ԵՄ ԿՈՂՄԻՑ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 1-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Դիվանագիտական դպրոցին ԵՄ կողմից աջակցության ծրագրի նոր փուլի մեկնարկին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, Դիվանագիտական դպրոցի գործընկեր ԲՈՒՀ-երի ղեկավարներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, Դիվանագիտական դպրոցի տարբերի տարիների շրջանավարտներ:

Իր ողջույնի խոսքում կարևորելով Դիվանագիտական դպրոցի գործունեությունը՝ որակյալ դիվանագիտական կադրերի պատրաստման գործում, նախարար Նալբանդյանը նշեց, որ բացումից ընդամենը երեք տարի անց Հայաստանի Դիվանագիտական դպրոցը վերաճել է լավ համբավ ունեցող ուսումնական հաստատության, որն առաջարկում է բարձրորակ մասնագիտական կրթություն նրանց, ովքեր ձգտում են համալրել ՀՀ դիվանագիտական ծառայությունը, ինչպես նաև վերապատրաստման ծրագրեր` իրենց կարիերայի կայացման ճանապարհին գտնվող դիվանագետներին և պետական այլ հաստատությունների արտաքին կապերի վարչությունների աշխատակիցներին:

“Այս ընթացքում Դիվանագիտական դպրոցը տվել է շուրջ ութ տասնյակ շրջանավարտ, որոնցից 41-ը ներկայումս աշխատում են Արտաքին գործերի նախարարությունում: Այս նոր ծրագրի մեկնարկը վառ հաստատումն է այն բանի, որ մեր միջազգային գործընկերները դրական են գնահատում Դիվանագիտական դպրոցի նվաճումները”. – ասաց արտգործնախարարը:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպական Միությանը, բոլոր գործընկեր կազմակերպություններին ու երկրներին, որոնք նպաստել են Դիվանագիտական դպրոցի զարգացմանը կայացմանը, ինչպես նաև այն բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնագետներին և հրավիրյալ դասախոսներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել կրթական գործընթացում վերջին մի քանի տարիների ընթացքում:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան իր խոսքում, անդրադարձավ Դիվանագիտական դպրոցի անցած ճանապարհին, ընդգծելով, որ այն իր գործունեության կարճ ժամանակահատվածում այն բավականին շոշափելի արդյունքների է հասել և ԵՄ կողմից ֆինանսավորվող նոր ծրագիրը այդ անցած ուղու գնահատականն է։

2013թ. մայիսին մեկնարկած Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող նոր ծրագիրը աջակցելու է ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի վարչական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը։ Ծրագիրը կներառի նաև տեղեկատվական և արտադասարանային մի շարք լրացուցիչ միջոցառումներ, ուսումնական այցեր Բրյուսելում և Վիեննայում տեղակայված եվրոպական և միջազգային կազմակերպություններ։

Հուլիսի 1-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Դիվանագիտական դպրոցին ԵՄ կողմից աջակցության ծրագրի նոր փուլի մեկնարկին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

02.07.2013