Եվրաինտեգրում. Վիլնյուսի գագաթաժողովի նախաշեմին

Եվրաինտեգրման գործընթացի առաջընթացը թույլ է տալիս հույս ունենալ, որ նոյեմբերին Վիլնյուսում ԱլԳ գագաթաժողովի ժամանակ տեղի կունենա Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը։ Այդ մասին հուլիսի 12-ին տված մամլո ասուլիսում ասել է “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը։ Նա անդրադարձել է եվրաինտեգրման ուղղությամբ վերջին զարգացումներին, մասնավորապես՝ ԵՄ ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի՝ Վրաստան և Հայաստան կատարած այցին, ինչպես նաև հուլիսի 11-ին Քիշնևում տեղի ունեցած ԵԺԿ գագաժաթաժողովին։

Կարեն Բեքարյանը նշել է, որ Ֆյուլեի այցը Վիլնյուսի գագաթաժողովի նախօրեին նպատակ էր հետապնդում ֆիքսել այն հանգրվանը, որին հասել են երկու երկրները։ “Վերջին շրջանում՝ 1-1,5 տարում արձանագրած առաջընթացն Ասոցացման համաձայնագրի և Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ բանակցություններում այնպիսին է, որ Հայաստանը դիտվում է որպես առավել արդյունավետ, առավել արագ տեմպ ստացած ԱլԳ երկրներից մեկը”,-նշել է փորձագետը։ Հայաստանն այսօր չի զիջում Ուկրաինային և Մոլդովային։

Ինտեգրացիոն գործընթացների բախում, թե՞ հատում

Խոսելով եվրաինտեգրման և, այսպես կոչված, եվրասիական ինտեգրման գործընթացների համատեղելիության և հաճախ քննարկվող բախման մասին՝ փորձագետը հատկապես առանձնացրել է Շ.Ֆյուլեի այն միտքը, որ ԵՄ-ն նախապայմանների լեզվով չի խոսում իր գործընկերների հետ, ԵՄ-ի հետ հարաբերությունները չեն ազդելու, չեն վնասելու ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերություններին։

Բեքարյանը խոսել է այդ երկու գործընթացների հնարավոր բախման երեք հիմնական ասպեկտներ մասին՝ իրավական, քաղաքական և էմոցիոնալ։ Ըստ փորձագետի, իրավականորեն այս գործընթացները չպետք է հակասեն, քանի որ ՌԴ-ն ԱՄՀ անդամ է, և հայտարարվել է, որ եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացները չեն կարող հակասության մեջ մտնել ԱՄՀ առաջ ստանձնած պարտավորությունների հետ։ Քաղաքականորեն ապագա Եվրասիական միության էության և, նույնիսկ, անվան շուրջ դեռևս համաձայնություն չկա անգամ հիմնադիր երկրների միջև։ Իսկ հոգեբանական տեսանկյունից փորձագետն ընդգծել է խորհրդային անցյալից մնացած ներքին վստահության պակասն ապագա միության զուտ տնտեսական բնույթի, ինչպես նաև փոխադարձ շահերի կարևորման նկատմամբ։

Նա նշել է, որ անվստահությունն ու հոգեբանական բարդույթներն առկա են նաև եվրոպացի որոշ պաշտոնյաների մոտ, որոնք հանդես են գալիս այդ գործընթացների հակադրության վերաբերյալ հայտարարություններով։ “Ռուսական կողմից որևէ պաշտոնական հայտարարություն այս թեմայի շուրջ չկա, և բոլորովին պատահական չէ, որ չկա”,-ընդգծել է Բեքարյանը։

Մոտեցումը հարցին չպետք է “սև ու սպիտակ” բնույթ կրի։ Փորձագետը նշել է, որ պետք է մտածել, ոչ միայն հնարավոր է, թե՝ ոչ համատեղել այդ գործընթացները, այլ մտածել, եթե հնարավոր է, ապա ինչ ձևով։ Եվ այս գործընթացում Հայաստանը միակը չէ։ “”Այո, բայց ինչ ձևով”-ի քննարկումները կան նաև Ուկրաինային, մասնակիորեն նաև Մոլդովային վերաբերող հարցերում”։

Եզրափակելով այս երկու գործընթացների վերաբերյալ խոսքը` Բեքարյանն ընդգծել է, որ Հայաստանը չի բացառում ինտեգրացիոն այս գործընթացներից որևէ մեկը։ Բնական է, որ Հայաստանը փորձելու է հնարավորինս հաղորդակից լինել այն բոլոր օգուտներին, որ կարող է տալ ինտեգրացիոն գործընթացներից յուրաքանչյուրը։ “ՀՀ-ն իր վարած արտաքին քաղաքականության մեջ վերջին շրջանում այս գործընթացների բախմանը տանող քայլ չի արել և չի էլ ուզում անել, ինչը հասկանալի և պարզ է։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ հասկանալի ու պարզ է դարձել ժամանակի ընթացքում այդ թվում նաև եվրոպական տարբեր չինովնիկների և Ռուսաստանի համար”,- ասել է փորձագետը։

Աղբյուրը` “Արմեդիա” ՏՎԳ