ԵՄ արդիականացման գործընթացը. ՄԱՍ 1

Եվրաինտեգրման գործընթացը, որը հռչակված է ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, մշտապես գտնվում է հայ հասարակության ուշադրության կենտրոնում: Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԱլԳ գագաթաժողովի ընթացքում սպասվում է ՀՀ-ԵՄ Ասոցացման ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի նախաստորագրումը, ակտիվ բանակցություններ են ընթանում տարբեր ոլորտների բարեփոխումների վերաբերյալ: Գործընթացների տրամաբանությունը և զարգացման դինամիկան խորքային պատկերացնելու համար, սակայն, բավական կարևոր է ուսումնասիրել ԵՄ ձևավորման և կայացման գործընթացը, դրա փուլերն ու առանձնահատկությունները:

Այդ նպատակով “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ տեղեկատվական գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ-ն ներկայացնում է ԵՄ արդիականացման գործընթացին նվիրված մի փաթեթ, որտեղ ներկայացված են ԵՄ ձևավորման, կայացման, ընդլայնման փուլերը, ԵՄ արտաքին քաղաքականությունն ու հարաբերությունները տարբեր՝ մասնավորապես Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրների հետ:

1.ԵՄ անցած ուղին. ձևավորումն ու արդիականացումը

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Եվրոպան խնդիր ուներ միավորվելու և վերականգնելու իր դիրքերը, անհրաժեշտություն առաջացավ միավորվելու և համագործակցելու:

1951թ.-ին կազմավորվեց “Քարածխի և պողպատի եվրոպական համայնքին”: Համայնքի ստեղծման գաղափարն այն էր, որ տնտեսական համագործակցությունը կհանգեցնի փոխադարձ կախվածության: Վերջինս կնպաստեր նրան, որ Եվրոպան զերծ կմնար հակամարտություններից: Այսպիսով՝ վեց հիմնադիր երկրները` Բելգիան, Նիդեռլանդները, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Լյուքսեմբուրգը, հիմք դրեցին նրան, ինչ տասնամյակներ անց մեզ ծանոթ է արդեն Եվրոպական միություն անվամբ:

Իր ստեղծումից հետո 1957թ.-ին Հռոմի պայմանագրով հիմք դրվեց եվրոպական միասնական շուկային: Այս պայմանագրով սկիզբ դրվեց Եվրոպական տնտեսական համայնքին և Եվրոպական ատոմային համայնքին: 1968 թ.-ի հուլիսի 1-ից լիովին վերացվեցին այդ վեց հիմնադիր երկրների միջև մաքսային տուրքերը:

Վեց պետությունների ինտեգրման հաջող ընթացքը խթանեց նաև մյուս եվրոպական երկրներին մասնակցելու միասնական Եվրոպայի կառուցմանը: Շուրջ մեկուկես տասնամյակի ընթացքում եվրոպական երկրների համագործակցությունը ցույց տվեց իր արդյունավետությունը: Շուտով Եվրոպական համայնքին միանալու ցանկություն հայտնեցին նաև Դանիան, Իռլանդիան և Միացյալ Թագավորությունը: Սա առաջին ընդլայնումն էր, որ տեղի ունեցավ 1973թ.-ին: Եվրոպական համայնքն ընդգրկեց արդեն ինը անդամ երկիր: Միևնույն ժամանակ նոր քաղաքականություն մշակվեց սոցիալական և շրջակա միջավայրի պահպանման ոլորտների համար:

Այսպիսով` Եվրոպական համայնքը շարունակում էր ձևափոխվել և ավելի ընդգրկուն դառնալ` ներառելով իր մեջ նորանոր ոլորտներ: Այս ամենը տեղի էր ունենում ընդլայնման և տարբեր երկրների հետ համագործակցության համատեքստում: Արդեն 1979 թ.-ին հունիսին տեղի ունեցան Եվրոպական խորհրդարանի առաջին ընտրությունները, որոնք կրում էին համընդհանուր և ուղղակի բնույթ: Արդյունքում Եվրահամայնքի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ստացավ մասնակցելու միասնական համայնքի ղեկավար կառույցների ձևավորմանը: 1981 թ.-ին տեղի ունեցավ առաջին ընդլայնումը դեպի Միջերկրական ծով. Եվրահամայնքին միացավ Հունաստանը: Իսկ 1986 թ.-ին միացան Իսպանիան և Պորտուգալիան: Սրանով ուժեղացավ համայնքի ներկայությունը Եվրոպայի հարավում:

1993 թ.-ին ձևավորվեց Միասնական շուկան, և ուժի մեջ մտավ Մաաստրիխտի պայմանագիրը: Մաաստրիխտի պայմանագրով էլ հիմք դրվեց Եվրոպական միությանը (ԵՄ): Հարկ է նշել, որ Եվրոպական միության ստեղծմամբ էլ արտացոլվում են այն փոփոխությունները, որ տեղի ունեցան կառույցի հետ. Եվրոպական տնտեսական համայնքից այն անվանվեց Եվրոպական միություն: Այսպիսով՝ տնտեսական միությունից բացի` կառույցը սկսեց զբաղվել քաղաքական ոլորտներով` ընդգրկելով տարաբնույթ հարցեր` սկսած զարգացման նպատակով տրվող օգնությունից մինչև բնապահպանական հարցեր:(1)

Մաաստրիխտի պայմանագրով ամրագրվեցին միության երեք հիմնասյուները` համայնք, արտաքին գործեր և անվտանգություն, արդարադատություն և ներքին գործեր, որոնք դարձան Եվրոպական միության առաջնային բաղկացուցիչ տարրերը: Այս տարրերից յուրաքանչյուրն իր հերթին պարունակում է ընդգրկուն բնագավառներ:

Իսկ արդեն 1995 թ.-ին ԵՄ-ին միացան երեք նոր պետություններ` Ավստրիան, Ֆինլանդիան և Շվեդիան: ԵՄ արդեն ընդգրկում էր 15 անդամ-երկիր: 2002թ.-ին շրջանառության մեջ մտավ եվրոն` որպես միասնական դրամանիշ: Եվրոն լիովին փոխարինեց ազգային արժույթներին, ինչպիսիք էին գերմանական մարկը կամ ֆրանսիական ֆրանկը: 2004 թ.-ին ևս տասը երկիր միացան ԵՄ-ին: Սա ամենամեծ ընդլայնումն էր Եվրոպական միության պատմության մեջ: ԵՄ-ին միացան Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Էստոնիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Լեհաստանը, Սլովակիան և Սլովենիան: Այնուհետև՝ 2007 թ.-ին, Բուլղարիայի ու Ռումինիայի միացումով Եվրամիության անդամ երկրների թիվը հասավ 27-ի:(2)

28-րդ երկիրը, որ 2013 թ.-ի հուլիսին անդամակցեց ԵՄ-ին, Խորվաթիան է: Այսպիսով` ԵՄ ներկայացնում է յուրահատուկ քաղաքական և տնտեսական համագործակցություն 28 անդամ երկրների միջև: ԵՄ-ի կողմից հինգ այլ երկրներ համարվում են պաշտոնական թեկնածուներ` Իսլանդիան, Մակեդոնիան, Սերբիան, Մոնտենեգրոն և Թուրքիան: Արևմտյան Բալկանների մյուս պետությունները` Ալբանիան, Բոսնիան և Հերցեգովինան, Կոսովոն, համարվում են հնարավոր թեկնածուներ: 

Հարկ է նշել, որ Եվրոպական միությունը սահմանել է այն քաղաքական և տնտեսական չափանիշները, որով եվրոպական մյուս երկրները կարող են անդամակցել տվյալ կառույցին: Այդ չափանիշներն ամփոփված են հետևյալ երեք կետերում՝

-համապատասխանություն բոլոր ԵՄ չափանիշներին և կանոններին,

-ԵՄ կառույցների և ԵՄ անդամ երկրների համաձայնություն,

-տվյալ երկրի քաղաքացիների համաձայնություն` Ազգային ժողովում/խորհրդարանում կամ հանրաքվեի միջոցով հաստատված:(3)

Շատ երկրներ բավական երկար են սպասում անդամակցության: Դեռևս 1987 թ.-ին Թուրքիան դիմել է Եվրոպական Միությանն անդամակցության համար: Թուրքիան հանդիսանում է կարևոր կազմակերպությունների անդամ, բայց վերջինս մինչ այսօր չի հանդիսանում ԵՄ անդամ: Պատճառներից մեկը ԵՄ-ի և Թուրքիայի միջև Կիպրոսի շուրջ վեճն է:

Մեկ այլ կարևոր հանգամանքն այն է, որ Թուրքիան ունի մոտ ութսուն միլիոն բնակչություն, որ միանգամից մեծ առավելություն է տալիս ԵՄ-ում որոշումներ կայացնելիս: Կախված երկրի բնակչության թվից` որոշվում է տվյալ երկրի խորհրդարանականների քանակը Եվրոպական խորհրդարանում: Այսպիսով` Թուրքիան շատ արագ կդառնար քաղաքականություն թելադրող, ինչը անշուշտ չի բխում ո՛չ Գերմանիայի, ո՛չ էլ Ֆրանսիայի շահերից:

Ընդհանրապես անդամակցության պաշտոնական թեկնածուները գտնվում են անդամակցության գործընթացի տարբեր փուլերում: Իսլանդիայի պարագայում անդամակցության բանակցությունները բավական արագ են ընթանում: Մակեդոնիայի պարագայում բարդություններ կան ԵՄ անդամ Հունաստանի հետ՝ վերաբերող երկրի անվանը:(4)

Մյուս կողմից, ներկայիս զարգացումները, որոնք վերաբերում են ճգնաժամին, միգրացիոն հարցերին, որ մի շարք անդամ երկրներում այսօր բավական սուր են դրված` Հունաստան, Իսպանիա, Իտալիա, իսկ այժմ նաև Կիպրոս, թույլ են տալիս հասկանալ, որ ներկա իրավիճակում ԵՄ-ի ընդլայնումը կնշանակի իրավիճակի սրացում: Նույնիսկ հարց է առաջացել հրաժարվել եվրոյից, այդ երկրներում կատարվում են շատ խիստ բյուջետային կրճատումներ, առկա է մեծ գործազրկության տոկոս: Ուստի` ԵՄ-ն, գնահատելով ստեղծված իրավիճակը, հասկանում է, որ նոր անդամների մուտքը կարող է անկանխատեսելի հետևանքներ բերել կառույցի համար: Այն պարզապես չի կարողանա գործել` իր մեջ ունենալով բազում չլուծված խնդիրներ:

Իսկ թե ինչպես են վերաբերվում ԵՄ միջին քաղաքացիներն ընդլայնման գաղափարին, արտացոլվում է Եվրոբարոմետերի (եվրոպական քաղաքականության զարկերակի) ուսումնասիրություններում և հարցումներում: Եվրոբարոմետերը Եվրոպական հանձնաժողովի հանրային կարծիքի վերլուծման բաժինն է: 1973թ.-ից սկսած՝ Եվրոպական հանձնաժողովը հանրային կարծիքի գնահատում է կատարել ԵՄ անդամ երկրներում: Իր ուսումնասիրություններում և հարցումներում հանրային կարծիքի վերլուծության բաժինը հասցեագրում է կարևոր թեմաներ՝ վերաբերող Եվրոպայի քաղաքացուն` ընդլայնում, սոցիալական իրավիճակ, առողջապահություն, մշակույթ, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, միջավայր, եվրո, պաշտպանության հարցեր և այլն:(5)

2006թ.-ին կատարած հարցումը, որ վերաբերում էր ԵՄ ընդլայնմանը, ցույց տվեց, որ հարցվածների երկու երրորդը համաձայն են այն ընդհանուր դրույթների հետ, որ նպաստում են ԵՄ ընդլայնմանը: Հարցվող երկրներն են եղել այդ ժամանակ դեռևս ԵՄ 25 անդամ երկրները, երկու միացող երկրներ (Ռումինիա, Բուլղարիա), երկու բանակցող երկրներ (Թուրքիա, Խորվաթիա), ինչպես նաև Կիպրոսի թուրքական համայնքը: Այսպես՝ հարցվողների 67% պատասխանել է, որ ԵՄ ընդլայնումը լավ միջոց է՝ վերամիավորելու Եվրոպական մայրցամաքը: Ամենահոռետես երկիրը եղել է Ավստրիան: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր երկրում բնակչության առնվազն կեսը կարծում է, որ համընդհանուր տեսանկյունից ԵՄ-ն ուժեղանում է ընդլայնումից:(6)

Սակայն ակներև է, որ այն բոլոր գործընթացներն ու երևույթները, որ տեղի են ունեցել այս յոթ տարիների ընթացքում հանրային կարծիքի վրա իրենց արտացոլումն են գտել և՛ ԵՄ անդամ երկրներում, և՛ անդամակցության պատրաստվող երկրներում: Այս ընթացքում ԵՄ տնտեսությունը և ընդհանրապես համաշխարհային տնտեսությունը ճգնաժամ է ապրել, որը, բնականաբար, իր հետքն է թողել մարդկանց կյանքի որակի վրա: Եվ ԵՄ երկրների համար ընդլայնումը կնշանակի լրացուցիչ ծախսեր, ինչը հակադրվում է ԵՄ շարքային քաղաքացու առօրյա խնդիրների հետ: Այնուամենայնիվ, թե ինչպիսին են իրական միտումները ԵՄ երկրների բնակչության շրջանում ներկա դրությամբ այնքան էլ պարզ չէ, քանի որ համապատասխան ուսումնասիրություն վերջին ժամանակահատվածում չի կատարվել:

Շարունակելի…

Աղբյուրը՝՝“Արմեդիա” ՏՎԳ

_____________________

1.Տե՛ս Եվրոպական միության պաշտոնական կայքը:

2.Տե՛ս «Բարև Եվրոպա» ձեռնարկը, Եվրասիա համագործակցության հիմնադրամ, Երևան, 2010, 18-32 էջեր:

3.Տե՛ս Եվրոպական հանձնաժողվի պաշտոնական կայքը:

4.Տե՛ս Kristin Archick, European Union Elragement, Congressional Research Service, February 4, 2013, pp. 1-12.

5.Տե՛ս Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքը:

6.Տե՛ս Special Eurobarometer, Attitudes towards European Union Enlargement, European Commission, July 2006, pp. 20-25.