ԵՄ արդիականացման գործընթացը. ՄԱՍ 4

Եվրաինտեգրման գործընթացը, որը հռչակված է ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, մշտապես գտնվում է հայ հասարակության ուշադրության կենտրոնում: Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԱլԳ գագաթաժողովի ընթացքում սպասվում է ՀՀ-ԵՄ Ասոցացման ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի նախաստորագրումը, ակտիվ բանակցություններ են ընթանում տարբեր ոլորտների բարեփոխումների վերաբերյալ: Գործընթացների տրամաբանությունը և զարգացման դինամիկան խորքային պատկերացնելու համար, սակայն, բավական կարևոր է ուսումնասիրել ԵՄ ձևավորման և կայացման գործընթացը, դրա փուլերն ու առանձնահատկությունները:

Այդ նպատակով “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ տեղեկատվական գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ-ն ներկայացնում է ԵՄ արդիականացման գործընթացին նվիրված մի փաթեթ, որտեղ ներկայացված են ԵՄ ձևավորման, կայացման, ընդլայնման փուլերը, ԵՄ արտաքին քաղաքականությունն ու հարաբերությունները տարբեր՝ մասնավորապես Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրների հետ:

2. ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԼԳ

2004 թ.-ի ընդլայնումից հետո Եվրամիությունը արևելյան և հարավային հարևանների հետ համագործակցության նոր քաղաքականություն մշակեց, որի հիմքում ընկած էր ավելի սերտ երկկողմ կապերի հաստատման և բոլոր ներգրավված կողմերի բարգավաճման, կայունության և անվտանգության ապահովման գաղափարը(1): Եվրոպական հարևանության քաղաքականությունն (ԵՀՔ) ընդգրկում է ԵՄ տասնվեց հարևաններին՝ Մոլդովա, Բելառուս, Ուկրաինա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ալժիր, Եգիպտոս, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Լիբիա, Մարոկկո, Սիրիա, Թունիս և Պաղեստինի օկուպացված տարածքը: ԵՀՔ-ի նպատակն է «արտոնյալ հարաբերություններ» ստեղծել ԵՄ-ի և յուրաքանչյուր գործընկեր երկրի միջև: ԵՀՔ-ն հիմնված է մի շարք ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, լավ կառավարումը, շուկայական տնտեսության սկզբունքները և կայուն զարգացումը:

ԵՄ-ն Եվրոպական հարևանության քաղաքականության երկրներին առաջարկում է ֆինանսական աջակցություն, այն դեպքում, երբ նրանք գործում են համաձայն կառավարության բարեփոխումների, տնտեսական բարեփոխումների և այլ խնդիրների շուրջ դրական փոփոխությունների խիստ պայմանների: Այս գործընթացը սովորաբար հիմնվում է Գործողությունների ծրագրի վրա, որը համաձայնեցված է և՛ Բրյուսելի, և՛ նպատակային երկրի հետ: Այս տեսանկյունից, անշուշտ, նման համագործակցության ձևաչափը փոխշահավետ գործընթաց է ստեղծում հարևանության քաղաքականության անդամների համար: Հարաբերությունների մակարդակի ինտենսիվությունը ԵՄ-ի և հարևանների հետ կբխի այն ծավալից, թե որքանով արդյունավետ են կիրառված ընդհանուր արժեքները(2):

Հարևանության քաղաքականությունը ԵՄ-ին ծառայում է նաև մի շարք այլ կարևոր խնդիրների լուծման համար, ինչպիսիք են ժողովրդավարության հաստատումը, տնտեսական, քաղաքական կայունությունն ամրապնդումը, խնդրահարույց միգրացիայի դեմ պայքարը, անվտանգության ամրապնդումը, կոնֆլիկտների լուծումը, փոխադարձ կապվածության ձևավորումը, ինչպես նաև էներգետիկ, աշխատուժի և կրթության հարցեր:

Ինչ վերաբերում է հակամարտությունների կարգավորմանը, ապա այս ուղղությամբ տարվող աշխատանքները ԵՄ-ի կողմից շատ ավելի ծավալուն և շոշափելի դարձան մասնավորապես Հարավային Կովկասում Արևելյան գործընկերության շրջանակներում ու նաև 2008 թ.-ի ռուս-վրացական պատերազմից հետո: ԵՄ-ի կողմից նման նախաձեռնություն է Եվրոպական համագործակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման համար Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական հասարակության ծրագիրը (EPNK): Այս ծրագիրը հինգ եվրոպական հասարակական կազմակերպությունների համագումար է, որ փորձում է աշխատել տեղական գործընկերների հետ Հարավային Կովկասում լայնածավալ խաղաղության հաստատման ծրագրերի շրջանակներում, օգնել բարելավելու պայմանները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում(3):

Այսպիսով՝ ԵՄ-ն իր ներգրավվածությունն է հաստատում հարևանության քաղաքականության շրջանակներում համագործակցող երկրների հետ հարաբերություններում: Բնականաբար, նման քաղաքականությունը հնարավորություն է տալիս ոչ միայն տարածել ժողովրդավարություն, ամրապնդել կայունություն և անվտանգություն հարևանության քաղաքականության մեջ մտնող երկրների հետ, այլ նաև ապահովել և ամրապնդել կայունությունն ու անվտանգությունը հենց ԵՄ անդամ երկրների համար: Թերևս, այս բոլոր սկզբունքները, որ ընկած են ԵՀՔ-ի հիմքում ենթադրում են այն հիմնական ուղղությունները, որոնց հիման վրա և տեղի է ունենում ԵՄ-ի և ԵՀՔ երկրների համագործակցությունը:

Հաջորդ կարևոր քայլը ԵՄ պատմության մեջ Լիսաբոնյան համաձայնագիրն էր, որ ստորագրվեց 2007 թ.-ին: Այն իրականում «Եվրոպայի համար Սահմանադրության ընդունման մասին պայմանագրի» ձևափոխված տարբերակն էր: Եվրոպական սահմանադրությունը պետք է ընդունվեր բոլոր անդամ երկրների կողմից: Սակայն այս գործընթացը ձախողվեց Ֆրանսիայում ու Հոլանդիայում, և Միասնական Եվրոպական Սահմանադրության ընդունումը վերաիմաստավորման և վերաձևակերպման փուլ մտավ: Արդյունքում ստեղծվեց Լիսաբոնյան համաձայնագիրը, որը Սահմանադրության պարզեցված տարբերակն էր: Համաձայնագիրը տալիս է իրավական հենք և գործիքներ, որոնք անհրաժեշտ են դիմակայելու ապագա մարտահրավերներն ու պատասխան տալու քաղաքացիների պահանջներին: Այն ուղղված է հետևյալ նպատակների իրագործմանը.

  • ավելի ժողովրդավար և թափանցիկ Եվրոպա ունենալուն` ուժեղացնելով Եվրոպական պառլամենտի և ազգային պառլամենտների դերը, ավելի շատ հնարավորություն տալով քաղաքացիներին լսելի դարձնելու համար իրենց ձայնը և ավելի հստակեցնելով` ով ինչ է անում Եվրոպական և ազգային մակարդակների վրա (իրավասությունների բաշխում ԵՄ-ի և ԵՄ անդամ երկրների միջև): Լիսաբոնի պայմանագրով նաև ամրագրված է որևէ անդամ երկրի իրավունքը դուրս գալու Միությունից,
  • ավելի արդյունավետ Եվրոպա` ավելի պարզ ընթացակարգեր և մեթոդներ, ժամանակակից մեթոդներ ԵՄ 27 անդամների համար, բարելավված հնարավորություն գործելու այժմյան միության համար առաջնային ոլորտներում (ազատություն, անվտանգություն, արդարադատություն, ահաբեկչության դեմ պայքար, հանրային առողջապահություն, կլիմայի փոփոխություն, առևտրային քաղաքականություն և այլն),
  • իրավունքների և արժեքների, ազատության, համերաշխության և անվտանգության Եվրոպա: Այս կետով ԵՄ վերահաստատում է իր դիրքորոշումը նպաստելու ժողովրդավարական արժեքների տարածմանը: Լիսաբոնի պայմանագիրը երաշխավորում է այն ազատություններն ու սկզբունքները, որոնք սահմանված են Հիմնարար իրավունքների խարտիայի մեջ: Այն առնչվում է քաղաքացիական, քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավունքներին: Նաև այս կետով ամրագրվում է համերաշխության պահպանման կարևորությունն անդամ երկրների միջև. ԵՄ և անդամ պետությունները գործում են միասնական` համերաշխության ոգով, եթե որևէ անդամ երկիր ենթարկվի ահաբեկչական գործողության կամ զոհ դառնա բնական կամ տեխնածին արհավիրքի: Համերաշխության գաղափարը շեշտված է նաև էներգետիկայի ոլորտում:
  • Եվրոպան՝ որպես գործող դերակատար համաշխարհային ասպարեզում: Սա իրական կդառնա` միավորելով Եվրոպայի արտաքին քաղաքականության գործիքները: Լիսաբոնյան պայմանագիրը հստակ դեր է նախատեսում Եվրոպայի համար միջազգային հարաբերություններում: Նախատեսվում է օգտագործել Եվրոպայի տնտեսական, հումանիտար, քաղաքական և դիվանագիտական կարողությունները` նպաստելու Եվրոպական շահերի և արժեքների տարածմանն աշխարհով և միևնույն ժամանակ հաշվի առնելով և հարգելով անդամ երկրների առանձին շահերը միջազգային հարաբերություններում: Ստեղծվեց Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, որն ուղղված է բարձրացնելու ԵՄ արտաքին քաղաքականության ազդեցությունը, փոխկապակցվածությունն ու տեսանելիությունը: Իսկ նորաստեղծ Եվրոպական արտաքին գործողության ծառայությունը պետք է օժանդակեր բարձր ներկայացուցչին (4):

Լիսաբոնյան համաձայնագրից հետո ավելի հստակ քաղաքականություն մշակվեց նաև հարևան երկրների հետ: ԵՀՔ ինքնին ընդգրկում էր բավական մեծ թվով երկրներ (16 երկիր), որոնք թե՛ աշխարհագրորեն, թե՛ տնտեսապես, թե՛ զարգացման մակարդակով և թե՛ անցած ուղով բավական տարբեր էին, և վարելով միևնույն քաղաքականությունը` իրականում ինտեգրման գործընթացները դանդաղում էին և բերում էին համահարթեցման: Դրա համար մշակվեցին ավելի տեղային ծրագրեր: Այսպես, ԵՀՔ-ի մեկնարկին հետևեցին մի շարք այլ տարածաշրջանային և բազմակողմ քաղաքական նախաձեռնություններ, որոնք ստեղծվեցին միևնույն հովանու ներքո: Դրանք են Միջերկրածովյան միությունը (2008թ.), Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) (2009թ.), որում ընդգրկված են Հարավային Կովկասի երեք երկրները` Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, Արևելյան Եվրոպայից Բելառուսը, Մոլդովան և Ուկրաինան, Սևծովյան համադաշնեցման նախաձեռնությունը (2008 թ.), որը ներառում է Սևծովյան տարածքի շրջակա երկրները (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ռուսաստան, Թուրքիա և Ուկրաինա): Նման բաշխումը արտացոլում է աշխարհագրական տարբերակումը հարավային ոչ եվրոպական գործընկերների, որոնք միշտ կմնան հարևաններ, և արևելյան գործընկերների միջև, որոնք Եվրոպական մայրցամաքի մասն են կազմում և հետևաբար քաղաքական տեսանկյունից հատուկ նշանակություն ունեն ԵՄ-ի համար:

Աղբյուրը՝ «Արմեդիա» ՏՎԳ

Կարող եք ծանոթանալ նաև ԵՄ արդիականացման գործընթացի՝ մինչ այժմ հրապարակված մասերին. ՄԱՍ 1, ՄԱՍ 2, ՄԱՍ 3:

__________________

1.Տե՛ս Commission of the European Communities, Wider Europe-Neighbourhood: A New Framework for Realtions with our Eastern and Southern Neighbours, Brussels, 11.03.2003, pp. 3-10.

2.Տե՛ս Commission of the European Communities, European Neighbourhood Policy: Strategy Paper, Brussels, 12.05.2004, pp.2-10.

3.Տե՛ս European Union, The European Union continues to support civil society peace building efforts over Nagorno-Karabakh, Brussels, 6 November, 2012.

4.Տե՛ս EU website, Lisbon Treaty.