ՀՀ ԱԳ նախարարն ելույթ ունեցավ ԵԱՀԿ մշտական խորհրդում

Հունիսի 6-ին Վիեննայում աշխատանքային այցելությամբ գտնվող արտգործնախարար, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, ուր հանդես եկավ ելույթով՝ Եվրախորհրդի առջև ծառացած խնդիրների, Եվրախորհուրդ – ԵԱՀԿ համագործակցության, ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ:

Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ միջև համագործակցությանը՝ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն ասաց.

«Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը խթանելու ջանքերում Եվրոպայի խորհրդի հիմնական գործընկերներից է ԵԱՀԿ-ն, և երկու կազմակերպությունների միջև համագործակցության մակարդակը, որն արտահայտվում է խորհրդակցությունների և բարձրաստիճան հանդիպումների մշտական ձևաչափով, դրա ապացույցներից մեկն է։

2004թ.-ից համագործակցությունն ամրապնդվել է հատկապես ազգային փոքրամասնությունների պաշտպանության, ահաբեկչության, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և հանդուրժողականության խթանման ոլորտներում:

Եվրախորհուրդը և ԵԱՀԿ-ն սերտ համագործակցություն են հաստատել մի շարք այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լրատվամիջոցների ազատությունը, ընտրությունների դիտարկումը։ Երկու կազմակերպությունների միջև փոխգործակցությունը զարգանում է նաև որոշ անդամ-պետություններում, որտեղ երկուսն էլ ներկայացուցչություններ ունեն։

Եվրախորհրդում Հայաստանի նախագահությունն ուշադրության կենտրոնում է պահելու Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի միջև ուղղորդված և արդյունավետ համագործակցությունն առավել զարգացնելուն ուղղված քայլերը»։

ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ելույթ ունեցան նաև Եվրոպական միության, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Անդորրայի, Վրաստանի, Բելառուսի, Շվեյցարիայի պատվիրակությունների ղեկավարները, որոնք շնորհավորելով նախարար Նալբանդյանին ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, իրենց երկրների աջակցությունը հայտնեցին Եվրախորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացմանը:

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի դեսպանն իր խոսքում ընդգծեց, որ բարեկամ Հայաստանի հետ Ռուսաստանը զարգացնում է դաշնակցային ու ռազմավարական հարաբերություններ։ Նա նշեց, որ Ռուսաստանը կիսում է Հայաստանի կողմից հռչակված առաջնահերթությունները և ողջունեց եվրոպական գործերում Եվրոպայի

խորհրդի դերակատարությունը բարձրացնելու Հայաստանի նպատակը, որն «ամբողջովին համընկնում է այդ կազմակերպության վերաբերյալ Ռուսաստանի

տեսլականին՝ որպես եվրոպական կարևորագույն կառույցներից մեկի, որը կարող

է իր նպաստը բերել առանց բաժանարար գծերի Մեծ Եվրոպայի կառուցման գործում»։

«Միացյալ Նահանգներն ու Հայաստանը ամուր գործընկերություն ունեն լայն

շրջանակի հարցերի շուրջ՝ խաղաղության և տարածաշրջանային անվտանգության պահպանում, առևտրի և ներդրումների խրախուսում, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդում։ Միացյալ Նահանգները գնահատում են Հայաստանի ներդրումը Աֆղանստանում մեր միասնական առաքելությանը և

Կոսովոյում խաղաղապահ գործողությանը։

Մաղթում ենք ԵԽ-ում Հայաստանի նախագահությանը ամենայն հաջողություն»,- նշեց ԱՄՆ պատվիրակության ղեկավարը:

ԵԱՀԿ-ում ԵՄ ներկայացուցիչն իր խոսքում շնորհավորելով Հայաստանին ԵԽ

Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ ողջունեց Հայաստանի որոշումը ԵԽ նախագահության ընթացքում կենտրոնանալ այնպիսի առաջնահերթությունների վրա, որոնք նաև ԵԱՀԿ օրակարգում են։ Նա կարևորեց, որ Հայաստանի առաջնահերթությունների թվում է եվրոպական արժեքների առաջմղումը, Եվրոպայում ռասիզմի ու այլատյացության դեմ պայքարը և այդ թեմայով բարձր մակարդակի համաժողովի կազմակերպումը:

ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին հաջորդեց Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի պատվին տրված պաշտոնական ճաշը։

Աղբյուրը՝ ՀՀ ԱԳՆ

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը «Ոչ-պետական դերակատարների կարողությունների ուժեղացում՝ ԵՀՔԳ արևելյան տարածաշրջանում բարեփոխումների խթանման և հանրային հաշվետվողականության բարձրացման նպատակով» ծրագրի շրջանակներում հայտարարում է ավագ և կրտսեր փորձագետների մրցույթ: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի օժանդակությամբ և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցությամբ: Կարդալ ավելին…