Հայաստան-ԵՄ. ապագա Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հաղորդագրության համաձայն, եվրոպական արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ու Ընդլայնման ու Եվրոպական հարևանության քաղաքականության ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հուլիսի 26-ին հանդես են եկել հետևյալ հայտարությամբ.

“Ուրախությամբ ենք հաստատում, որ նախօրեին Երևանում ավարտվեցին ԵՄ և Հայաստանի միջև ապագա Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություները, ինչպես նաև կողմերը համաձայնության եկան Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) հաստատման վերաբերյալ:

Ակնկալում ենք, որ այս դրական զարգացմանը կհետևի Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, որը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հաջորդ գագաթաժողովի ընթացքում, ս.թ. նոյեմբերի 29-ին Վիլնյուսում, այնուհետև, տեխնիկական ընթացակարգերն ավարտելուն պես կհետևի համաձայնագրի ստորագրումը:

2010 թվականից մեկնարկած այս բանակցային գործընթացի ավարտը լուրջ ձեռքբերում է թե՛ Եվրոպական միության, և թե՛ Հայաստանի համար: Ասոցացման համաձայնագիրը Հայաստանին և Եվրոպական միությանը հնարավորություն կտա համատեղ ուժերով առաջ մղել արդիականացման և բարեփոխումների մի ընդգրկուն ծրագիր՝ հիմնված ընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրման վրա: Համաձայնագիրը անմիջական դրական ազդեցություն կունենա առօրյա կյանքի համար և Հայաստանն ու քաղաքացիներին ավելի մոտ կդարձնի Եվրոպային: Մեր գոհունակությունն ենք հայտնում բանակցող կողմերի բոլոր մասնակիցներին նման գերազանց արդյունք արձանագրելու կապակցությամբ”:

Հիշեցնենք. Վրաստանն ու ԵՄ-ն երեկ են ավարտել ապագա Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ