Եթե ուզում ես ապագա ունենալ, ներդրումներ կատարիր կրթական ոլորտում

Եթե ուզում ես ապագա ունենալ, ներդրումներ կատարիր կրթական ոլորտում

“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ շարունակում է իրականացնել “Ղազախստան. հաջողության գաղտնիքներ” ծրագիրը, որի հերթական փուլն անցկացվեց Գավառի պետական համալսարանում “Ղազախստանի կրթական վերելքը. գիտական ձեռքբերումներ” կլոր սեղան-սեմինարով, որին մասնակցում էին ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը, “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, փորձագետներ, համալսարանի ուսանողները և դասախոսական անձնակազմը:

Ողջույնի խոսքում համալսարանի ռեկտոր Ռ. Հակոբյանը նշեց, որ Գավառի պետական համալսարանը համագործակցում է Եվրոպական տարբեր համալսարանների հետ, և Ղազախստանի հետ համագործակցելու ցանկություն ևս կա: Այս հանդիպումը լավ առիթ հանդիսացավ նաև տվյալ հարցի շուրջ քննարկումներ անցկացնելու համար:

ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովն իր խոսքն սկսեց հավաքվածներին ողջունելով հայերենով:

Անդրադառնալով թեմային՝ դեսպանը հայտնեց, որ Ղազախստանը մշակել է զարգացման սեփական ռազմավարություն: Նրա խոսքերով՝ Ղազախստանի զարգացման ամենալավ ցուցանիշը կենսապայմանների զարգացումն է, որին բնականաբար մեծ ուշադրություն է հատկացվում: Բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները հնարավոր է գրանցել, եթե կա առողջ հասարակություն:

Այիմդոս Բոզժիգիտովն ընդգծեց, որ Ղազախստանում կան 130 ազգությունների ներկայացուցիչներ, այդ թվում հայեր: Նա հիշեցրեց հայազգի Լևոն Միրզոյանին, ով Խորհրդային Միության տարիներին եղել է Ղազախստանի կոմկուսի առաջին քարտուղար, իսկ այժմ Աստանայում կան նրա անունը կրող դպրոցներ, փողոց:

ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանը նշեց, որ իր երկիրը մեծ ուշադրություն է դարձնում մարդկային ներուժի զարգացմանը: Նա Ղազախստանի հաջողության կարևորագույն ծրագրերից առանձնացրեց “Ղազախստան – 2050-ը”, որի նպատակը 30 տարվա ընթացքում Ղազախստանը ամենազարգացած երկրների ցուցակում ներառելն է: Կրթական ծրագրերից նա համառոտ ներկայացրեց “Բոլաշակ”-ը (ղազախերեն՝ ապագա): Տվյալ ծրագրի շրջանակներում տարեկան 3 հազար ուսանողներ պետության հաշվին կրթություն են ստանում արտասահմանում՝ պայմանով, որ ուսումն ավարտելուց հետո պետք է վերադառնան և աշխատեն իրենց երկրում:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ նախագահ Կ. Բեքարյանը նշեց ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան հետ երկարատև համագործակցության մասին, որի շրջանակներում “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ ԶԼՄ գործընկերոջ կողմից շուրջ 50 հեռուստահաղորդումներ են պատրաստվել Ղազախստանի մասին, որոնք շոշափում են տարբեր ոլորտներ: Այս տարի հեռուստադիտողին արդեն 5 հաղորդում ներկայացվել է, այդ թվում կրթական ոլորտի մասին:

Կլոր սեղան-սեմինարին հրավիրված զեկուցողներից տնտեսական գիտությունների թեկնածու Մարիամ Ոսկանյանը, ով վերջերս իր հայաստանցի գործընկերների հետ մասնակցել է Աստանայի տնտեսական համաժողովին և արժանացել Նոբելյան մրցանակակիրների Աստանայի ակումբի հատուկ երիտասարդական դրամաշնորհին, պատմեց հենց այդ համաժողովի մասին: Նա նշեց, որ նախորդ տարի 14 մրցանակակիրներ են մասնակցել ֆորումին, այս տարի՝ 12: Նախորդ տարի Հայաստանը ներկայացնող խմբին ընդամենը 2 բալ չէր հերիքել առաջին տեղն զբաղեցնելու համար, և մրցանակը բաժին հասավ Քեմբրիջի երիտասարդ գիտնականներին: Այս տարի աշխատանքը որոշակի լրացումների և մշակումների ենթարկվելուց հետո գրանցեց լավագույն արդյունք: Զեկուցողը հավաքված ուսանողներին ասաց, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է հասնել նման արդյունքի: Նրա խոսքերով՝ Ղազախստանը վառ օրինակ է երիտասարդների շրջանում գիտությունը տարածելու, նրանց գիտության մեջ ներառելու հարցում:

Սեմինարի շրջանակներում զեկույցով հանդես եկավ նաև ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան ատաշե-հյուպատոս Ժանբոլատ Աբուն՝ ներկայացնելով Ղազախստանի որդեգրած ռազմավարությունն ու գրանցած հաջողությունները կրթական ոլորտում: Նա ասաց, որ Ղազախստանը, մեկնաբանելով համաշխարհային փորձը, մշակում է սեփական մեթոդոլոգիան: Նրա խոսքերով՝ 2015 թվականից Ղազախստանը կանցնի 12-ամյա կրթական համակարգի: “Վերջին 3 տարիների ընթացքում գիտական աշխատակիցների թիվը ավելացել է 20%-ով, բացի այդ 2012 թվականից մինչև 35 տարեկան գիտնականները կազմում են 38%”,- տեղեկացրեց Ժանբոլատ Աբուն՝ հավելելով, որ Ղազախստանը մեծ ուշադրություն է հատկացնում իր երիտասարդների՝ արտասահմանում կրթություն ստանալու հնարավորությանը, էլեկտրոնային կրթության ապահովմանը:

Նա ներկայացրեց նաև Հայաստանի և Ղազախստանի համագործակցությունը կրթական ոլորտում: “ՀՀ բուհերում Ղազախստանի 20-ից ավել քաղաքացիներ են սովորում: Իրականացվում է մագիստրանտների փոխանակում Եվրասիական պետական համալսարանի և ԵՊՀ միջև”,- նշեց Ղազախստանի դեսպանատան ատաշե-հյուպատոսը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությունը կշարունակվի: Ժանբոլատ Աբուն հետևյալ խոսքերով եզրափակեց իր միտքը. “Գիտելիքը մարդուն հավասար է դարձնում մարդուն, ժողովրդին՝ ժողովրդին”:

ՀԽ Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի Միջազգային ինտեգրման հարցերի ենթահանձնաժողովի նախագահ, “Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի” տնօրեն Աղավնի Կարախանյանն իր ելույթի ընթացքում Ղազախստանի կրթական ոլորտում մի քանի կարևոր պահեր առանձնացրեց: Նրա խոսքերով, բիզնեսը ևս ֆինանսավորում է կրթությունը: Կարախանյանը նույնպես խոսեց “Բոլաշակ” ծրագրի մասին՝ ընդգծելով, որ ծրագրի բոլոր ուսանողներն ուսումն ավարտելուց հետո վերադարձել են Ղազախստան, և նրանց մեծ մասը բարձր պաշտոններ են զբաղեցնում: “Կա մշակված մեխանիզմ. ինչպե՞ս անել, որ ուսանողները վերադառնան: Ղազախստանի համակարգը վերցրել է Սինգապուրի մոդելը, որին այսօր հետևում են հետխորհրդային մի շարք երկրներ, Չինաստանը, Ադրբեջանը”,- ընդգծեց Կարախանյանը: Նրա խոսքերով` մեզ համար կարևոր է հասկանալ ծրագրի հաջողության էությունը, գաղտնիքը, որպեսզի կարողանանք օրինակ վերցնել, իսկ դա հնարավոր է, քանի որ մեր երկրների միջև կան ընդհանրություններ: “Առաջին` երկուսս էլ հարուստ չենք բնական ռեսուրսներով, ուստի պետք է ներդրումներ կատարենք կրթական ոլորտում և օգուտ քաղենք դրանից: Պետության դերն այս հարցում չափազանց կարևոր է: Կրթական ոլորտը պետության գործն է, այն պատասխանատու է դրա համար: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ բիզնեսը ևս պետք է մասնակից լինի այս հարցում: Հետագայում լավ մասնագետները կներգրավեն բիզնեսում՝ ստեղծելով մրցակցություն”,- ընդգծեց Կարախանյանը՝ իր խոսքն ամփոփելով Ֆրանսիս Բեկոնի հանրահայտ խոսքերով. “Գիտելիքը ուժ է միայն այն ժամանակ, երբ այն կիրառվում է ի նպաստ ժողովրդի բարօրության”:

Հանդիպման ավարտին ներկաներն իրենց հարցերն ուղղեցին դեսպանին և փորձագետներին, ընդ որում հարցերն առնչվում էին ինչպես կրթական, այնպես էլ այլ ոլորտների` միգրացիային, հանդուրժողականությանը, եվրոպական և եվրասիական ինտեգրացիային, և, իհարկե, Ղազախստանի և Հայաստանի տարածաշրջանային համագործակցությանը:

Հիշեցնենք, որ “Ղազախստան. հաջողության գաղտնիքներ” ծրագրի առաջին փուլը տեղի է ունեցել ընթացիկ տարվա հունվարին: Այս տարի նախատեսվում է անցկացնել ևս չորս սեմինարներ:

Արմինե Հարությունյան

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ