Կ. Բեքարյան. Հնարավոր և ցանկալի է նախաստորագրումը մինչև Վիլնյուսի գագաթաժողով

Օրերս Հայաստանի և Եվրամիության միջև հաջողությամբ ավարտվեցին Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ ընդլայնման, Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով գերազանց են գնահատել բանակցությունների ավարտը: Panorama.am-ի հետ զրույցում «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար, փորձագետ Կարեն Բեքարյանը հնարավոր և ցանկալի համարեց Եվրամիության հետ Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի մասին պայմանագրի նախաստորագրումը մինչև նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովը:

«Վերջին օրերին մեկ օրվա տարբերությամբ Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին բանակցություններն ավարտվեցին սկզբում Վրաստանի հետ, հաջորդ օրը՝ Հայաստանի: Երկու օր ընդմիջումից հետո ընդհանուր Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվեցին սկզբում Վրաստանի, հաջորդ օրը՝ Հայաստանի հետ: Բավականին մեծ, ծանր, տարողունակ էտապ մնաց հետևում»,- նշեց փորձագետը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված բանակցությունների ավարտն ավելի շուտ, քան ակնկալվում էր, և արդյոք հիմնավո՞ր են այն ենթադրությունները, որ գործընթացը արհեստականորեն է արագացվել՝ ի հակադրություն եվրասիական ինտեգրման գործընթացների, Կ. Բեքարյանը չբացառեց, որ այդ գործոնը կարող է ունենալ որոշակի նշանակություն, սակայն դրա հավանականությունը չնչին համարեց:

«Բանակցությունների արագ ավարտը պետք է կապել բանակցողների ակտիվ և արդյունավետ աշխատանքի հետ: Նույնը վերաբերում է նաև Վրաստանին: Մյուս կողմից գործ ունենք ամառվա գործոնի հետ: Այսինքն՝ Եվրամիության ներսում գորընթացների առումով մի փոքր ավելի հանդարտ վիճակ է, և Արևելյան գործընկերության հետ կապված գործընթացներին հատկացվող ժամանակը հնարավոր եղավ ավելի շատ տրամադրել: Մյուսը՝ նախագահող երկրի` Լիտվայի գործոնի հետ է կապված: Նախագահող երկիրը Արևելյան գործընկերությունը միշտ դիտարկում է իր առաջնահերթություններից մեկը և բավական ակտիվ աշխատեց: Հնարավոր է այս ամենում քաղաքական ենթատեքստեր գտնել, բայց, կարծում եմ, դա մի փոքր անշնորհակալ գործ է»,- ընդգծեց փորձագետը:

Նրա դիտարկմամբ` եթե Եվրամիությանն ու Հայաստանին հաջողվել է արագացնել բանակցություններն ավարտելու տեմպը, ապա ցանկալի կլինի այդ ժամանակն օգտագործել կողմերի օգտին:

«Օրինակ, եթե օգոստոսի սկզբին իրականացնեն այդ արարողակարգային և ընթացակարգային քայլերը նախաստորագրման,իսկ Ուկրաինայի դեպքում ստորագրման համար, ապա մնացած գործընթացների համար կխնայեն 3-4 ամիս, որը քիչ ժամանակ չէ: Եթե դա անեն, կլինի շատ արդյունավետ, առավել ևս երբ հաշվի ենք առնում, թե ինչ է նշանակում Եվրամիության կողմից վավերացում, 28 երկրի խորհրդարանում պետք է վավերացման գործընթաց լինի: Որքան ժամանակ շահվի, այնքան լավ»,- ասաց Կ. Բեքարյանը:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք բանակցությունների ավարտից հետո կարո՞ղ է հրապարակվել նախաստորագրվելիք համաձայնագրի տեքստը, փորձագետը պատասխանեց, որ ստորագրման դեպքում փաստաթուղթը ենթակա է հրապարակման, քանի որ դրան հետևում է վավերացման գործընթաց, հանրության համար բաց քննարկումների փուլ, սակայն նախաստորագրման դեպքում առկա է կողմերի պայմանավորվածության խնդիր:

«Կողմերը կարող են պայմանավորվել հրապարակել մինչև նախաստորագրումը, կարող են պայմանավորվել չհրապարակել: Ցանկացած պայմանագրի պատրաստման, ամբողջ բանակցային փուլում չենք հանդիպի, որ պայմանագիրը հրապարակվի, երբ վերջնական չի համաձայնեցված ու ստորագրված: Իսկ զուտ հետազոտական հետաքրքրությունը բավարարելու համար կարելի է ուսումնասիրել Արևելյան Եվրոպայի, Բալթիկ պետությունների, նաև Ուկրաինայի դեպքում հրապարակված փաստաթղթերը: Ուսումնասիրելիս հասկանում ենք, որ սկզբունքային էլեմենտների մեջ էական տարբերություններ չեն լինելու: Լինելու են յուրահատկություններ, նույնը չեն բանակցային փաթեթները, սակայն կառուցվածքային ու բովանդակային տարրերը բավական համադրելի են լինելու»,- նշեց Կարեն Բեքարյանը:

Աղբյուրը՝ Panorama.am