ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. Հայաստանի անելիքները Վիլնյուսից առաջ և հետո

Առաջիկա աշնանը ԵՄ Խորհրդի նախագահությունը ստանձնող Լիտվան Վիլնյուսում հյուրընկալելու է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը: Գագաթնաժողովից ունեցած ակնկալիքները մեծ են ինչպես Եվրամիությունում, այնպես էլ ծրագրի մասնակից երկրներում` Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Ադրբեջան, Բելառուս, և հատկապես Հայաստանում: Նախատեսվում է, որ հենց Վիլնյուսում Հայաստանը Եվրամիության հետ կնախաստորագրի Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրերը:

Արևելյան գործընկերության հայեցակարգի և էության վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար, փորձագետ Կարեն Բեքարյանի հետ: Վերջինս նկատեց, որ Արևելյան գործընկերության հայեցակարգը հասկանալու համար նախ անհրաժեշտ է դիտարկել Եվրոպական Միության անվտանգության հայեցակարգը:

Փորձագետի խոսքով, Եվրամիությունը լայն իմաստով իր սեփական անվտանգությունն ապահովելու համար հարևանների հետ հարաբերություններում ընտրել է «փափուկ մոդելը», ինչը ենթադրում է, որ Եվրամիության բարեկեցության ու անվտանգության հարցում շահագրգռված լինեն նաև հարևան պետությունները: Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ Եվրամիության հարևան պետությունները եվրոպական ինտեգրման ճանապարհով հնարավորություն են ստանում սեփական երկրներում կառուցել այդ բարեկեցությունն ու անվտանգությունը:

«Արևելյան գործընկերությամբ Եվրամիության նպատակն է օգնել, աջակցել հարևան պետություններին հնարավորինս արագ եվրոպականացվել: Այսինքն՝ օրենքների, իրավական դաշտի, կյանքի որակի չափորոշիչների նույնականացում, և լինի ընկալում, որ Եվրամիության զարգացումն ու բարեկեցությունը վերաբերում է նաև հարևաններին՝ այնքանով, որքանով լինի բարձր վերջիններիս եվրոպական ինտեգրման աստիճանը»,- ասաց նա:

Փորձագետը նշեց, որ Արևելյան գործընկերությունը հիմնված է չորս հիմնական պլատֆորմների վրա: Առաջինը՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, քաղաքացիական հասարակություն, հիմնարար ազատություններ: Երկրորդը՝ շուկայական տնտեսություն և դրա զարգացման խնդիրներ՝ մաքսային, հարկային բարեփոխումներ, տնտեսական ազատ մրցակցություն և այլն, որոնք հնարավորինս պետք է մոտարկվեն եվրոպական նորմերին և չափանիշներին: Երրորդը՝ էներգետիկ անվտանգության խնդիրներ: Չորրորդը՝ միջանձնային շփումներ, տեղաշարժի ակտիվացում, ազատականացում, վիզաների դյուրացում:

«Արևելյան գործընկերության շրջանակում Եվրամիության հետ Հայաստանի ամբողջ բանակցային գործընթացը կառուցված է այդ չորս պլատֆորմների վրա: Պայմանական ասած, եթե հաշվենք 100 տոկոս սանդղակով, ապա այս փուլում իրականացվել է բարեփոխումների 70 տոկոսն ու ավելին: Այլ հարց, որ այդ բարեփոխումները մաշկի վրա զգալու համար ժամանակ է պետք: Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման խնդիրը չէր դրվի, եթե այդ բարեփոխումներն իրականացված չլինեին»,- ընդգծեց Կ. Բեքարյանը:

Պարզաբանելով, թե ի՞նչ է նշանակում նախաստորագրում ասվածը, Կ. Բեքարյանն ասաց, որ դա նշանակում է, որ բարեփոխումների հիմնական փաթեթը իրականացված է, սակայն կան բլոկներ, որոնք ընթացքի մեջ են:

«Նախաստորագրելով Ասոցացման համաձայնագիրը մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը կամ դրա ժամանակ՝ համաձայնեցվելու է գործողությունների հետագա ժամանակացույցը, որն ավարտելուց հետո վերջնականապես կստորագրվի, այնուհետև կվավերացվի և կմտնի ուժի մեջ: Սա տևական գործընթաց է»- ասաց Կ. Բեքարյանը:

Իսկ հարցին, թե բանակցություններն այս փուլում վերաբերում են զուտ իրավական նորմերի՞ փոփոխություններին և համապատասխանեցմանը եվրոպական նորմերին, վերլուծաբանը պատասխանեց, որ բանակցությունները ոչ միայն իրավական նորմերի համապատասխանեցմանն է վերաբերում, այլև կյանքի հնարավոր բոլոր ոլորտների չափանիշների համապատասխանեցմանը եվրոպական ստանդարտներին:

Որպես օրինակ Կ. Բեքարյանը նշեց սննդի անվտանգության, տնտեսվարող սուբյեկտների հետ կապված բյուրոկրատական գործընթացների թեթևացման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, մեկ պատուհանից օգտվելու սկզբունքի կիրառման, մաքսային և հարկային վարչարարության համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին:

«Բոլոր ոլորտներում այդ խնդիրը դրված է: Շատ ռեալ հնարավորություն ունենք Հայաստանում ունենալ կյանքի այն որակը, որը կա Եվրոպայում»,- նկատեց նա:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ անելիքներ ունի Հայաստանը մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը և ո՞ր ոլորտներում է ամենից շատ դանդաղում բարեփոխումների ընթացքը, Կ. Բեքարյանն ընդգծեց, որ խնդիրը բարեփոխումների կիրառումն է կյանքում, որը, նրա դիտարկմամբ, ժամանակ է պահանջում:

«Իրավական դաշտը հիմնականում մոտարկված է եվրոպական նորմերին, սակայն երբ պետք է կյանքի կոչվի, այդտեղ կան խնդիրներ, դեռ կան էլեմենտներ, որոնք պետք է իմպլեմենտացվեն: Վերջին արդյունքը չափում ես ոչ թե իրավական ակտը կարդալով, այլ կյանքում դրա բերած որոշակի փոփոխությամբ»,- փաստեց փարձագետը:

Նա, միաժամանակ, ընդգծեց, որ Հայաստանը Արևելյան գործընկերությամբ սահմանված բարեփոխումների իրականացման առումով մեծ առաջընթաց է արձանագրել վերջին համապետական ընտրությունների առումով:

«Ընտրությունների գնահատականները բավականին բարձր էին: Բոլոր դեպքերում Եվրամիությունը առջևում է պահում մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրը, առաջին պլատֆորմը: Եթե նույնիսկ տնտեսական լուրջ արդյունքներ արձանագրես, բայց մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակը բարվոք չլինի, առաջընթացի գնահատականը կլինի մասնակիորեն և վերապահումներով»,- վստահեցրեց վերլուծաբանը:

Փորձագետն, անդրադառնալով Վիլնյուսի գագաթնաժողովից հետո Հայաստանի անելիքներին և ակնկալիքներին, նշեց, որ գագաթնաժողովից հետո կհամաձայնեցվի, այսպես կոչված, Ասոցացման օրակարգը, որում կոնկրետ ժամկետներով հստակեցվելու են հետագա անելիքները, որոնց նկատմամբ վերահսկողությունը և մոնիտորինգը կկարողանա իրականացնել նաև քաղաքացիական հասարակությունը: Նրա խոսքով, ակնկալիքները վերաբերում են եվրոպական ինտեգրման տեմպերի արագացմանը:

Նշենք, որ Արևելյան գործընկերությունը մեկնարկել է 2009թ.-ից Պրահայի գագաթնաժողովով, որում ընդունված հռչակագրով նախանշվեցին Եվրամիության հետ ինտեգրման երկկողմ և բազմակողմ ձևաչափերը: Արևելյան գործընկերության անդամ երկրների և Եվրամիության միջև հանդիպումներն ու բանակցությունները երկրի ղեկավարների մակարդակով տեղի են ունենում երկու տարին մեկ անգամ, իսկ արտգործնախարարների մակարդակով՝ տարին մեկ անգամ:

Եվրամիության և Հայաստանի միջև 2012թ.-ի դեկտեմբերի 17-ին ստորագրվել է վիզաների դյուրացման, իսկ 2013թ. ապրիլի 19-ին հետընդունման (ռեադմիսիա) մասին համաձայնագրերը, որոնք պետք է վավերացվեն կողմերի խորհրդարանների կողմից և նախատեսվում է, որ ուժի մեջ կմտնեն մինչև աշուն: Իսկ խորը ու համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը ենթադրում է Եվրամիության և կոնկրետ պետության միջև արտահանման և ներմուծման մաքսատուրքերի վերացում, սակայն պետությունն շարունակում է ազատորեն որոշել իր մաքսային քաղաքականությունը երրորդ պետությունների հարցում՝ ի տարբերություն մաքսային միությունների:

Պետք է փաստել, որ եվրոպական ինտեգրումը հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, սակայն այն չպետք է շփոթել Եվրոպական միությանն անդամակցելու նպատակի հետ: Եվրամիությանն անդամակցելու ցանկություն Հայաստանը երբևէ չի արտահայտել, իսկ Արևելյան գործընկերությունն ինքնին նման հեռանկար չի նախատեսում:

Արևելյան գործընկերությունն իր երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևաչափերով հնարավորություն է տալիս պետություններին որոշել, թե ինչ աստիճանի սերտացնել Եվրամիության հետ հարաբերությունները: Այսպես, Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովում Ադրբեջանի ու Բելառուսի հետ նախատեսված չէ Ասոցացման և Ազատ առևտրի մասին պայմանագրեր նախաստորագրել, քանի որ նրանք դանդաղում են բարեփոխումներ իրականացնելիս և փաստացի չեն ցուցաբերում նման շահագրգռություն: Նրանց շահագրգռությունը դրսևորվում է կոնկրետ ոլորտներում, մասնավորապես` էներգետիկայի և տարանցման:

Արևելյան գործընկերության հիմքում դրված է «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքը: Առանձին վերցրած Եվրամիության հետ Ասոցացման և Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը հիմնականում կրում են տնտեսական բնույթ: Օրինակ, Եվրամիության հետ Ասոցացման և Ազատ առևտրի մասին համաձայնագրեր են կնքել Ալժիրը, Եգիպտոսը, Հորդանանը, Իսրայելը, Մեքսիկան, Թունիսը, Չիլին, Հարավային Աֆրիկան, Հարավային Կորեան: Բնականաբար, այդ պետությունները հենց միայն իրենց աշխարհագրական դիրքով չեն կարող հավակնել դառնալ Եվրամիության անդամ:

Աղբյուր՝ Panorama.am