ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՎԻԼՆՅՈՒՍԻ “ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԻՇԵՐ” ՓԱՌԱՏՈՆԻՆ

Վիլնյուսում տեղի ունեցավ “Մշակութային գիշեր” միջոցառումը, որին մասնակցեց նաև Հայաստանը, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից: Արվեստի և մշակույթի այս փառատոնը Լիտվայում անցկացվում է արդեն 7-րդ անգամ: Այս տարի “Մշակութային գիշերը”հանդիսացավ ԵՄ-ում Լիտվայի նախագահության ստանձման կապակցությամբ իրականացվող գլխավոր մշակութային միջոցառումը: Մեկ գիշերվա ընթացքում լիտվացի և տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 մասնակիցներ իրենց արվեստն էին ցուցադրում Վիլնյուսի Հին քաղաքի համերգային դահլիճներում, թանգարաններում, ցուցասրահներում, հրապարակներում:

Հայաստանը այս փառատոնին ներկայացրեցին “Արամ Խաչատրյանի անվան եռյակը”, որը գիշերվա ընթացքում Վիլնյուսի քաղաքային համերգասրահում հանդես եկավ Ա. Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված երկու համերգով, և դիզայներ ու քանդակագործ Առնո Կուռը (Սաշա Ղալեչյանը) “Տես քեզ հայերեն” նախագծով: Լիտվայի հանդիսատեսը մեծ ջերմությամբ ընդունեց հայ արվեստագետներին: Միջոցառումը իրականացվել է Հայաստանի մշակույթի նախարարության և Լիտվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

09.07.2013