝ թուրքեր և այլ ազգային փոքրամասնություններ: Տարածքը 10,908 քառ. կմ է, մայրաքաղաքը Պրիշտինան է: Ըստ 2008թ. ընդունված Սահմանադրության՝ Կոսովոն խորհրդարանական հանրապետություն է, նախագահի լայն լիազորություններով, ալբաներենը և սերբերենը հռչակված են պաշտոնական լեզուներ(5): Կոսովոյում հիմնականում ավարտված է պետական ինստիտուտների ձևավորման աշխատանքը, ընդունվել է Սահմանադրություն, գործում է Սահմանադրական դատարանը, առկա են սեփական զինված ուժեր:

Կոսովոն մտել է Սերբիայի կազմի մեջ 1913թ.-ին Երկրորդ բալկանյան պատերազմի ժամանակ, Բուխարեստի պայմանագրով(6)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հարավսլավիայի կազմում գտնվող Կոսովոն բաժանվել է երեք շրջանների և անցել իտալացիների վերահսկողության ներքո։ Պատերազմի ավարտից հետո՝ 1945թ.-ին, Կոսովոն Հարավսլավիայի ազգային ֆեդերատիվ հանրապետության կազմում ինքնավար մարզի կարգավիճակով մտցվել է Սերբիայի կազմի մեջ: 1974թ. Հարավսլավիայի սահմանադրությամբ Կոսովոյին տրվել է հանրապետության կարգավիճակ՝ առանց անկախանալու իրավունքի: 1980թ.-ին ներքաղաքական ճգնաժամի և տնտեսական բարդությունների հետևանքով Կոսովոն զրկվել է ինքնավար կարգավիճակից։ 1990թ. սեպտեմբերի 28-ին՝ Հարավսլավիայի փլուզումից հետո, ընդունվել է Սերբիայի նոր Սահմանադրությունը, որով Կոսովոյին թույլատրվել է ունենալ միայն տարածքային և մշակութային ինքնավարություն(7): Հարավսլավիայի խորհրդային հանրապետության ներքո ունեցած լիազորությունների համեմատ, Սերբիայի կազմում Կոսովոյի ինքնավարության լիազորությունները խիստ կրճատվել են։ Կոսովոյի ալբանացիները չեն ընդունել այդ սահմանադրությունը և զուգահեռաբար սկսել են ձևավորել իշխանության ալբանական կառույցները:

1991թ.-ի սեպտեմբերի 22-ին Կոսովոյի խորհրդարանի ալբանացի պատգամավորները հռչակել են Կոսովոյի անկախությունը, որը ճանաչել է միայն Ալբանիան։ 1998թ.-ին Կոսովոյում պատերազմ է ծավալվել: ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել միջամտել հակամարտությանը, սերբական իշխանություններին մեղադրել են էթնիկ զտումներ իրականացնելու մեջ։ 1999թ. մարտի 24-ին մեկնարկել է ՆԱՏՕ-ի «Միութենական ուժ» օպերացիան, ռմբակոծվել են սերբական քաղաքներ և ռազմական օբյեկտներ: Արդյունքում Կոսովո են մտցվել ՆԱՏՕ-ի KFOR ուժերը, և Կոսովոն անցել է ՄԱԿ-ի ղեկավարության տակ:

Ըստ ՄԱԿ ԱԽ 1244 բանաձևի՝ 1999թ. հունիսի 10-ից խաղաղ կարգավորման գործընթացում կենտրոնական դերն ամրագրվել է ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին, Կոսովոյում ծավալվել են ՄԱԿ առաքելություն Կոսովոյի ժամանակավոր վարչարարության գործերով (UNMIK) և Կոսովոյի համար ուժեր (16.5 հազ. զինվորականներ):

Ըստ տարբեր տվյալների՝ 1999թ.-ից սկսած՝ Կոսովոն լքել են մոտ 200 հազ. սերբեր։ Այսօր սերբերը մեծամասամբ բնակվում են Հյուսիսային Կոսովոյում և չեն ենթարկվում ո՛չ Սերբիայի, ո՛չ Կոսովոյի իշխանություններին։ Նրանք չեն ընդունում միջազգային վերահսկողությունը և Կոսովոյի անկախությունը։

2008թ. փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանն ընդունել է Կոսովոյի անկախության հռչակագիրը, ապրիլի 9-ը խորհրդարանի կողմից հաստատվել է Կոսովոյի Սահմանադրությունը, որն ուժի մեջ է մտել հունիսի 15-ին։ 2008թ. դեկտեմբերին ստեղծվել է Կոսովոյում օրենքի գերակայության և կարգուկանոնի ապահովման ԵՄ առաքելությունը (EULEX), որի լիազորությունները կշարունակվեն մինչև 2014թ.-ի կեսը։ Նույնքան ժամանակ այստեղ կմնան նաև KFOR ուժերը։ 2010թ. հուլիսի 22-ին Միջազգային դատարանը խորհրդատվական եզրակացություն է տվել, ըստ որի՝ Կոսովոյի անկախության հռչակագիրը չի հակասում միջազգային օրենքին։ Սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան որոշում է կայացրել Կոսովոյի անկախության հռչակման՝ միջազգային իրավունքին համապատասխանելու վերաբերյալ։

Սերբիայի և Կոսովոյի միջև բանակցությունները վերսկսվել են 2011թ. մարտին, դրանք ուղղված են հասարակությանը վերաբերող, ինչպես նաև քաղաքական մի շարք հարցերի լուծմանը։ 2012թ.-ից բանակցություններ են անցկացվում նաև բարձր մակարդակով։

2013թ. հունվարի 17-ին Բրյուսելում տեղի է ունեցել Սերբիայի և Կոսովոյի վարչապետների հանդիպումը, որի ընթացքում Սերբիան առաջարկել է Հյուսիսային Կոսովոն փոխանակել Սերբիայի կազմում գտնվող Պրեշևվյան հովտի հետ, որտեղ մեծամասամբ ալբանացիներ են բնակվում։

2013թ. ապրիլի 19-ին Բրյուսելում Սերբիայի և Կոսովոյի միջև կնքվել է շատերի գնահատմամբ «պատմական» համաձայնագիր՝ հարաբերությունների կարգավորման սկզբունքների վերաբերյալ, որը կարգավորում է Հյուսիսային Կոսովոյի մունիցիպալ կառավարման համակարգը և այլ հարցեր(8):

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ

03.06.2013

_________________

1.Kosovo Declaration of Independence:
2.Deliso C., Countries that Recognized Kosovo in 2012 and Implications:
3.Ministry of foreign affairs Republic of Kosovo:
4.Estimate on the number of Kosovo population, 2011, Kosovo agency of statistics:
5.http://ria.ru/world/20080409/104168336.html
6.Смирнова Н., История Албании в ХХ веке., М., Наука, 2003, 118c.:
7.http://ria.ru/spravka/20130122/919218079.html:
8.Հարաբերությունների կարգավորումը ղեկավարող սկզբունքների շուրջ IՀամաձայնագիր:

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը «Ոչ-պետական դերակատարների կարողությունների ուժեղացում՝ ԵՀՔԳ արևելյան տարածաշրջանում բարեփոխումների խթանման և հանրային հաշվետվողականության բարձրացման նպատակով» ծրագրի շրջանակներում հայտարարում է ավագ և կրտսեր փորձագետների մրցույթ: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի օժանդակությամբ և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցությամբ: Կարդալ ավելին…