“Էքսպո-2017. ապագայի էներգիայի ճանապարհին”

2017 թվականին “Էքսպո” միջազգային ցուցահանդեսը կանցկացվի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Այն նվիրված կլինի ակտուալ թեմայի՝ ապագայի էներգիային, և արդեն այսօր բազմաթիվ մասնագետներ քննարկում են ալտերնատիվ էներգիայի, ապագայի էներգիայի, կանաչ տնտեսության հարցերը, որոնք ունակ են լուծել բազմաթիվ տնտեսական և էկոլոգիական հարցեր: Հենց Աստանայում նախատեսվող “Էքսպո-2017″ ցուցահանդեսին էլ նվիրված էր “Էքսպո-2017. Ղազախստանը՝ ապագայի էներգիայի ճանապարհին” կլոր սեղան քննարկումը, որը տեղի ունեցավ հունիսի 21-ին Գորիսի պետական համասարանում:

Ողջունելով հյուրերին՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրի Սաֆարյանը հույս հայտնեց, որ հանդիպումը հիմք կդնի Հայաստան-Ղազախստան բազմակող համագործակցության ինչպես միջշրջանային, այնպես էլ միջբուհական կապերին:

Իր խոսքում ՀՀ-ում Ղազախստանի Արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը պատմեց ներկաներին այն նախադրյալների մասին, որոնց շնորհիվ հենց Ղազախստանը շահեց Էքսպոն անցկացնելու հայտը՝ բազմաթիվ ձայներով առաջ անցնելով բելգիական Լեժ քաղաքից…

Տնտեության մակարդակ, նախաձեռնողական քաղաքականություն, սոցիալական և կրթական բարեփոխումներ, երկրի ներսում հանդուրժողականության անսովոր մակարդակ, տարբեր միջազգային նախաձեռնություններ. հնարավոր է՝ Ղազախստանի հենց այս և այլ հաջողություններ հիմք հանդիսացան, որ երկրի նոր մայրաքաղաքը պատիվ ունենա ընդունել “Էքսպո-2017″-ը: Հնարավոր է նաև, որ շատերը նախապատվությունը տվել են հենց մեր ընտրած կարգախոսին. “Ապագայի էներգիա”, քանի որ այս թեման այսօր ակտուալ է ողջ աշխարհի համար:

Հայաստանում Ղազախստանի դեսպանատան առաջին քարտուղար Ժենիս Ումբետովը նշել է, որ Աստանան հետխորհրդային տարածքում առաջին քաղաքն է, որն ստացել է “Էքսպո” միջազգային ցուցահանդեսն անցկացնելու իրավունքը, և Հայաստանն Աստանայի ընտրության հարցում շատ է աջակցել ղազախստանյան մայրաքաղաքին: Սակայն, Ումբետովի խոսքերով, ցուցահանդես անցկացնելն ինքնանպատակ չէ, առավել կարևոր է թեման, որն իր շուրջ կհավաքի 2017 թվականի միջազգային ցուցահանդեսի մասնակիցներին: “Աշխարհին պետք են զարգացման նոր ուղիներ. կանաչ տնտեսություն և էկոլոգիական էներգիա: Ենթադրվում է, որ Աստանայի ցուցահանդեսը էներգիայի նորացվող աղբյուրների օգտագործման վերաբերյալ բազմաթիվ նոր տեխնոլոգիական առաջարկներ ի հայտ կբերի: Սպասվում է, ցուցահանդեսին կմասնակցեն աշխարհի շուրջ 100 երկրների ներկայացուցիչներ և մոտ 10 միջազգային կազմակերպություններ, բացի այդ, ցուցահանդեսը կայցելի ավելի քան 5 միլիոն մարդ”, – ընդգծել է Ումբետովը:

Արևելագետ, ԵՊՀ դասախոս Նաիրա Մկրտչյանը պատմել է այն մասին, թե ինչպես է ծագել “Էքսպո” ցուցահանդեսը, որի շրջանակներում ցուցադրվում են նորագույն գիտատեխնիկական ձեռքբերումներ, զարգացման հեռանկարներ, ինչպես նաև ողջ աշխարհի երկրների պատմությունը, ավանդույթները, մշակույթը: “Առաջին անգամ համաշխարհային ցուցահանդեսը կազմակերպվել է 1851 թվականին Մեծ Բրիտանիայում: Քչերը գիտեն, որ հայտնի Էյֆելյան աշտարակն սկսել են կառուցել 1889 թվականին Փարիզում կայանալիք հենց այս ցուցահանդեսի համար: Տարբեր ժամանակներում ցուցահանդեսի աշխատանքների մեջ ներգրավվել են համաշխարհային մեծության այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Վագները, Շտրաուսը, Վերդին, Մանեն, Պիկասոն, Դալին և այլք: Ցուցահանդեսների միջազգային բյուրոյի մեջ մտնում են 166 երկրներ”, – պատմեց Ն. Մկրտչյանը:

“Մաքուր էներգիա” ՀԿ նախագահ Վահե Դավթյանը, ով հանդիսանում է նաև հայ-ռուսական սլավոնական համալսարանի քաղաքական գործընթացների և տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, իր զեկույցում խոսեց այն մասին, որ, համաձայն հետազոտությունների, Հայաստանը և Ղազախստանը շատ ընդհանրություններ ունեն ալտերնատիվ էներգիայի զարգացման հարցերում: “Մեր երկրներն ունեն ներուժ, էներգետիկայի հումանիզացման ճանապարհին առաջին քայլերն արդեն արվում են, սակայն պետք է միասնական էներգետիկ քաղաքականություն վարել այն պայմաններում, երբ աշխարհում պայքար է ընթանում էներգառեսուրսների համար, էներգիան բաշխված է անհամաչափ և հաճախ օգտագործվում է անտեղի: 21-րդ դարի կեսին էներգիայի պաշարները կսպառվեն, այդ իսկ պատճառով էնեգիայի ալտերնատիվ տեսակների ի հայտ գալը բավական ակտուալ է այսօր”, – ասել է Վ. Դավթյանը: Նրա խոսքերով, Հայաստանում վաղուց մտածել են արևի էներգիան օգտագործելու մասին (ի դեպ, Հայաստանում և Ղազախստանում արևային օրերի և արևային տաքության ցուցանիշները գրեթե նույնն են): Ինչ վերաբերում է հողմակայաններին, ապա այս հարցում ևս հայաստանյան և ղազախստանյան էներգառեսուրսների շուկաների միջև շատ զուգահեռներ կան: Վահե Դավթյանը կարծում է, որ եկել է հայ-ղազախստանյան համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու ժամանակը, որը կուսումնասիրի և կօգտագործի էներգիայի բոլոր թարմացվող տեսակները, և այս հարցում անհարժեշտ են բավական լուրջ ներդրումներ:

Թեմայի շուրջ հետաքրքիր բանավեճ ծավալվեց. քննարկվեցին Մեծամորի ԱԷՍ-ը և էներգիայի այն տեսակների օգտագործման հարցը, որոնք կարող են փոխարինել ԱԷԿ-ը: Խոսվեց նաև Հայաստանում փոքր ԳԷՍ-երի փորձի և այդ փորձը Ղազախստանում կիրառելու, ՀՀ և Ղազախստանի միջև միջշրջանային կապերի հնարավորությունների մասին և այլն: Նշելով, որ նման քննարկումները բավական կարևոր են և դրանց շրջանակներում շատ հնարավորություններ են ծնվում հետագա համագործակցության համար՝ բանավեճի մասնակիցներն ընդգծեցին, որ, հնարավոր է, որ հենց Հայաստանի Սյունիքի շրջանը, որտեղ զարգացած են էկոլոգիական էներգիայի օգտագործման չափանիշները, կներկայացնի մեր երկիրը Աստանայում՝ “Էքսպո-2017″-ի շրջանակներում…

Հավելենք, որ Գորիսի քննարկումը կազմակերպվել է “Ղազախստան. հաջողության գաղտնիքները” ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան աջակությամբ:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ