ՀՀ-ԵՄ. ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ

Եվրամիությունն ու Հայաստանը հուլիսի 24-ին բարեհաջող կերպով ավարտին են հասցրել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները: Բանակցություններն ավարտելու վերաբերյալ “Արմեդիա” ՏՎԳ-ն ստացել է մամլո հաղորդագրություն ՀՀ-ում Եվրամիության գրասենյակից:

Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը, որը ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի մաս է կազմում, Եվրոպական միության և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունների նոր շրջանակ կստեղծի, որը կսերտացնի Հայաստանի տնտեսական ինտեգրացիան ԵՄ-ի հետ՝ հայկական ապրանքների համար ճանապարհ հարթելով դեպի եվրոպական շուկա, ինչպես նաև հայկական շուկան բացելով եվրոպական ապրանքների համար:

Ակնկալվում է, որ ազատ առևտրի գոտու ստեղծումը դրականորեն կանդրադառնա Հայաստանի տնտեսական աճի վրա՝ տարեկան հավելյալ 146 միլիոն եվրոյի եկամուտ ապահովելով հայկական կողմի համար: Սպասվում է նաև, որ հայկական շուկայի ազատականացումը եվրոպական գործընկերների համար նույնպես եկամուտներ կապահովի՝ մինչև 74 միլիոն եվրո տարեկան:

Եվրամիությունը Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերն է: ԵՄ երկրների հետ առևտուրը Հայաստանի առևտրաշրջանառության մինչև 32 տոկոսն է կազմում, 2012 թվականին երկկողմ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 951 միլիոն եվրո:

25.07.2013

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ