ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԺԱՆ ԿԼՈԴ ՄԻՆՅՈՆԻ ՀԵՏ

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ աշխատանքային այցով Ստրասբուրգում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:

Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ:

Ողջունելով ԱԺ նախագահին` ԵԽԽՎ նախագահը կարևորեց Հայաստանի խորհրդարանի նախագահի այցը և ներկայությունը ԵԽԽՎ նստաշրջնանին: Ժան Կլոդ Մինյոնը շնորհակալություն հայտնեց Հայաստանի խորհրդարանին ԵԽԽՎ Բյուրոյի և մշտական հանձնաժողովի նիստերը Երևանում գերազանց կազմակերպելու և անցկացնելու համար: ԵԽԽՎ նախագահը կարևորեց ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը, հայտարարած առաջնահերթությունները և օրակարգը: Նա կարևոր համարեց ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ակտիվ գործունեությունը և բարձր գնահատեց Վեհաժողովի քաղաքական խմբերում և հանձնաժողովներում կատարած աշխատանքը:

Կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հարցին` վերահաստատելով հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Կողմերը համակարծիք էին, որ ցանկացած գործողություն, որը կարող է խաթարել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, պետք է բացառվի, միաժամանակ վերահաստատելով համանախագահ երկրների կողմից առաջարկված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման երեք հիմնարար սկզբունքները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը կարևորեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցը և ուրախությամբ նշեց, որ առաջիկայում ինքը առաջին անգամ կայցելի Հայաստան՝ մասնակցելու Ազգային ժողովում կայանալիք “Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում” միջազգային համաժողովին: Դին Շպիլմանը բարձր գնահատեց հայ 4 իրավաբանների աշխատանքը Եվրոպական դատարանում և հույս հայտնեց, որ Հայաստանից նոր երիտասարդ իրավաբաններ կգործուղվեն ՄԻԵԴ, քանի որ դատարանը իր ծանրաբեռնվածության պատճառով լրացուցիչ իրավաբանների կարիք ունի: Ըստ Շպիլմանի` դա կարևոր է և արդյունավետ նաև փորձի փոխանակման առումով: ՄԻԵԴ նախագահը անդրադարձավ նաև Հայաստանին վերաբերող գործերին` նշելով, որ դրանք տարբեր աստիճանի բարդություն ունեն, սակայն մեծ թիվ չեն կազմում: Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի գործին` Դին Շպիլմանը նշեց, որ Եվրոպական դատարանը նման զգայուն գործերի փորձ ունի և ՄԻԵԴ գնահատականը միանշանակ կլինի իրավական:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր ևս:

28.06.2013