Ս.ՍԱՐԳՍՅԱՆ.ԵՎՐՈՊԱՆ ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ ԴԵՌԵՎՍ ՄԻԱՅՆ ՇՈՒԿԱ Է

Լեհաստան կատարած այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ տված մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որի ընթացքում նշել է. “Ցավոք, մեր տարածաշրջանում դեռևս առկա են խնդիրներ, հանգամանքներ, որոնք խոչընդոտում են Արևելյան գործընկերությամբ ընձեռված հնարավորությունների լիարժեք իրացմանը: Եվրոպան, ցավոք, ոմանց համար դեռևս միայն շուկա է և ոչ թե արժեհամակարգ”:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլիս ծառայությունից:

Նա նաև ավելացրել է, որ “մեր մի հարևանը, որը հայտարարում է եվրոպական ուղին որդեգրելու մասին, զուգահեռաբար հերոսացնում է էթնիկ հողի վրա ստոր մարդասպանություն գործած սրիկային, սպառնում է հարվածել քաղաքացիական օդանավերին, պատերազմով զրկել հազարամյակներով իր հողի վրա ապրող ժողովրդին այդ իրավունքից: Մեր մյուս հարևանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա և հանդիսանում է ԵՄ մաքսային միության անդամ, մեր անկախության առաջին իսկ օրերից փակել է մեր սահմանը և հրաժարվում է 21-րդ դարում հարևանների միջև այդքան առօրեական համարվող հարաբերություններից: Եվրոպայի հետ մեր վարած բանակցությունների առանցքն է շուկաների փոխադարձ հասանելիությունը, մարդկանց տեղաշարժի ազատությունը, բայց միևնույն ժամանակ Հայաստանի սահմանը ԵՄ մաքսային միության հետ մնում է փակի տակ: Մենք ակնկալում ենք դրա անընդունելիության լիարժեք և հստակ գնահատական”:

26.05.2013