Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում վստահության միջոցների ամրապնդման վերաբերյալ առաջարկներ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 15-18-ը ԼՂ հակամարտության թեմային նվիրված քննարկումներ են տեղի ունեցել, որոնց մասնակցել են հայ և ադրբեջանցի փորձագետներ: Հանդիպումն անցկացվել է “Հաղթահարելով փակուղին” խորագրով նախագծի շրջանակում, որն իրականացվում է ԱՄՆ-ի Ջորջ Մեյսոնի անվան համալսարանի Հակամարտությունների կարգավորման և վերլուծության ֆակուլտետի Խաղաղարարության կենտրոնի, ինչպես նաև Հակամարտությունների փոխակերպման “Իմեջին” կենտրոնի աջակցությամբ:

Քննարկումների ավարտին փորձագետների խումբը տարածել է փաստաթուղթ, որով ամփոփել է հանդիպման արդյունքները և ներկայացրել մի քանի առաջարկներ, որոնք, փորձագետների կարծիքով, անկասկած նպաստելու են հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջև վստահության վերականգնմանը…

Փորձագետներն առաջարկում են՝

  • Մշտադիտարկում անցկացնել և հակամարտության գոտում տեղի ունեցող բոլոր միջադեպերի վերաբերյալ տվյալների բազա կազմել: Քայլեր ձեռնարկել, որ դիտարկման գործընթացում ներգրավվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
  • Մշտադիտարկման ենթարկել պաշտոնատար անձանց ելույթները և հայտարարությունները, ինչպես նաև հակամարտության կողմերի լրատվամիջոցների բովանդակությունը, արձանագրել դրանցում առկա մարդատյացության, ատելության և բռնության դրսևորումները, նպաստել այնպիսի միջազգային մեխանիզմների մշակմանն ու իրականացմանը, որոնք ուղղված կլինեն այդ դրսևորումների նվազեցմանը:
  • Ձեռնարկել հստակ միջոցներ, որոնք ուղղված կլինեն Զինված ուժերի շփման գծում խաղաղ բնակիչների և զինվորականների մահվան դեպքերի կանխմանը. մշտադիտարկում իրականացնել և վերլուծել նման միջադեպերը:
  • Միջոցներ ձեռնարկել հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ հասարակական վերահսկողությունն ուժեղացնելու համար:
  • Ձևավորել այնպիսի իրավական նորմերի և վարքականոնների ժողովածու, որոնք կարգելեն ելույթներում և հայտարարություններում ուժի սպառնալիքի կիրառումը:
  • Մշակել հասարական գիտությունների և հումանիտար առարկաների ուսուցման համակարգի կրկնության և վերակառուցման մեխանիզմներ՝ ուղղված կրթության ոլորտում թշնամու կերպարի ձևավորման և տարածման պրակտիկայի բացառմանը, այս խնդրի համատեքստում մշտադիտարկման ենթարկել դասագրքերը:
  • Ակտիվացնել առկա և նոր երկխոսության հարթակներ ստեղծել՝ հակամարտությունում ներգրավված տարբեր սոցիալական խմբերի միջև շփումները հաճախակիացնելու համար (երիտասարդներ, մարզիկներ, ուսանողներ և այլք):
  • Ակտիվացնել և նոր երկխոսության հարթակներ ստեղծել ՝ հասարակական կարծիքի ձևավորման վրա ազդող խմբերի միջև շփումներն ակտիվացնելու համար (փորձագետներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, մտավորականներ):
  • Ամրապնդել բնապահպանական կազմակերպությունների միջև կապերը՝ ուղղված ԼՂ հակամարտության տարածաշրջանում առկա խնդիրների լուծմանը, բնապահպանական ռիսկերը մինիմիզացնելու գործընթացում մշակել և իրականացնել բնապահպանական կազմակերպությունների կողմից արդյունավետ վերահսկողության և նրանց ներգավվածությամբ մեխանիզմներ:
  • Ակտիվացնել շփումները հակամարտության հետևանքով անմիջականորեն տուժած մարդկանց միջև (զոհերի ընտանիքներ, անհետ կորածներ):

Այժմ, երբ կարիք կա խթանել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, մասնավորապես՝ բարձրացնել քաղաքացիական հասարակության դերը հակամարտության կողմերի միջև վստահություն կառուցելու հարցում, տարածաշրջանի փորձագետների խումբն առաջարկում է նպաստել վերոհիշյալ ուղիների և մեթոդների իրականացմանը, քանի որ դրանք, խմբի խորին համոզմամբ, նպաստելու են հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդմանն ու համագործակցության խորացմանը:

Աղբյուրը` “Արմեդիա” ՏՎԳ