ԵԱՀԿ ԽՎ նախագահ՝ մենք դիտորդներ չենք ունենա Ադրբեջանում

ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը վերջնական որոշում է ընդունել դիտորդական առաքելություն չուղարկել Ադրբեջան` հոկտեմբերին կայանալիք ընտրությունների ժամանակ, գրում է ԵԱՀԿ ԽՎ կայքը: Նրա պնդմամբ, իր այս որոշումը կապված է նրա հետ, որ Ադրբեջանում կայանալիք ընտրությունների ժամկետները համընկնում են Վեհաժողովի` Բուդվայում անցկացվելիք աշնանային նստաշրջանի հետ: Նա նշել է, որ ունի հարուստ փորձ ընտրությունների դիտորդական առաքելություններ իրականացնելու գործում, և ինքը նման առաքելություններ է իրականացրել միայն բացառիկ հանգամանքների առկայության դեպքում:

Այդուհանդերձ, ուշագրավ է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն կուղարկի դիտորդական առաքելություն Վրաստան հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ, որը տեղի է ունենալու Բուդվայից երկու շաբաթ անց:

Այսպիսով, արդեն պարզ դարձավ, որ ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդական առաքելություն չի իրականացնելու Ադրբեջանում, ավելին, Ադրբեջանը դեռևս դիտորդական առաքելություն ուղարկելու խնդրանքով չի դիմել ԵԱՀԿ ԺՄՀԻԳ-ին, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ այդ երկրի իշխանությունները անում են ամեն հնարավորն ընտրություններին միջազգային դիտորդների ներկայության հավանականությունը փոքրացնելու և իրենց հանդեպ միջազգային վերահսկողությունը սահմանափակելու ուղղությամբ:

 Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ