Այս շաբաթ Եվրոպայում…

Մեր տեղեկատվական գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ-ն ներկայացնում է այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին։

Հունիսի 17-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Մարգալյոյի հրավերով կմեկնի Իսպանիա: Նախատեսվում է, որ այցի շրջանակներում տեղի կունենան երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները:

Հունիսի 17-18–ը Մեծ Բրիտանիայի նախագահությամբ Հյուսիսային Իռլանդիայի Լախ Երնե (Lough Erne) քաղաքում կանցկացվի Մեծ ութնյակի գագաթաժողովը։ Հանդիպումը նվիրված է լինելու գլոբալ առևտրի, հարկահանության, թափանցիկության հարցերին։ ԵՄ-ն կներկայացնեն ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը և Եվրահանձնաժողովի հանախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն։

Ակնկալվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համախագահող երկրների ղեկավարները՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդները գագաթաժողովի շրջանակներում հանդես կգան ղարաբաղյան խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։

Գագաթաժողովի միջոցառումներին կարող եք հետևել հետևյալ հղմամբ՝ https://www.gov.uk/government/topical-events/g8-2013։

Հունիսի 17-20-ը Ուկրաինայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան կայցելի Հարավային Կովկաս: Հունիսի 17-18-ը նա կայցելի Ադրբեջան, 18-19-ին կլինի Հայաստանում: Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Կոժարան հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, վերջիններս ներկայացրել են բանակցությունների ընթացքն ու Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ վերջին հանդիպումների արդյունքները։ Այցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ / http://www.osce.org/cio /

Հունիսի 17-18-ը Վիեննայում կանցկացվի «ԵԱՀԿ անվտանգության օրեր» համաժողովը, որին կմասնակցեն լրագրողներ, փորձագետներ, ՀԿ ներկայացուցիչներ։ Կքննարկվի ԵԱՀԿ տարածքում անվտանգության հարցը, հիմնական սպառնալիքներն ու դրանց հաղթահարման ուղիները, այդ թվում՝ չկարգավորված հակամարտությունները։ Համաժողովի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://www.osce.org/sg/102159։

Հունիսի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Ավստրիա՝ Վիեննայում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին։ Գագաթաժողովի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://www.epp.eu/sites/default/files/content/press_releases/pdf/Vienna%20110613.pdf:

ԵՄ ուշադրության կենտրոնում շարունակելու է մնալ ազատությունների հարցը Թուրքիայում։ Հունիսի 18-ին Եվրախորհրդարանի Արտաքին գործերի կոմիտեն կքննարկի օրենսդրական փոփոխությունը և իշխանությունների պահվածքը ցուցարարների նկատմամբ Թուրքիայում։ Բացի այդ, հունիսի 20-ին կանցկացվի Speak Up!2 համաժողովը նվիրված բալկանյան երկրներում և Թուրքիայում արտահայտման և ԶԼՄ-ների ազատությանը։ Տես՝ http://www.speakup2conference.eu/en/home_95.aspx։

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ