ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵԽ-ՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

Հունիսի 18-ից 19-ը Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության առաջին միջոցառումը՝ “Իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթության ողջ կտրվածքին վերաբերող հարցերին” նվիրված խորհրդաժողովը։ Երկօրյա միջոցառման ընթացքում ուշադրություն կդարձվի այս խնդրի ամենատարբեր ասպեկտներին: Այս մասին “Արմեդիա” ՏՎԳ-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Խորհրդաժողովին բացման խոսքով հանդես կգան Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆ.Բոայան։ Միջոցառման հիմնական զեկուցողների թվում է նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Ն.Մուժնիկսը։

Խորհրդաժողովին կմասնակցեն ԵԽ անդամ 47 պետությունների, ինչպես նաև իրավական ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման ոլորտում ներգրավված հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։

Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների ցանցի “HELP Programme” հիմնական նպատակն է զարգացնել դատավորների, դատախազների և փաստաբանների կարողություններն ազգային մակարդակում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան արդյունավետ կիրառելու համար։

 18.06.2013