“Կայունությունը “խաբկանք” է, եթե չի հենվում մարդու իրավունքները հարգելու վրա”

2007 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրվեց հրաման, որի համաձայն հանրապետությունում ամեն տարի այդ օրը պետք է նշվի որպես Մարդու իրավունքների օր: Այս կարևոր օրը տոնում են նաև այս տարի, սակայն այս երկրում մարդու իրավունքների հետ կապված հարցերը լուրջ անհանգստություն են հարուցում:

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ակտիվիստների մի խումբ դիմել է ԵՄ ղեկավարությանը` հունիսի 21-ին Բրյուսել նախատեսված Ալիևի այցի ընթացքում մարդու իրավունքների խախտումների հարցը բարձրացնելու և տվյալ ոլորտում խնդիրները լուծելու հարցում աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Նամակն ուղղված է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Բարոզուին և ԵՄ Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյին:

“Իհարկե, բանակցությունների օրակարգի ամենակարևոր հարցը լինելու է Ադրբեջանի և ԵՄ միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության առաջարկը: Հարավային գազային “միջազնցքը” կարևոր է ոչ միայն Ադրբեջանի համար, այլև ողջ տարածաշրջանի: Սակայն Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի վատացումը ևս ուշադրության արժանի և մտահոգություն հարուցող հարց է”, – ասվում է նամակում:

Ադրբեջանի կառավարությունը չի կատարում մարդու իրավունքների վերաբերյալ ԵՄ, ԵԱՀԿ, ԵԽ և ՄԱԿ-ի առջև իր պարտականությունները, նշվում է նամակում:

Նամակում նաև հիշատակվում է, որ 2009 թվականի հանրաքվեի արդյունքում Ադրբեջանի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցվեցին, որոնք հնարավորություն տվեցին Իլհամ Ալիևին ցմահ ղեկավարել երկիրը` չնայած նրան, որ ԵԽ Վենետիկյան հանձնաժողովն այդ նորամուծությունները գնահատեց որպես “ժողովրդավարությունից լուրջ քայլ դեպի ետ”: Հիշեցնենք, որ այս ամիս Ադրբեջանի իշխող կուսակցությունն Ալիևի թեկնածությունն առաջադրեց նախագահության երրորդ շրջանի համար:

Մյուս կողմից, Ադրբեջանի գործող օրենսդրությունը թույլ չի տալիս ազատ և արդար ընտրություններ կազմակերպել: Չնայած այն հանգամանքին, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը բազմիցս նշել է ընտրական հանձնաժողովների նկատմամբ քաղաքական ուժերի վստահության բացակայությունը, իշխանություններն այդ ուղղությամբ ոչ մի դրական քայլ չեն ձեռնարկում:

Նամակի հեղինակները կոչ են անում ԵՄ-ին չզոհել ժողովրդավարությունը հանուն էներգետիկ շահերի: “Արաբական գարնան” հեղափոխությունները ցույց են տվել, որ կայունությունը “խաբկանք” է, եթե այն չի հենվում մարդու իրավունքները հարգելու վրա: Նամակի հեղինակների կարծիքով, Հարավային գազային “միջանցքի” նախագիծը պետք է իրականացվի Ադրբեջանում մարդու իրավունքների ապահովման պայմանով:

Նրանք կոչ են անում Բարոզուին և Ռոմպեյին նպաստել Ադրբեջանում մարդու իրավուքների ոտնահարմանը վերջ տալուն, քաղբանտարկյալների ազատմանը և արդարության վերականգնմանը:

Նամակն ստորագվել է 50 անձանց կողմից. իրավապահներ, փաստաբաններ, լրագրողներ, փորձագետներ, ստեղծագործ մտավորականության ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, հայտնում է contact.az-ը:

Այսպիսին է ակտիվիստների դիքորոշումը, սակայն եթե հավատանք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպան (օմբուդսմեն) Էլմիրա Սուլեյմանովային, Ադրբեջանում լուրջ բարեփոխումներ են իրականացվում մարդու իրավունքների ոլորտում: Օմբուդսմենը նշել է, որ մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ կան ողջ աշխարհում, և Ադրբեջանը բացառություն չէ:

Աղբյուր՝ “Արմեդիա” ՏՎԳ