ԵՄ արդիականացման գործընթացը. ՄԱՍ 2

Եվրաինտեգրման գործընթացը, որը հռչակված է ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, մշտապես գտնվում է հայ հասարակության ուշադրության կենտրոնում: Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԱլԳ գագաթաժողովի ընթացքում սպասվում է ՀՀ-ԵՄ Ասոցացման ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի նախաստորագրումը, ակտիվ բանակցություններ են ընթանում տարբեր ոլորտների բարեփոխումների վերաբերյալ: Գործընթացների տրամաբանությունը և զարգացման դինամիկան խորքային պատկերացնելու համար, սակայն, բավական կարևոր է ուսումնասիրել ԵՄ ձևավորման և կայացման գործընթացը, դրա փուլերն ու առանձնահատկությունները:

Այդ նպատակով “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ տեղեկատվական գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ-ն ներկայացնում է ԵՄ արդիականացման գործընթացին նվիրված մի փաթեթ, որտեղ ներկայացված են ԵՄ ձևավորման, կայացման, ընդլայնման փուլերը, ԵՄ արտաքին քաղաքականությունն ու հարաբերությունները տարբեր՝ մասնավորապես Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրների հետ:

Եվրոպական Միության պատմությունը ցույց է տալիս, որ հաճախ, սակայն ոչ միշտ ճգնաժամը բերել է ինտեգրման ուժեղացման: Բնականաբար, ճգնաժամի հաղթահարումն ինքնին արդյունք չի ունենա, եթե չլինի քաղաքական կամք և տեսլական՝ համապատասխան նորարարություններ կատարելու: Եվրոպական քարածխի և պողպատի համայնքի սկզբնական հիմնադրումից, ի պատասխան հետպատերազմյան վերականգնման մարտահրավերներին, 1980-ականների` միասնական շուկայի նորարարությունները վկայում են այն մասին, որ քաղաքական էլիտան օգտագործել է ճգնաժամը քաղաքականության նորարարություների համար: Թերևս այսօր այն պահն է, երբ պետք է գործողություններ իրականացնել մասնավորապես տնտեսական ճգնաժամի հետևանքները վերացնելու համար: Չնայած ԵՄ-ի սահմանափակ կարողություններին` առկա է նաև համակարգված քաղաքական առաջնորդության պակաս:(1)

Այսպես, ԵՄ 28 անդամներից 17-ը ԵՄ տնտեսական և արժութային միության անդամ (ՏԱՄ) են: Սա նշանակում է, որ 17 երկրներ համաձայնության են եկել համակարգել իրենց տնտեսական և արժութային քաղաքականությունները և օգտագործել մեկ արժութային միավոր` եվրո: Նաև նշված պետությունները համագործակցում եմ Եվրոպական կենտրոնական բանկի հետ, որը և համակարգում է տնտեսական և արժութային քաղաքականությունը:

2002թ. հունվարի 1-ից եվրոն պաշտոնապես մտավ շրջանառության մեջ՝ որպես լիարժեք վճարամիջոց: Կառավարվելով Եվրոպական կենտրոնական բանկի և Կենտրոնական բանկերի եվրոպական համակարգի կողմից` ֆինանսական շուկաներ ներմուծման առաջին իսկ օրից եվրոն դարձավ ինտեգրացիոն գործընթացի արդյունավետության փաստացի դրսևորում: Այն հանդիսացավ համաշխարհային տնտեսության համար առաջին թշնամու՝ բևեռացման դեմ պայքարի նորահայտ միջոց, նաև դոլարի հետ մրցակցային պայքարի գործիք:(2)

Անցումը եվրոյին թույլ տվեց ստեղծել հզորագույն ֆինանսական համակարգ, որ թույլ է տալիս նվազագույն պահումներով բիզնես կազմակերպել: Դրան մեծապես նպաստեց այն հանգամանքը, որ ազգային տնտեսություններում ստեղծված արժեթղթերն ու պարտատոմսերը ստացան փոխարկելիության բարձր մակարդակ և ավելի ցածր տոկոսադրույք, քան ունեին ազգային արժույթների պարագայում: Մյուս կողմից՝ եվրոպական ընկերությունները ստացան վարկեր ձեռքբերելու մատչելի և անսահմանափակ հնարավորություններ, ինչն իր էական ավանդը բերեց ոլորտների զարգացման գործում, ինչպես նաև մեծացրեց բանկային մրցակցությունը ողջ Եվրոպայի տարածքում: Բացի այդ, հնարավոր է՝ 2008թ. ֆինանսական ճգնաժամի հետևանքը շատ ավելի ծանր լիներ համաշխարհային տնտեսության համար, եթե չլիներ եվրոն, որն արդյունավետ կերպով լրացրեց արագ անկում ապրող դոլարի ունեցած “բացերը”:

Սակայն եվրոյի ներդրումը հանգեցրեց նրան, որ Միության անդամ առավել զարգացած տնտեսությունները մեծաքանակ ներդրումներ իրականացրին առավել թույլ տնտեսություններում՝ վերջիններիս դնելով մեծ արտաքին պարտքի բեռի տակ: Արդյունքում Եվրոպայում ստեղծվեց այնպիսի դրություն, ինչպիսին հիմա է, և ինչն էլ հենց հարցականի տակ է առնում եվրոյի ապագան:

Իսկ եվրոյի դուրսբերումն առաջին հերթին կենթադրի եվրոպական երկրների վերադարձ ազգային արժույթներին: Այդ դեպքում ազգային մրցունակության դիրքերը պահելու նպատակով այդ երկրները ստիպված կլինեն արժեզրկել ազգային արժույթները: Սակայն այդ արժույթները կունենան ցածր փոխարկելիություն, ներկրման գինն այդ երկրների համար թանկ կարժենա՝ առաջացնելով բարձր ինֆլյացիա, մեծապես կտուժի բանկային համակարգը: Ավելին՝ բացի եվրոպական երկրներից, կտուժի նաև համաշխարհային տնտեսությունը` մասնավորապես ֆինանսական համակարգը, կառաջանա դոլարի մեծ պահանջարկ, հետևաբար կբարձրանա այդ արժույթի փոխարժեքը, ինչը կդառնա համաշխարհային գների կտրուկ աճի պատճառ:3

Իսկ այն, ինչ հայտնի է որպես “Եվրագոտու ճգնաժամ”, սկսվել է որպես հանրային պարտքի ճգնաժամ Հունաստանում 2009-2010թթ.-ին: Անցած տասնամյակի ընթացքում հունական կառավարությունը պարտք վերցրեց միջազգային կապիտալի շուկաներից` վճարելու համար բյուջեի և առևտրի պակասորդները: Այս ամենը հանգեցրեց նրան, որ Հունաստանը կորցրեց ներդրողների վստահությունը: Սա իրեն առավելագույնս զգացնել տվեց 2009թ.-ին համաշխարհային ճգնաժամի պայմաններում, երբ պարզ դարձավ, որ նախորդ հունական կառավարությունները “կոծկել” են իրենց զեկույցներում բյուջեում առկա պակասորդը: Երբ այս ամենն ի հայտ եկավ, շուկաները սկսեցին ավելի բարձր տոկոսադրույքներ պահանջել հունական բաժնետոմսերի համար, ինչն էլ ավելի խորացրեց պարտքը: 2010թ.-ի սկզբին Հունաստանը հայտարարեց դեֆոլտի մասին, երբ արդեն լիովին պարզ էր, որ հունական կառավարությունն ի վիճակի չէ վճարել իր պարտքը: Այնուհետև նմանատիպ իրավիճակներ նկատվեցին եվրագոտու մի քանի այլ երկրներում` Իռլանդիա, Պորտուգալիա, Իսպանիա և Իտալիա: Այս երկրների պարտքային խնդիրները վտանգ են ներկայացնում եվրոպական բանկային համակարգի համար և դանդաղեցնում տնտեսական աճը` գործազրկության աճ գրանցելով եվրագոտու շատ երկրներում:(4) Իսկ այժմ էլ դեֆոլտ է հայտարարել Կիպրոսը և գտնվում է բավական ծանր տնտեսական վիճակում: Այս վիճակից Կիպրոսին դուրս բերելու համար ԵՄ երկրների ֆինանսների նախարարները համաձայնության են եկել սնանկացման եզրին գտնվող Կիպրոսին 10 միլիարդի չափով վարկ տրամադրելու հարցի շուրջ:(5)

Ստացվում է, որ շուկաները չգիտեն, թե ինչ ակնկալել մեկ արժույթի յուրահատուկ համակցությունից և առանձին պետություններից: Այսպիսով՝ եվրագոտու ճգնաժամը բացահայտում է մարտահրավերներ` ԵՄ քաղաքական կարգավիճակի հետ կապված, որը մի կողմից պետությունների հավաքածու չէ այլևս, և միևնույն ժամանակ այն չի հանդիսանում ամբողջական դաշնություն նույնպես:(6) Հարկ է նաև ավելացնել, որ տնտեսական ճգնաժամի ազդեցությունները, որ զգալի են այսօր ԵՄ և եվրագոտու մի շարք երկրներում, պարտադրում են ԵՄ կառույցներին` ԵՄ արժույթի միություն, ԵՄ կենտրոնական բանկ, շուտափույթ քայլեր ձեռնարկել՝ կայունացնելու բանկային համակարգը և նրա վերահսկողությունը, որն իր հերթին կբերի եվրագոտու կայունացմանը:

Մեկ այլ կարևոր և գերակա խնդիր է ԵՄ-ի համար ապօրինի միգրացիան: 2011թ.-ի տվյալներով՝ հյուսիսաֆրիկյան պետություններից զարտուղի ճանապարհներով ԵՄ մուտք են գործել ավելի քան 650 000 մարդ: Իսկ ավելի քան 20 000 մարդ ներգաղթել է ապօրինի ճանապարհներով գլխավորապես Թունիսից և ավելի նվազ քանակությամբ՝ այլ աֆրիկյան երկրներից, ինչպիսիք են Սուդանը, Էրիթրեան, Սոմալին: Գաղթականները հասնում են Լիբիա, որտեղից էլ մեկնում են Իտալիա կամ Մալթա: Ընդհանրապես կարևոր պայման է դառնում հասկանալ և տարանջատել անօրինական ճանապարհով ԵՄ սահմանը հատած քաղաքացիներին այն մարդկանցից, ովքեր հատում են սահմանը որպես փախստականներ և ժամանակավոր ապաստան են փնտրում: Միգրացիայի հարցում ԵՄ-ն բավական արագորեն կարողացավ արձագանքել և խստացնել ԵՄ սահմանը հատելու ընթացակարգը: ԵՄ այս հարցում համագործակցում է Լիբիայի, Թունիսի կառավարությունների հետ, որպեսզի այդ կերպ կարողանա վերահսկողություն հաստատել միգրացիոն հոսքերի նկատմամբ:

Ապօրինի միգրացիան ոչ միայն ֆինանսական, այլև անվտանգության խնդիրներ է ստեղծում ԵՄ-ի համար: Այդ իսկ պատճառով ԵՄ շահագրգռված է հնարավորինս վերահսկել իրավիճակը: Ստացվում է՝ Միությունը փորձում է պայքարել հանցագործության դեմ, որն առաջանում է ապօրինի ներհոսքի հետևանքով, իսկ մյուս կողմից աշխատում է հարգել մարդու հիմնարար իրավունքները:

Մարդկանց ներհոսքը աֆրիկյան պետություններից հատկապես շատացավ “արաբական գարնան” ժամանակ, երբ Թունիսից, Լիբիայից, Եգիպտոսից մարդիկ գաղթում էին Եվրոպական միություն: Անօրինական միգրացիան մի երևույթ է, որի դեպքում դժվար է լինում պարզել իրական թվերն ու ծավալները:(7)

Շարունակելի…

Աղբյուրը՝  “Արմեդիա” ՏՎԳ

Կարող եք ծանոթանալ նաև ԵՄ արդիականացման գործընթացի՝ մինչ այժմ հրապարակված մասերին. ՄԱՍ 1:

__________________

1.Տե՛ս Kathleen R. McNamara, The Eurocrisis and the Uncertain Future of European Integration, Council on Foreign Relations Press, September 2010.

2.Տե՛ս Լիլիա Ամիրխանյան, Եվրաինտեգրում: Եվրոյի ապագային պետք է հավատալ, “Արմեդիա” ՏՎԳ, 14.03.2013:

3.Տե՛ս նույն տեղում:

4.Տե՛ս Kristin Archick, The European Union: Questions and Answers, March4, 2013, pp.4,5.

5.Տե՛ս Արմեդիա” ՏՎԳ, Կիպրոս. ԵՄ-ն օգնում է, Թուրքիան` խանգարում, 25.03.2013.

6.Տե՛ս Kathleen R. McNamara, The Eurocrisis and theUncertain Future of European Integration, Council on Foreign Relations Press, September 2010.

7.Տե´ս European Commission, Communication on Migration, Brussels, 04.05.2011, pp. 1-8.