ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Հայաստանի և “Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոն-ցանցի” միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, ըստ որի՝ Հայաստանում կհիմնվի աստղաֆիզիկայի միջազգային կենտրոն: Այս մասին շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

“Հիմա վերջապես մի ուղղությամբ գոնե սայլը տեղից շարժվեց, պայմանագիր է ստորագրվել, դա նշանակում է, որ պետականորեն ստեղծվում է կենտրոն, որի հիմնական աշխատանքային տարածքները լինելու են Բյուրականի աստղադիտարանում, և կենտրոնի հիմնական նպատակն է գիտաժողովների կազմակերպումը, տարբեր երկրների գիտնականների համատեղ աշխատելու հնարավորությունը”,- ասաց նա՝ նշելով, որ տարածաշրջանային կենտրոններ ստեղծելու պլաններից սա առաջին հաջողվածն է:

Հայկ Հարությունյանի խոսքերով՝ կենտրոնի աշխատանքների շնորհիվ իրենք հնարավորություն կունենան տեղի մասնագետներին ուղարկել արտասահման վերապատրաստվելու: “Այս տարիներին, չնայած մենք չենք ունեցել գործուղումների գումար, բայց մեր գործուղումների թիվը երեսունից ավել էր, հույս ունեմ, որ առաջիկայում դրությունն ավելի կլավանա”,- հավելել է աստղադիտարանի տնօրենը:

03.08.2013