ԵՄ արդիականացման գործընթացը. ՄԱՍ 3

Եվրաինտեգրման գործընթացը, որը հռչակված է ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, մշտապես գտնվում է հայ հասարակության ուշադրության կենտրոնում: Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԱլԳ գագաթաժողովի ընթացքում սպասվում է ՀՀ-ԵՄ Ասոցացման ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի նախաստորագրումը, ակտիվ բանակցություններ են ընթանում տարբեր ոլորտների բարեփոխումների վերաբերյալ: Գործընթացների տրամաբանությունը և զարգացման դինամիկան խորքային պատկերացնելու համար, սակայն, բավական կարևոր է ուսումնասիրել ԵՄ ձևավորման և կայացման գործընթացը, դրա փուլերն ու առանձնահատկությունները:

Այդ նպատակով “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ տեղեկատվական գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ-ն ներկայացնում է ԵՄ արդիականացման գործընթացին նվիրված մի փաթեթ, որտեղ ներկայացված են ԵՄ ձևավորման, կայացման, ընդլայնման փուլերը, ԵՄ արտաքին քաղաքականությունն ու հարաբերությունները տարբեր՝ մասնավորապես Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրների հետ:

ԵՄ անվտանգության խնդիրներին անդրադառնալիս հարկ է անդրադարձ կատարել հայեցակարգին, որն ընդունվել է 2003թ.-ի դեկտեմբերի 12-ին: Փաստաթուղթը հաստատվել է Եվրոպական խորհրդի կողմից, իսկ առաջադրվել Եվրոպական հանձնաժողովի կողմից: Հայեցակարգի նպատակն է ունենալ ապահով Եվրոպա ավելի լավ աշխարհում` ճանաչելով այն բոլոր սպառնալիքները, որ Միությունը հանդիպում է` սահմանելով հայեցակարգային նպատակները և առաջադրելով քաղաքական հետևանքները Եվրոպայի համար: Փաստաթղթում նշվում է մի քանի հիմնական սպառնալիքների մասին, որ ծառացած են Եվրոպայի առջև:

Որպես առաջնահերթ սպառնալիք՝ նշվում է ահաբեկչությունը, և, որպես դրա առաջացման պատճառներ` նշվում է սոցիալական, մշակութային, քաղաքական ճգնաժամերի մասին: Հաջորդ հիմնական սպառնալիքը մասսայական ոչնչացման զենքի տարածումն է, որ նշված է որպես ամենամեծ պոտենցիալ սպառնալիք ԵՄ անվտանգության համար: Իսկ ամենասարսափելի սցենարն ահաբեկչական խմբերի կողմից մասսայական ոչնչացման զենքի ձեռքբերումն է: Այս դեպքում մի փոքր խումբը կարող է այնպիսի վնաս հասցնել, որ մինչ այդ հնարավոր էր միայն պետությունների համար և բանակի դեպքում:

Երրորդ սպառնալիքը ԵՄ-ի համար տարածաշրջանային հակամարտություններն են: Սա կարող է ունենալ ուղղակի կամ անուղղակի ազդեցություն եվրոպական շահերի վրա` անկախ աշխարհագրական դիրքից: Դրանք վտանգ են ներկայացնում փոքրամասնություններին, հիմնարար ազատություններին և մարդու իրավունքներին: Սա կարող է բերել ծայրահեղականության, ահաբեկչության և պետականության ձախողման հրահրել:

Հաջորդ սպառնալիքը ԵՄ համար պետականության տապալումն է: Քաղաքացիական հակամարտություն և վատ կառավարում` կոռուպցիա, պաշտոնական դիրքի չարաշահում, թույլ կառույցներ, հաշվետվողականության պակաս. այս ամենը թուլացնում է պետությունը ներսից: Սա կարող է հանգեցնել պետական հաստատությունների փլուզմանը: Աֆղանստանը թալիբների իշխանության ներքո հայտնի օրինակ է: Պետականության տապալումը մտահոգիչ երևույթ է, որը հարցականի տակ է դնում գլոբալ կառավարումը և հանգեցնում տարածաշրջանային անկայունության: Եվ վերջին սպառնալիքը կազմակերպված հանցավորություն է: Եվրոպան առաջնային թիրախ է կազմակերպված հանցավորության համար, որն ունի կարևոր արտաքին հարթություն, մասնավորապես` մարդկանց թրաֆիքինգ, թմրադեղեր, ապօրինի զենքի վաճառք:

ԵՄ ռազմավարական հայեցակարգը սահմանում է նաև այն հայեցակարգային նպատակները, որոնց անհրաժեշտ է հետամուտ լինել` տարածելու եվրոպական արժեքներն ու պաշտպանելու անվտանգությունը: Հայեցակարգային նպատակներն են` հասցեագրել սպառնալիքները, անվտանգություն կառուցել հարևանության տարածքում և զարգացնել միջազգային կարգուկանոնը` հիմնված արդյունավետ բազմակողմանի հարաբերությունների վրա: Իսկ այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է մշակել համապատասխան քաղաքականություն, որ հենց նպատակաուղղված կլինի տվյալ նպատակների իրականացմանը: ԵՄ անվտանգությունն ապահովելու համար հարկավոր էր մշակել ընդգրկուն քաղաքականություն ԵՄ հարևանների հետ, որ կնպաստեր ԵՄ-ի անվտանգությանը, կկանխարգելեր հակամարտությունները: Եվ շուտով, որպես արտաքին քաղաքականության գործիք՝ ստեղծվեց Եվրոպական հարևանության քաղաքականությունը:

Հարկ է նշել, որ ԵՄ ռազմավարությունը մշակվել է 2003թ.-ին: Այն գործընթացները, որ տեղի են ունեցել այս տարիների ընթացքում, անհրաժեշտ են դարձնում ռազմավարության վերանայումը և նոր փաստաթղթի մշակումը, որն ավելի ճշգրիտ կընդգրկի ներկա բոլոր սպառնալիքներն ու նպատակները ԵՄ գործընթացներում: Իսկ ինչ վերաբերում է ԵՄ անվտանգության համակարգին, ապա այնպիսի համակարգ, ինչպիսին հատուկ է, օրինակ, պետություններին` բանակ, անվտանգության ծառայություն, առկա չէ ԵՄ-ում, սակայն կան նմանատիպ մոդել ունեցող համակարգ ստեղծելու միտումներ:

Աղբյուրը՝ «Արմեդիա» ՏՎԳ

Կարող եք ծանոթանալ նաև ԵՄ արդիականացման գործընթացի՝ մինչ այժմ հրապարակված մասերին. ՄԱՍ 1, ՄԱՍ 2:

__________________

1.Տե՛ս EU website, European Security Strategy: