ԵՄ արդիականացման գործընթացը. ՄԱՍ 6

Եվրաինտեգրման գործընթացը, որը հռչակված է ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, մշտապես գտնվում է հայ հասարակության ուշադրության կենտրոնում: Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԱլԳ գագաթաժողովի ընթացքում սպասվում է ՀՀ-ԵՄ Ասոցացման ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի նախաստորագրումը, ակտիվ բանակցություններ են ընթանում տարբեր ոլորտների բարեփոխումների վերաբերյալ: Գործընթացների տրամաբանությունը և զարգացման դինամիկան խորքային պատկերացնելու համար, սակայն, բավական կարևոր է ուսումնասիրել ԵՄ ձևավորման և կայացման գործընթացը, դրա փուլերն ու առանձնահատկությունները:

Այդ նպատակով “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ տեղեկատվական գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ-ն ներկայացնում է ԵՄ արդիականացման գործընթացին նվիրված մի փաթեթ, որտեղ ներկայացված են ԵՄ ձևավորման, կայացման, ընդլայնման փուլերը, ԵՄ արտաքին քաղաքականությունն ու հարաբերությունները տարբեր՝ մասնավորապես Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրների հետ:

3.ԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

Ընդհանրապես ԵՄ արտաքին քաղաքականությունն ընդգրկում է համագործակցության բավական լայնածավալ շրջանակներ տարբեր տարածաշրջաններում: Այսպես, ԵՄ անդամ երկրներն աջակցում են Աֆրիկային տասնամյակի զարգացման նպատակներին հասնելու համար (Millenium Development Goals): Վերջին շրջանում Աֆրիկայում առաջընթաց է գրանցվել կառավարման ոլորտում, արձանագրվել է նաև տնտեսական աճ: 2005 թ.-ին ԵՄ համաձայնության է եկել բարձրացրել համախառն ազգային եկամուտի (ՀԱԵ) տրվող պաշտոնական օգնության չափը 0,56%-ով 2010 թ.-ին, իսկ 2015 թ.-ին այն կկազմի արդեն 0,7%: Մասնավորապես, տարեկան մոտ չորս միլիարդ եվրո հասանելի կլինի Սահարայի հարավային հատվածին: Այս հայեցակարգը հաստատվել է Եվրոպական խորհրդի կողմից 2005 թ.-ին1:

ԵՄ-ն նաև հատուկ քաղաքականություն է վարում նոր առաջացած սուբյեկտների նկատմամբ: Օրինակ` երբ 2011 թ.-ի հունվարին հանրաքվեից հետո հարավային Սուդանը հռչակվեց որպես անկախ պետություն, արդեն 2011 թ.-ի հուլիսի 9-ին ԵՄ-ն սկսեց կանոնավոր և համապարփակ քաղաքական երկխոսություն հաստատել Հարավային Սուդանի կառավարության հետ՝ նպատակ հետապնդելով անհրաժեշտ պայմանների իրականացման դեպքում ԵՄ պատվիրակություն բացել Յուբայում2:

ԵՄ-ն աջակցում է Հարավային Սուդանի` պետություն կառուցելու ջանքերին, պատրաստ է երկարաժամկետ համագործակցության` ստեղծելու կայուն, կենսունակ և բարեկեցիկ երկիր: 2010 թ. հուլիսի 12-ին, Խորհրդի N 2010/406/EU որոշմամբ հաստատեց 150 միլիոն եվրո ֆինանսական փաթեթ, որը նպատակ ուներ հոգալու Սուդանում առավել խոցելի բնակչության կարիքները: Այդ գումարի 85 մլն-ը նախատեսված է հատկացնել գյուղատնտեսության, կրթության, առողջապահության և օրենքի գերակայության ոլորտներին: Այս գումարի տրամադրումն արդեն իրականացման գործընթացի մեջ է 2011թ. դեկտեմբերի 15-ին Ամենամյա գործողությունների ծրագրի ընդունումից հետո:

Մեկ այլ ԵՄ համագործակցության օրինակ է Կարիբյան և Լատինական Ամերիկայի երկրների հետ համագործակցությունը, որն ուղղված է ամրապնդելու հարաբերությունները տվյալ երկրների հետ: ԵՄ և Կարիբյան երկրների համագործակցությունն ուղղված է զարգացմանը, աղքատության նվազեցմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքները հարգելուն և գլոբալ սպառնալիքների հաղթահարմանը, որոնք խոչընդոտում են խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը: ԵՄ հանձնաժողովը, ինչպես նշված է ԵՄ պաշտոնական կայքում, ցանկանում է ձևավորել քաղաքական համագործակցություն՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա` օգտվելու Կարիբյան տարածաշրջանի տնտեսական եւ բնապահպանական հնարավորություններից և խթանելու սոցիալական համախմբվածություն3:

Մեկ այլ տարածաշրջանային համագործակցության օրինակ է ԵՄ համագործակցությունը Չինաստանի հետ: ԵՄ-Չինաստան հարաբերությունները բարձրացվեցին քաղաքական նոր մակարդակի վրա 1998թ.-ից: ԵՄ-ն դիտարկում էր համագործակցությունն այս կարևոր ասիական երկրի հետ և՛ որպես կարևորագույն հնարավորություն (տնտեսական, առևտրային), և՛ որպես քաղաքական և ռազմավարական մարտահրավեր հետագա տարիների համար: Քաղաքական երկխոսությունը Չինաստանի հետ արդեն ամրապնդվել է արտաքին գործերի նախարարների, դեսպանների և բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով կանոնավոր հանդիպումների միջոցով: Կա նաև պայմանավորվածություն ընտրված խնդիրների վերաբերյալ փորձագիտական մակարդակով մշտական բանակցություններ անցկացնելու վերաբերյալ: ԵՄ-ն շարունակում է խրախուսել տնտեսական և սոցիալական բարեփոխումների գործընթացը Չինաստանում4:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ԵՄ-ն հարաբերություններ ունի Չինաստանի կողմից չճանաչված Թայվանի հետ: Հետաքրքրական է, որ մինչև 2003թ.-ը ԵՄ-ն Թայվանը դիտարկում էր որպես առանձին մաքսային տարածք, բայց ոչ ինքնիշխան պետություն: Իսկ 2003թ.-ից հետո ԵՄ-ն հետապնդում է “Մեկ Չինաստան” քաղաքականությունը և ճանաչում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը՝ որպես միակ իրավական կառավարություն: Այդ տարվանից ԵՄ-ն և Չինաստանը սկսում են համապարփակ ռազմավարական գործընկերությունը: Այնուամենայնիվ, ԵՄ կարևոր տնտեսական և առևտրային հարաբերություններ ունի Կղզու հետ (Թայվան անունը նշված չէ): Այսպիսով` Թայվանը դիտարկվում է ոչ թե իբրև “առանձին մաքսային տարածք”, այլ իբրև “տնտեսական և առևտրային սուբյեկտ”: Սա նշանակում է, որ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են կղզու հետ, բայց մյուս կողմից “տարածք” բառի փոխարինումը “սուբյեկտ” բառով կարելի է դիտարկել որպես ԵՄ-ի կողմից բարեկամական քայլ: Իսկ արդեն 2005թ.-ից ԵՄ-ն սահմանում է Թայվանի հետ հարաբերությունները հետևյալ կերպ.

“ԵՄ-ն, ինչպես և շատ այլ երկրների, հետևում է նաև “Մեկ Չինաստան” քաղաքականությանը և, այսպիսով, դիվանագիտական հարաբերություններ չունի Թայվանի հետ: Սակայն այն Թայվանի հետ ունի ամուր հարաբերություններ ոչ քաղաքական ոլորտներում՝ տնտեսական, գիտության, հետազոտության, կրթության և մշակույթի”5:

Թայվանը ԵՄ-ի 4-րդ խոշորագույն առևտրային գործընկերն է Ասիայում, իսկ ԵՄ-ն Թայվանի 4-րդ խոշորագույն շուկան է և նրա ամենամեծ օտարերկրյա ներդրումների աղբյուրը6:

ԵՄ արդիականացման գործընթացներն սկսվել են վաղուց՝ դեռևս “Քարածխի և պողպատի եվրոպական համայնքից”, երբ երկու հակամարտող կողմերը սկսեցին համագործակցել միմյանց հետ (Ֆրանսիա և Գերմանիա): Տնտեսական համագործակցությունը շահեկան դարձավ համայնքի անդամ երկրների համար: Եվ արդեն տասնամյակներ անց ստեղծվեց այս յուրահատուկ կառույցը, որ ներառում էր արդեն շատ ավելի ընդգրկուն ոլորտներ և ավելի շատ երկրներ: Շուտով այս կառույցն իր ուղղակի կամ անուղղակի ներկայությունը կարողացավ ապահովել ավելի շատ երկրներում և սկսեց համագործակցել նրանց հետ:

Այն գործընթացները, որ տեղի են ունեցել և շարունակում են տեղի ունենալ, ցույց են տալիս, որ ԵՄ-ն անընդհատ ենթարկվում է կերպափոխումների, շատ ավելի հստակ և ընդգրկուն են դառնում արտաքին քաղաքականության ծրագրերը: ԵՄ-ն շարունակում է ընդլայնվել` անկախ այն մարտահրավերներից, որոնք լրջորեն կարող են խարխլել ԵՄ տնտեսությունը, անվտանգությունը և կայունությունը: Այս ամենը չի նշանակում, որ այդ բոլոր մարտահրավերները չեն անդրադառնում Եվրոպական Միության վրա, ընդհակառակը` այս գործընթացները ստիպում եմ ԵՄ-ին ավելի մեծ ուշադրություն դարձնել իր ներքին խնդիրների լուծմանը: Բայց մյուս կողմից` եվրաինտեգրման գործընթացները շատ ավելի վաղուց են սկսվել, և որոշ երկրների պարագայում ինքնաբերաբար տանում են անդամակցության: Խորվաթիան դրա վկայությունն է:

ԵՄ-ի տարաբնույթ համագործակցությունը տարբեր տարածաշրջանների հետ նաև թույլ է տվել ավելի ընկալելի և թափանցիկ դարձնել մասնավորապես իր հարևանությամբ գտնվող երկրներում տեղի ունեցող գործընթացները (Արևելյան Եվրոպա, Հարավային Կովկաս): Այս հանգամանքը թույլ է տալիս մշակել կոնկրետ ծրագրեր` ելնելով տվյալ երկրի կարիքներից ևս, որը, իհարկե, ընտրված ձևաչափը դարձնում է շատ ավելի արդյունավետ: ԵՄ-ն ուշադրություն է հատկացնում նաև նոր ձևավորվող սուբյեկտներին (Հարավային Սուդան): Այս համագործակցությունը, անշուշտ, բխում է ԵՄ շահերից, որոնք նաև արտացոլված են ռազմավարական փաստաթղթում: Այսպես, ԵՄ-ն խուսափում է տարածաշրջանային հակամարտություններում ներգրավվումից, որոնք կարող են անմիջական ազդեցություն ունենալ ԵՄ անվտանգության վրա, և միաժամանակ իր աջակցությունն է տրամադրում ճգնաժամային տարածաշրջաններում վստահության և կայունության ապահովման և խնդիրների հաղթահարման համար: Բնականաբար, ԵՄ-ն հետապնդում է նաև այլ շահեր` տնտեսական, էներգետիկ, առևտրային, քաղաքական:

Աղբյուրը՝ «Արմեդիա» ՏՎԳ

Կարող եք ծանոթանալ նաև ԵՄ արդիականացման գործընթացի՝ մինչ այժմ հրապարակված մասերին. ՄԱՍ 1, ՄԱՍ 2, ՄԱՍ 3, ՄԱՍ 4, ՄԱՍ 5:

__________________

1.Տե՛ս EU website, EU Strategy for Africa

2.Տե՛ս European Commision website, South Sudan

3.Տե՛ս EU website, An EU-Caribbean partnership for growth, stability and development

4.Տե՛ս EU website, EU Strategy towards China.

5.Տե՛ս Tang Shaocheng, Eu’s Policy towards Taiwna/ China and the Issue of Arms Embargo, Institute of International Relations, Taiwan, 2005.

6.Տե՛ս European Union, External Action website, EU and Taiwan.