Չճանաչված պետություններ. Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն

Չճանաչված պետություններն այսօր իրողություն են, որոնք իրենց ազդեցությունն ունեն գլոբալ քաղաքական գործընթացներում՝ հանդիսանալով չկարգավորված հակամարտությունների արդյունք: Վերջիններիս առկայության անտեսումն ու “սև խոռոչների” գոյությունն այլևս անհնար է դառնում, և մեծ կարևորություն է ստանում չճանաչված պետությունների, դրանց առանձնահատկությունների և դերի ուսումնասիրությունը:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ տեղեկատվական գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ-ն ներկայացնում է տեղեկանքների շարք՝ նվիրված չճանաչված պետություններին: Որպես չճանաչված պետություններ՝ դիտարկվում են ՄԱԿ անդամ չհանդիսացող, կայացած պետական ինստիտուտներ ունեցող և սեփական տարածքի նկատմամբ լիարժեք կամ մասնակի վերահսկողություն ունեցող իրենց անկախ հռչակած միավորները։

Ստորև ներկայացվում է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության մասին տեղեկանք:

Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը հռչակվել է 1990թ. սեպտեմբերի 2-ին Ազգային պատգամավորների երկրորդ նիստի ժամանակ։ Առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1991թ. սեպտեմբերի 1-ին, այնուհետև 1995թ. դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած հանրաքվեով փոփոխվել է՝ հռչակելով Մերձդնեստրի մոլդովական հանրապետությունը որպես դեմոկրատական, իրավական, ինքնիշխան պետություն՝ խորհրդարանա-նախագահական կառավարման ձևով։ Երկրի ղեկավարը նախագահն է։

2006թ. սեպտեմբերի 17-ին կայացել է համազգային հանրաքվե, որի ժամանակ Մերձդնեստրի բնակիչների 97,2%-ը կողմ է արտահայտվել “Մերձդնեստրի մոլդովական հանրապետության անկախությանն ու հետագայում Ռուսաստանի Դաշնությանն ազատ միանալուն”։

Մերձդնեստրի Հանրապետությունը ճանաչել են չճանաչված պետություններ Աբխազիան, Հարավային Օսիան և ԼՂՀ-ն։ Մերձդնեստրն իր դեսպանատներն ունի Հարավային Օսիայում և Աբխազիայում։ Իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Տիրասպոլում ունեն Աբխազիան և Հարավային Օսիան։

Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը գտնվում է Եվրոպայի հարավարևելյան մասում, սահմանակից է Ուկրաինային և Մոլդովային։ Տարածքը 4163 քառ. կմ է։ Մայրաքաղաքը Տիրասպոլն է: Բնակչությունը 2011թ. տվյալներով կազմում է 518 հազ., որից 31.9%-ը մոլդովացիներ են, 30.4%-ը՝ ռուսներ, 28.8%-ը՝ ուկրաինացիներ, նաև 35 ազգությունների ներկայացուցիչներ(1): Բնակչության մեծ մասն ուղղափառ քրիստոնյաներ են: Պետական լեզուները երեքն են՝ մոլդովերենը, ռուսերենը և ուկրաիներենը(2):

19-րդ դարում Մերձդնեստրը Ռուսական կայսրության կազմում էր, տարածքի մի մասը 1918-1940թթ.՝ Ռումինիայի կազմում: Մերձդնեստրի ձախափնյա հատվածը 1918թ.-ից մտնում էր Օդեսայի խորհրդային հանրապետության, իսկ այնուհետև Ուկրաինայի կազմի մեջ, որի հետ միասին 1922թ.-ին մտավ ԽՍՀՄ կազմի մեջ: 1940թ.-ին Ուկրաինայի ԽՍՀ կազմում գտնվող հատվածում ձևավորվեց Մոլդովական Ինքնավար Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը: 1940-ին՝ համաշխարհային պատերազմի ժամանակ, Ռումինիայի կողմից հանձնվեց նաև մինչ այդ Ռումինիայի կազմում գտնվող աջափնյա հատվածը: Այդ երկու տարածքների միավորմամբ ձևավորվեց Մոլդովայի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը Քիշնև մայրաքաղաքով: Այդ տարիներին ներկայիս Մերձդնեստրի տարածք են տեղափոխվել մեծ թվով ռուսներ և ուկրաինացիներ:

1989թ.-ից Մոլդովայում ուժեղանում են Ռումինիայի հետ մերձեցման գործընթացները, օրենք է ընդունվում մոլդովերենը պետական լեզու հռչակելու վերաբերյալ, ինչը հարուցում է Մերձդնեստրի մեծաքանակ ռուսական և ուկրաինական բնակչության դժգոհությունը: 1989-1990թթ. մերձդնեստրյան քաղաքներում հանրաքվեներ են անցկացվում լեզուների վերաբերյալ, որոնց արդյունքում Մերձդնեստրի տարածքում պաշտոնական լեզուներ են հռչակվում մոլդովերենը, ռուսերենը և ուկրաիներենը: Դրանից անմիջապես հետո՝ 1990թ. սեպտեմբերի 2-ին, Մերձդնեստրի Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը հռչակում է իր անկախությունը ԽՍՀՄ կազմում: 1991թ. օգոստոսի 25-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունվել է ՄՄԽՍՀ անկախության հռչակագիրը: Օգոստոսի 27-ին Մոլդովան իր հերթին հռչակել է իր անկախությունը ԽՍՀՄ-ից: 1991թ. նոյեմբերի 5-ին ԽՍՀՄ փլուզման հետևանքով ՄՄԽՍՀ-ն վերանվանվել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն:

Տիրասպոլի և Քիշնևի միջև հարաբերությունները շարունակում են սրվել, 1992թ. առաջին կեսին մոլդովական զորքերի և ներքին գործերի նախարարության ուժերի ու Մերձդնեստրի գվարդիայի միջև տեղի են ունենում արյունահեղ բախումներ, 1992թ. հուլիսին ռուսական զորքերի մուտքով (որոնք այսօր էլ շարունակում են մնալ Մերձդնեստրի տարածքում խաղաղարարների դերում) հակամարտությունը դադարում է։ Հակամարտությունն անցնում է սառեցված փուլ: Ընդհանուր առմամբ, երկու կողմերը միասին հակամարտության ընթացքում շուրջ 1000 զոհ են տվել(3):

ԵԱՀԿ հովանու ներքո սկսվում է բանակցային գործընթացը, որն այժմ ստացել է 5+2 ձևաչափը. Մոլդովան և Մերձդնեստրը հանդես են գալիս որպես հակամարտության կողմեր, ԵՄ-ն և ԱՄՆ-ն՝ դիտորդներ, ԵԱՀԿ-ն՝ միջնորդ, ՌԴ-ն և Ուկրաինան՝ երաշխավորներ։ Սակայն այսքան տարիների ընթացքում դեռևս չի հաջողվել կողմերի համար ընդունելի առաջարկ մշակել։

2006թ.-ին սեպտեմբերի 17-ին Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունում անց է կացվել հանրաքվե, որի ընթացքում քվեարկության են դրվել երկու հարցեր. “Հնարավոր համարո՞ւմ եք արդյոք Մերձդնեստրի միջազգային ճանաչման կուրսի շարունակությունն ու մուտքը Ռուսաստանի կազմի մեջ։ Հնարավոր համարո՞ւմ եք արդյոք Մերձդնեստրի մուտքը Մոլդովայի կազմի մեջ”։ Մերձդնեստրի անկախացման և ՌԴ-ին հետագա միացման օգտին քվեարկել է հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 97%-ը, Մոլդովայի կազմի մեջ մտնելուն կողմ է արտահայտվել միայն 3,4%-ը։ Մասնակցությունը հանրաքվեին կազմել է 78.6%(4)։ Մոլդովան, ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն չեն ընդունել հանրաքվեի արդյունքները։

Մոլդովան Մերձդնեստրը համարում է իր բաղկացուցիչ մաս։ 2005թ. հուլիսի 22-ին Մոլդովայի խորհրդարանը օրինագիծ է ընդունել “Մերձդնեստրի կարգավիճակի վերաբերյալ”, ըստ որի ՝ ռուս խաղաղարարները պետք է լքեն շրջանը, իսկ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը մտնում է Մոլդովայի կազմի մեջ ինքնավարության իրավունքներով։ “Մերձդնեստրը պատահականություն չէ: Դա իրողություն է, որն ստեղծվել է Մոսկվայի կողմից”,- Magazine-ին տրված հարցազրույցում ասել է Մոլդովայի նախագահ Միխայ Գիմպուն: Նրա խոսքերով՝ Ռուսաստանն այդպիսով ցանկանում է, որ Մոլդովան մնա ազդեցության իր տիրույթներում և չանդամակցի ՆԱՏՕ-ին։ Այն առաջնորդվում է այն սկզբունքով, որ եթե չի կարողանում վերահսկել Մոլդովան, պետք է վերահսկի առնվազն դրա մի մասը՝ Մերձդնեստրը(5):

Մերձդնեստրի բնակչությունն իր հերթին իր ապագան տեսնում է Ռուսաստանի կազմում և ձգտում է Մոսկվայի հետ ինտեգրացիոն գործընթացների խորացմանը։

Այս հակամարտության յուրահատկությունն այն է, որ այն չունի միջէթնիկ բնույթ: Այն բնութագրվում է որպես ռուսալեզու շրջանի և ազգայնական Մոլդովայի հակամարտություն: Սակայն Մոլդովայի և Մերձդնեստրի միջև սահմանը ռուսալեզու և ռումինալեզու բնակչությունների միջև սահման չէ: Մերձդնեստրի բնակչության մեկ երրորդը մոլդովացիներ են, նույն Մոլդովայում բնակվում է մեծաքանակ ռուսական փոքրամասնությունը(6):

Աղբյուրը` “Արմեդիա” ՏՎԳ

_________________

1.Տե՛ս Статистический ежегодник ПМР 2012, 28c. 
(http://www.mepmr.org/pechatnye-izdaniya/statisticheskij-ezhegodnik-pmr):

2. Տե՛ս Министерство иностранных дел ПМР (http://mfa-pmr.org/index.php?newsid=40):

3. Տե՛ս История Республики Молдова.

С древнейших времён до наших дней / Ассоциация учёных Молдовы им. Н. Милеску-Спэтару. Кишинёв, 2002, Elan Poligraf, 2002. 335c.:

4. Տե՛ս http://newsru.com/world/18sep2006/refer.html

5. Տե՛ս Мумбру Х., Приднестровье – страна, которой нет,”La Vanguardia”, Испания, 07/01/2012

(http://inosmi.ru/sngbaltia/20120107/182337198.html)։

6. Տե՛ս В чем причины и суть приднестровского конфликта?, 03.03.07 (http://www.nr2.ru/pmr/107536.html):