Այս շաբաթ Եվրոպայում…

ՀՀ-ն ստանձնել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը վեց ամիս ժամկետով՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը։

Հունիսի 24-28-ին տեղի կունենա ԵԽԽՎ ամառային նստաշրջանը։ ԵԽ Նախարարների խորհրդի նախագահի դերում ելույթով հանդես կգա ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հունիսի 25-ին նախատեսվում է որոշում կայացնել Հունգարիայի նկատմամբ մոնիթորինգային ընթացակարգի վերաբացման վերաբերյալ։

Հունիսի 24-ին տեղի է ունենալու ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված են ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ուղերձը Սերբիային և Կոսովոյին, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների քննարկում: Հուլիսին կայանալիք ԱլԳ ԱԳ նախարարների հանդիպման և Վիլնյուսի գագաթնաժողովի նախօրեին անդրադարձ է կատարվելու Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրերի համաձայնեցման գործընթացի եզրափակմանը։ Կայանալու են ԵՄ-Ուկրաինա Համագործակցության խորհրդի և ԵՄ-Մոլդովա համագործակցության խորհրդի նիստերը (հունիսի 25-ին)։

Հունիսի 25-ին Բրյուսելում բացվում է Իսլամական համագործակցության կազմակերպության (OIC) գրասենյակը։ Արարողությանը ներկա է գտնվելու Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։

Հունիսի 27-28-ին տեղի է ունենալու ԵՄ խորհրդի նիստ, կամ այսպես կոչված՝ ԵՄ գագաթնաժողով, որի ընթացքում քննարկվելու են տնտեսական մի շարք հարցեր։

Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ստամբուլում (Թուրքիա) կանցկացվի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա 22-րդ նստաշրջանը։ Նախատեսվում է Քաղաքական հարցերի և անվտանգության, Տնտեսական հարաբերությունների, գիտության, տեխնոլոգիաների և շրջակա միջավարի, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական խնդիրների կոմիտեների կողմից ներկայացվող երեք բանաձևերի ընդունում։ Քննարկման են դրվել ևս 29 հավելյալ փատաթղթեր, այդ թվում՝ Սիրիայի ճգնաժամի, Թուրքիայի քրդերի, Մերձդնեստրի հակամարտության և այլ հարցերի վերաբերյալ։

Աղբյուրը` “Արմեդիա” ՏՎԳ