
Հայաստանն Արևելյան գործընկերության ծրագրի առաջատար երկրներից է
Եվրոպական միության Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բելառուսական “Свобода” ռադիոյին տված հարցազրույցում ասել է, որ “այժմ չափազանց կարևոր գործընթաց է տեղի ունենում ԵՄ-ի և նրա արևելյան գործընկերների հետ, որոնք փորձում են Եվրամիության հետ առավել խոր հարաբերություններ հաստատել”:
Շտեֆան Ֆյուլեն Հարավային Կովկասի հանրապետություններ կատարած այցի շրջանակներում այսօր Երևանում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Նալբանդյանի խոսքերով, վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերություններում լուրջ առաջընթաց է գրանցվել:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից Հայաստանում բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար:
Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներին առնչվող հարցեր։
Հանձնակատար Ֆյուլեն բարձր գնահատեց ԵՄ-Հայաստան հարաբերություններում տեղի ունեցող դրական զարգացումները, ընդգծելով, որ Հայաստանն Արևելյան գործընկերության ծրագրի առաջատար երկրներից է և վերահաստատեց ԵՄ հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Հանձնակատար Ֆյուլեն նաև հույս հայտնեց, որ ս.թ. նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին կնախաստորագրվեն Ասոցացման համաձայանգիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:
Հանդիպմանը երկուստեք նշվեց ԵՄ-Հայաստան Մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի շուտափույթ վավերացման կարևորությունը:
Հիշեցնենք՝ Հայաստան և Վրաստան կատարած իր այցի նախօրեին Եվրոպական միության Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել էր, որ Վիլնյուսի գագաթաժողովի նախօրեին ԵՄ գործընկերները պետք է իրենց հավատարմությունը ցուցաբերեն համագործակցության հետագա խորացման հարցում: Նրա խոսքերով, այդ համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա:
Ինչ վերաբերում է Արևելյան գործընկերության երկրների եվրաինտեգրման ինդեքսին, ապա “Արևելյան գործընկերության երկրների եվրաինտեգրման ինդեքսի” ուսումնասիրության տվյալներով, որն իրականացրել են փորձագետներ ԵՄ 6 երկրներից, Մոլդովան առաջին տեղում է: Նրան հաջորդում են Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը և վերջում Բելառուսը:
Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ