Այս շաբաթ Եվրոպայում…

Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ստամբուլում անց է կացվում ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի 22-րդ ամենամյա նստաշրջանը: Նախատեսվում է Քաղաքական հարցերի և անվտանգության, Տնտեսական հարաբերությունների, գիտության, տեխնոլոգիաների և շրջակա միջավարի, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական խնդիրների կոմիտեների կողմից ներկայացվող երեք բանաձևերի ընդունում։ Քննարկման են դրվել ևս 29 հավելյալ փատաթղթեր, որոնցից չորսի քննարկումը մերժվել է, այդ թվում՝ Ղազախստանում իրավիճակի, Թուրքիայում քրդերի, Ռուսաստանում մարդու իրավունքների և սեքսուալ կողմնորորշման և մարդու իրավունքների վերաբերյալ բանաձևերը։

Հուլիսի 1-ից Խորվաթիան պաշտոնապես անդամակցում է Եվրամիությանը՝ դառնալով ԵՄ անդամ 28-րդ երկիրը:

Լիտվան առաջին անգամ պատմության մեջ 6 ամիս ժամկետով ստանձնում է ԵՄ Խորհրդի նախագահությունը (presidency of the EU Council), որը ռոտացիոն կարգով փոխանցվում է ԵՄ անդամ-երկրներին: Հուլիսի 1-3-ը Լիտվայի նախագահ Դալիա Գրիբոսկայտեն եվրոպական կառույցներին, ԵՄ առաջնորդներին և ԶԼՄ-ներին կներկայացնի ԵՄ Խորհրդում իր նախագահության գերակայությունները:

Հուլիսի 1-4-ը տեղի կունենա Եվրախորհրդարանի պլենար նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է Խորվաթիայի անդամակցության պաշտոնական արարողությունը, ԵՄ Խորհրդում Իռլանդիայի նախագահության ամփոփումն ու Լիտվայի ողջունումը, ինչպես նաև Հունգարիայի՝ ԵՄ արժեքներին համապատասխանության հարցի շուրջ բանավեճը:

Հուլիսի 2-ին՝ երեքշաբթի, Վիեննայում Շվեյցարիայի ԱԳ նախարար Դ. Բուրկհալթերը և Սերբիայի ԱԳ նախարար Իվան Մրկիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդին կներկայացնեն համապատասխանաբար 2014թ.-ին և 2015թ.-ին ԵԱՀԿ-ում իրենց երկրների նախագահության գերակայությունները:

ԵԽ-ում ՀՀ նախագահության ներքո հուլիսի 3-5-ը Երևանում կայանալու է «Օրենքի գերակայության եվրոպական ստանդարտներ և ԵԽ անդամ երկրներում իշխանությունների տարանջատման սահմանները» համաժողով: Հուլիսի 4-5 նախանշված է «Մամուլը և կնոջ կերպարը» համաժողով Նիդերլանդներում:

Աղբյուր՝ “Արմեդիա” ՏՎԳ