ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՏ ԼՈՒՐՋ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՈՒՆԻ. ՆԱՏԱԼՅԱ ԳՈՒՏՄԱՆ

Իտալական Musica Riva 30-րդ ամենամյա միջազգային փառատոնը հուլիսի 20-ին մեկնարկեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթով։

Ինչպես “Արմեդիա” ՏՎԳ-ին հայտնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգը ղեկավարում էր բրազիլացի դիրիժոր Իսահակ Կարաբչևսկին, իսկ մենակատարներն էր Նատալյա Գուտմանը (թավջութակ)։ Օրեր առաջ մենք տեղեկացրել էին ընթերցողներին, որ երիտասարդական նվագախումբը հրավիրվել էր փառատոնի կազմակերպիչների կողմից որպես Musica Riva-ի պաշտոնական նվագախումբ։

Նշենք, որ 30-ամյա պատմությամբ Musica Riva միջազգային այս փառատոնը հիմնված է արդեն իսկ ձևավորված ինքնատիպ ավանդույթների վրա. յուրաքանչյուր տարի երկրագնդի տարբեր ծայրերից այն իր հարկի տակ է ընդունում աշխարհահռչակ նվագախմբերի, մենակատարների, պարային խմբերի, երգչախմբերի, արվեստի աշխարհի այնպիսի նշանավոր ներկայացուցիչների, ինչպիսիք են Ալդո Չիկոլինին, Էմանուել Պայուն, Ռենատո Բրուզոնը, Իսահակ Կարաբչևսկին, Գլորիա Գեյները, Ալեսանդրո Կարբոնարը, Մաուրո Մաուրը, Պլասիդո Դոմինգոն, Ջիլբերտո Ջիլը:

Հատկանշական է, որ մեր երիտասարդական նվագախումբն արդեն իսկ արժանացել է փառատոնին մասնակցող փորձառու երաժիշտների բարձր գնահատականներին, որոնց թվում է հենց համերգը ղեկավարող դիրիժոր Իսահակ Կարաբչևսկին, ով եղել է Բրազիլիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը և դիրիժորական աշխատանքի մեծ փորձ ունի Վիեննայի պետական օպերայում: Կարաբչևսկու խոսքերով ինքը շատ ուրախ է, որ հենց հայկական այս նվագախումբն է հրավիրվել մասնակցելու Musica Riva-ին։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր, թավջութակահար Նատալյա Գուտմանն իր հերթին նշել է, որ շատ անգամներ է եղել Հայաստանում, սակայն տեղյակ չէր, որ մեր երկրում գործում է երիտասարդական նվագախումբ, այն էլ` այսքան բարձր մակարդակի։ Ինրպես տեղեկանում ենք նվագախմբի մամլո ծառայությունից, նվագախմբի հետ հենց առաջին փորձից Գուտմանը նկատեց, որ Հայաստանը շատ լուրջ կատարողական դպրոց ունի։

Նշենք, որ փառատոնի շրջանակներում մեր երիտասարդ երաժիշտների խմբի հաջորդ ելույթը հուլիսի 24-ին է: Այդ օրը որպես մենակատար հանդես կգա հանրահայտ դաշնակահար Ալդո Չիկոլինին։

Նախատեսվում է նաև, որ այս փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հուլիսի 30-ին կներկայացնի նաև հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված հայկական երաժշտության երեկո, որը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և որպես մենակատարներ հանդես կգան ջութակահարուհի Ելենա Թանսկինը Ավստրիայից և սոպրանո Լուսինե Մկրտչյանը Հայաստանից:

23.07.2013

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ