ԵՄ արդիականացման գործընթացը. ՄԱՍ 5

Եվրաինտեգրման գործընթացը, որը հռչակված է ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, մշտապես գտնվում է հայ հասարակության ուշադրության կենտրոնում: Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԱլԳ գագաթաժողովի ընթացքում սպասվում է ՀՀ-ԵՄ Ասոցացման ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի նախաստորագրումը, ակտիվ բանակցություններ են ընթանում տարբեր ոլորտների բարեփոխումների վերաբերյալ: Գործընթացների տրամաբանությունը և զարգացման դինամիկան խորքային պատկերացնելու համար, սակայն, բավական կարևոր է ուսումնասիրել ԵՄ ձևավորման և կայացման գործընթացը, դրա փուլերն ու առանձնահատկությունները:

Այդ նպատակով “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ տեղեկատվական գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ-ն ներկայացնում է ԵՄ արդիականացման գործընթացին նվիրված մի փաթեթ, որտեղ ներկայացված են ԵՄ ձևավորման, կայացման, ընդլայնման փուլերը, ԵՄ արտաքին քաղաքականությունն ու հարաբերությունները տարբեր՝ մասնավորապես Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրների հետ:

Արևելյան գործընկերությունը ԵՄ-ի՝ մինչ օրս ներկայացրած ամենալուրջ նախաձեռնությունն է արևելյան գործընկերների հանդեպ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ինտեգրման առումով: Արևելյան գործընկերության վերաբերյալ իր հռչակագրում Եվրամիության խորհուրդը հայտարարել է, որ “երկու կողմերի միջև համագործակցությունը պետք է հիմք հանդիսանա նոր Ասոցացման համաձայնագրերի համար, որոնք կկնքվեն ԵՄ-ի և այն գործընկերների միջև, որոնք բավարար առաջընթաց կցուցաբերեն 2-րդ հոդվածում ամրագրված սկզբունքների և արժեքների պահպանման բնագավառում, և ցանկանում են ու ի վիճակի են կատարել համաձայնագրի արդյունքում ստանձնած պարտավորությունները, այդ թվում նաև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը”: Արևելյան գործընկերների հետ հարաբերությունների այս նոր ձևաչափն ավելի շոշափելի քաղաքական ներգրավվածություն է ապահովում, ԵՄ-ի շուկա աստիճանական ինտեգրման, վիզաների ազատականացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորություն է ընձեռում:

Արևելյան գործընկերությունը մեկնարկել է 2009թ. Պրահայում կազմակերպված գագաթաժողովի շրջանակներում ԵՄ-ի և արևելաեվրոպական գործընկերների ջանքերով` աջակցելու համար քաղաքական, տնտեսական բարեփոխումների խթանմանն ու օգնելու տարածաշրջանի երկրներին առավել մոտենալու ԵՄ-ին: Դրա հիմքում ընկած է ընդհանուր հավատարմությունը միջազգային իրավունքին և հիմնարար արժեքներին` ներառյալ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումը, ինչպես նաև հավատարմությունը շուկայական տնտեսությանը, կայուն զարգացմանն ու լավ կառավարմանը: Չնայած յուրաքանչյուր երկիր ունի ԵՄ-ի հետ անհատական հարաբերություններ` Արևելյան գործընկերության հովանու ներքո ԵՄ-ն և իր գործընկերները բազմակողմ համագործակցության հետագա զարգացման հանձնառություն են ստանձնել` ներգրավելով բոլոր ԵՄ անդամ-երկրներին և գործընկեր երկրներին: Այս բազմակողմ ուղղության նպատակն է ամրապնդել և լրացնել երկկողմ ուղղությունն ու դյուրացնել ընդհանուր դիրքորոշումների և համատեղ գործունեության զարգացումը(1):

ԱլԳ առաջին գագաթաժողովը կայացել է 2009թ. մայիսի 7-ի Պրահայում։ Գագաթաժողովի արդյունքում ընդունված համատեղ հայտարարությամբ(2) ամրագրվել է, որ ԱլԳ երկրների ԵՄ-ի հետ հարաբերությունները կառուցվելու են դիֆերենցման և զարգացման առաջընթացով պայմանավորված լինելու սկզբունքներով։ Ամրագրվել է նաև, որ այն ուղղված է լինելու տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ու համագործակցության խորացմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Համաձայնություն է ձեռք բերվել Ասոցացման համաձայնագրերի կնքման ուղղությամբ համատեղ աշխատանք տանելու, ԵՄ-ի և գործընկեր երկրներ միջև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտիներ ստեղծելու, ինստիտուտների կառուցման ծրագրերի իրականացման, ինչպես նաև քաղաքացիների շարժունակության և անցագրային ռեժիմների վերացման համար աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։ Համաձայնություն է ձեռք բերվել նաև ամեն տարի կազմակերպել ԱլԳ ԱԳ նախարարների հանդիպումներ։ Սահմանվել են չորս պլատֆորմները, որոնց շրջանակներում պետք է ծավալվի ակտիվ համագործակցություն համապատասխան պաշտոնյաների միջև.

-ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն,

-տնտեսական ինտեգրում և ԵՄ ոլորտային քաղաքականության կոնվերգենցիա,

-էներգետիկ անվտանգություն,

-շփում մարդկանց միջև։

Հայաստանը Ասոցացման համաձայնագրի բանակցությունները ԵՄ-ի հետ սկսել է 2010 թ.-ի հուլիսի 19-ին: Բանակցող կողմերը հետևյալ սկզբունքներով են առաջնորդվում` համատեղ սեփականություն և ներգրավվածություն բոլոր գործընկերների համար, տարբերակում՝ հիմնված յուրաքանչյուր գործընկերոջ հստակ կարիքների և նպատակների վրա, և պայմանականություն՝ կապված համապատասխան քաղաքական, առևտրատնտեսական և տնտեսական չափանիշների կատարման հետ(3):

2012թ.-ին մեկնարկել են ՀՀ-ԵՄ բանակցությունները Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ: Այս, ինչպես նաև Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչպես նախատեսվում էր, ավարտվել են մինչև 2013թ. նոյեմբեր: 2013թ.-ի հուլիսի 24-ին ավարտվել են ՀՀ-ԵՄ միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները, իսկ հուլիսի 25-ին` ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնգարի շուրջ բանակցությունները: Նոյեմբերի 28-29 Վիլնյուսում կայանալիք ԱլԳ գագաթաժողովի ժամանակ ակնկալվում է Հայաստանի, ինչպես նաև ԱլԳ ևս մի քանի երկրների հետ Ասոցացման համաձայնագրերի ստորագրումը (կամ նախաստորագրումը:

Աղբյուրը՝ «Արմեդիա» ՏՎԳ

Կարող եք ծանոթանալ նաև ԵՄ արդիականացման գործընթացի՝ մինչ այժմ հրապարակված մասերին. ՄԱՍ 1, ՄԱՍ 2, ՄԱՍ 3, ՄԱՍ 4:

__________________

1.Տե՛ս Եվրոպական Հանձնաժողով, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքական հարցերով բարձր հանձնակատար, Արևելյան Գործընկերություն: Ճանապարհային քարտեզ` 2013 թ. Գագաթաժողովին ընդառաջ, Բրյուսել, 15.05.2012, ոչ պաշտոնական թարգմանություն “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ի կողմից:

2.Տե՛ս Joint Declaration of the Prague Eastern Partnership Summit, 07 May 2009. 8435/09 (Presse 78).

3.Տե՛ս European Friends of Armenia, “Ծանոթություն ԵՄ աջակցության և զարգացման ծրագրերին Հայաստանում”, Սեպտեմբեր 2011, 2-5 էջեր: